Օրեր առաջ համացանցում հայտնվեց մի ձայնագրություն՝ «Սլոն: Գայանե Պողոսյանի ակնարկը կարդում էր Նիկոլայ Եղիազարյանը» վերտառությամբ: Զինվորական լրագրող Գայանե Պողոսյանը ընթերցողին հայտնի է իր գեղարվեստական վավերագրությամբ, սպաների, զինվորների, իսկ վերջին շրջանում՝ նաև Ապրիլյան մարտական գործողությունների մասին պատմող ակնարկներով, բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաև մշակույթ-բանակ առնչությունների համատեքստում՝ հայ հռչակավոր մտավորականների ու արվեստագետների հետ հարյուրավոր հարցազրույցներով: Համացանցում տեսնելով վերոհիշյալ ձայնագրությունը, մտածեցի, որ Սլոն Ապրիլյան պատերազմի`ժամանակ հայրենի հողը պաշտպանած հերոսներից մեկն է կամ սահմանապահ զինվոր: Սակայն ձայնագրության առաջին իսկ բառերը՝ դերասան Նիկոլայ Եղիազարյանի սրտառուչ, դրամատիկ,բայց և զուսպ ու հուզական ձայնով, այլ շարունակություն էին ենթադրում:
Պատումը Գայանե Պողոսյանի մանկության տարիներից վերցված իրապատում-հուշ էր որբ տղայի, սիրո, քնքշանքի, ջերմության պակասից ծնվող մարդկային ցավի ու անտարբերության մասին: Գլյուկի հոգեպարար երաժշտության ֆոնին, դերասան Նիկոլայ Եղիազարյանի բարձրարվեստ խոսքով զուգորդված՝ որբ տղայի մասին փոքրիկ պատմությունը բառացիորեն ալեկոծեց համացանցը: Հարյուրավոր մարդիկ` հռչակավոր ու անհայտ, մտավորական ու բանվոր, արվեստագետ ու շինական, տարբեր խավի ու տարիքի, երախտագիտության ու դրվատանքի խոսքեր չխնայեցին՝ Գայանե Պողոսյանին ու Նիկոլայ Եղիազարյանին ուղղված հրապարակային ու մասնավոր նամակներում: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը գրեց. «Ինչ լավ է, որ տաղանդավոր գիրը տաղանդավորն է մատուցում: Բառերը կենդանացած թռչկոտում են, շնչավորում են շուրջդ ու չեն թողնում, որ գորշության ծփանքը ավերի մեզ…
Գայանե ջան,Նիկոլայ ջան, կեցցեք: Գայանե ջան, շնորհակալ եմ հրաշալի պատումներիդ գեղարվեստականությունը վայելելու և երևույթների մարդկային խոր զգացողություններին հաղորդակից դառնալու համար»: Երգչուհի Հասմիկ Պապյանը նույնպես հրապարակավ հայտնեց իր կարծիքը. «Անչափ հուզիչ էր, չդիմանալու աստիճան: Շնորհավորում եմ հրաշալի գործ ստեղծողին` սիրելի Գայանե Պողոսյանին, և այն «շնչավորած» Նիկոլայ Եղիազարյանին»: Բանաստեղծ Ռոլանդ Շառոյանի կարծիքը նույնպես դրական էր. «Հրաշալի ակնարկ էր, պատմվածք – իրապատում էր: Ամենագիր էր: Գայանե ջան, շատ լավն էր, ապրես՝ լեզվիդ շքերթի հետ միասին»: Ակնարկի մասին գեղեցիկ խոսքեր գրեցին նկարիչներ Հրանտ Թադևոսյանը, Սամվել Սևադան և այլ արվեստագետներ… Ո՞վ էր Սլոն: Ինչու՞ այդպես հուզեց մարդկանց: Սլոն գյուղի որբն էր: Մարդիկ նրան շոր, կոշիկ, ուտելիք էին տալիս՝ համոզված, որ կատարում են իրենց հոգու պարտքը որբի հանդեպ: Բայց Սլոն, ինչպես պարզվում է հետագայում, ավուր հացից բացի ու ավուր հացից շատ էլի ինչ-որ բանի կարիք ուներ: Տղան փոքր-ինչ տարօրինակ էր, ու հասակակից տղաները երբեմն խաղում էին նրա հոգու հետ: Արտաքուստ անմեղ թվացող կատակներ էին…
Բայց մի օր (ոչ ոք չնկատեց, թե ինչպես) Սլոյի բռի մեջ քար հայտնվեց: Մի օր պարզվեց, որ Սլոն միշտ բռի մեջ քար է պահում, որ առիթի դեպքում նետի իրեն նեղացնողների վրա: Սլոյի բռի քարը նրան ավելի հեռացրեց մարդկանցից: Ու որքան հեռացրեց, այնքան նա ավելի ամուր սեղմեց քարը բռի մեջ: …Այնուամենայնիվ մարդը մարդու կարիք ունի: Մարդը սիրվելու, ջերմության, քնքշանքի չմեռնող հույս ունի: Ու քարը բռի մեջ՝ Սլոն հաճախ միանում էր գյուղամիջում հավաքված մարդկանց, նստում նրանց կողքին: Նույնիսկ ծիծաղում էր, երբ մարդկանց սիրտը նորություն էր ուզում ու, Սլոյին թողած, սկսում էին իրար հետ կատակներ անել: Սլոն ծիծաղում էր՝ քարը բռան մեջ: …Սլոն պիտի մի օր վայր դներ քարը. մարդը չի կարող ամբողջ կյանքում քարը բռի մեջ ապրել: Բայց հանգուցալուծումը ողբերգական էր ու ցնցող: …Աշնանային մի տաք կեսօր, երբ Սլոն նորից սիրտ էր արել մոտենալ մարդկանց, տղաներից մեկը թաքուն այրեց նրա կոստյումը: Մարդիկ հռհռոցով, հարայ-հրոցով կրակը արագ հանգցրին: … Սլոն այս անգամ քարը չնետեց մարդկանց վրա և ետ-ետ նայելով չվազեց իր փոքրիկ խրճիթը: Նստեց գյուղամիջյան քարին և փորձեց ձեռքով հարթել կոստյումի այրված հատվածը: …Չհարթվեց:
Վիրավորանքն ու ցավը հաղթեցին, հույսը լքեց: Ու րոպեներ անց տղան իրեն նետեց զառիթափից իջնող բեռնատարի անիվների տակ: Նա մահացավ հիվանդանոցում: «Ասում են՝ երբ բժիշկը համբուրել էր Սլոի ճակատը, տղան աննկատ ձեռքի քարը դրել էր սեղանին»՝ սա պատումի ավարտն է: Ինչո՞ւ մշտապես սահման պահող սպայի ու զինվորի սխրանքի, հաղթական կռվի մասին գրող, ուժ ու քաջություն քարոզ զինվորական լրագրողը տասնյակ տարիներ անց որոշեց մանկության գզրոցներից հանել այս տխուր հուշը: Ինչպե՞ս ծնվեց ձայնագրությունը՝ լրագրողի և դերասանի համագործակցությունը: Ինչո՞ւ որբ տղայի պատմությունից սիրո, ջերմության, գթասրտության, քնքշանքի այսպիսի տաք ալիք անցավ համացանցով…Այս հարցերի պատասխանները լսելու համար զրուցեցի լրագրող Գայանե Պողոսյանի և դերասան Նիկոլայ Եղիազարյանի հետ: -Սլոյի մասին այս պատմությունը մանկության տարիներից ապրում է իմ մեջ, – ասաց Գայանե Պողոսյանը,- Ու մի օր էլ որոշեցի Սլոյի մասին պատմել մարդկանց: Ես վստահ էի, որ այն հուզելու է, որ Սլոյի կերպարը դառնալու է սիրելի ու հարազատ: Մարդկանց հոգում սեր, կարեկցանք, ազնվություն ու ջերմություն է սփռելու: Այս պատմությունը արդիական է ու հուզելու է այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկը քարը բռի մեջ է ապրում Աստծո պատկերով արարվածների կողքին: Ես պատմեցի այս պատմությունը, որպեսզի մենք ավելի ուշադիր նայենք մեր շուրջը ու ժամանակին նվիրենք այն համբույրը, որը կդառնա հավատի խարիսխ ու կփրկի ինչ-որ մեկի կյանքը: Ինչ վերաբերում է դերասան Նիկոլայ Եղիազարյանի հետ համագործակցությանը, միանգամից ասեմ, որ նրա ասմունքն ու արձակ գործերի ընթերցանությունը շահեկանորեն տարբերվում է համացանցը ողողած զգայացունց, ծորուն ձայնավորներով պաթոսախեղդ կամ լացակումած գեղգեղանքից: Նրա խոսքի հույզերը զուսպ են, արտասանությունը՝ հստակ ու ճիշտ, ձայնը գեղեցիկ է ու տարողունակ: Նա պարզապես պատմում է՝ զգալով բառի յուրաքանչյուր թրթիռը՝ առանց ունկնդրին հուզելու ջանքի, առանց արցունք կորզելու ճիգի: Ու երբ Նիկոլայ Եղիազարյանը առաջարկեց կարդալ «Սլոն», ես մեծ սիրով համաձայնեցի:
Նրա աշխատանքը ինձ շատ դուր եկավ, իմ բոլոր սպասելիքներն արդարացան: Նիկոլայ Եղիազարյանը ազնվորե՛ն հուզեց լսարանը: Ես զրուցեցի նաև Նիկոլայ Եղիազարյանի հետ՝ իմանալու «Սլոն» վերտառությամբ իրապատումի նրա մեկնաբանությունը, նրա մեսիջը ունկնդրին ու սպասելիքները լսարանից: Դերասանը խոսքը անկեղծ էր ու հուզիչ: – Ակնարկը կարդալու ընթացքում պահ առ պահ Սլոյի կերպարը ուվագծվեց ու գույներ առավ; Ասես մի տաղանդավոր նկարիչ տղայի կերպարը վարժ ու հմուտ իմ աչքի առաջ գծում էր կտավին: Հետո Սլոն իր ավարտուն ողբերգականությամբ կանգնեց իմ առաջ: Ես տեսա նրան ու սիրեցի: Շատ սիրեցի: Սիրո, ջերմության, մտերմության նրա անբառ աղերսը տակնուվրա արեց հոգիս: Նրա անպաշտպան ու հպարտ խեղճությունը: Գայանե Պողոսյանի զուսպ, բայց ներքին ցավով համակված պատումը էլ ավելի էր սրում հույզերս: Ոչ մի գնահատական, ոչ մի խղճահարույց բառ չկա ակնարկի մեջ, բայց դու ակամա մեծ ցավի ու լուռ նախատինքի սեփականատերն ես դառնում: Ես փորձեցի պատումի զուսպ դրամատիզմին հավատարիմ մնալ իմ ընթերցանության մեջ: Ու կարծես թե հաջողեցի:Ես երջանիկ եմ, որ լսարանը սիրեց իմ ու Գայանեի աշխատանքը, բայց երջանիկ եմ ոչ թե մեզ համար, այլ այն հազարավոր մարդկանց, որոնց հոգում, պարզվեց, սիրո, կարեկցանքի տաք անկյուն կա որբի համար: Ես ուրախ եմ քարը բռի մեջ ապրող այն մարդկանց համար, որոնց ճակատը կհամբուրեն…ժամանակին-չուշացած:
Հանրապետության լավագույն արվեստագետները, իրենց բնագավառի առաջին դեմքերը՝ բանաստեղծներ, երաժիշտներ, նկարիչներ, դերասաններ, գրողներ, շատ բարձր կարծիք հայտնեցի Իմ ու Գայանեի աշխատանքի մասին, բայց ես ուզում եմ մեջբերել մի հասարակ քաղաքացու կարծիք. «Մարդը` քարը բռի մեջ, ու նրան փրկելու նետված գրողն ու դերասանը…Դուք էս անգամ ուշացաք, պարտվեցիք: Բայց Ձեր հաղթանակն ավելի հզոր է: Դուք փրկեցիք հազարավորներին, որոնք քարը բռի մեջ են ապրում: Որոնց ճակատը գուցե համբուրեն այս ակնարկը լսելուց հետ: Ու համբուրեն չուշացած: Շնորհակալություն»: Սլոն առիթ էր, որ ես ծանոթանամ Գայանեի գործերին ու բացահայտեմ գեղարվեստական փայլուն լրագրության նրա մեծ ժառանգությունը՝ ակնարկ – պատմվածքներ, հուշագրություն-հարցազրույցներ հայ ամենաերևելի արվեստագետների հետ: Ես բանաստեղծ Սամվել Եղիազարյանի եղբորորդին եմ, ինձ շատ սրտամոտ են հորեղբորս բանաստեղծությունները, և ասմունքի ասպարեզում առաջին քայլերս արել եմ նրա պոեզիան մարդկանց ներկայացնելու համար: Բայց այժմ նոր մտահղացում է ծնվել. ես պարբերաբար կընթերցեմ հատվածներ Գայանե Պողոսյանի՝ հայ մեծ մտավորականների հետ զրույցներից ու կներկայացնեմ սահմանապահ զինվորների, սպաների ու ապրիլյան կռվի հերոսների մասին պատմող՝ Գայանեի ակնարկները: Արդեն պատրաստ է ժողովրդական Նկարիչ Հրանտ Թադևոսյանի հոգեթով հուշերը ներկայացնող ընթերցումը: Այդ շարքը կունենա ճանաչողական, դաստիարակչական ու գեղագիտական մեծ ներուժ և անպայման կհետաքրքրի լայն լսարանի: ….Ինձ մնում է հաջողություն մաղթել լրագրող Գայանե Պողոսյանին ու դերասան Նիկոլայ Եղիազարյանին՝ իրենց կարևոր ու գեղեցիկ նախաձեռնությունները իրականացնելու ճանապարհին:
Հայկ Մագոյան