Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր ներկայացրեց, թե Երեւանի քաղաքապետարանը բազմաբնակարան շենքերի վերելակները փոխելու ուղղությամբ ինչ է ծրագրել: Պարոն Սարգսյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքում պարզել են,որ 200 վերելակի ժամկետ վաղուց սպառված է, եւ 15 տարի առաջ դրանք պետք է փոխված լինեին: Սակայն դրանք ոչ միայն չեն փոխարինվել նորերով, դեռ մի բան էլ բնակիչների կյանքին ու առողջությանը վտանգ ներկայացնելով՝շահագործվել են:
2012 թվականից մինչեւ 2018 թվականը հին վերելակների շահագործումից մահացել է 6 մարդ, վնասվածքներ ստացել 5-ը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ վերելակները պետք է փոխվեն բնակիչների միջոցներով, ինչպես որ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը,ինչը դժգոհությունների տեղիք է տվել, ապա, պարոն Սարգսյանը նշում է, որ բնակչին մատուցվող ցանկացած ծառայության համար էլ բնակիչն է վճարում: Նույնն է շենքերի մուտքերը, տանիքները վերանորոգելու, տրանսպորտը բարելավելու եւ այլ խնդիրներ լուծելու պարագայում:
Հայկ Սարգսյանն ասաց,որ քաղաքապետարանի կողմից մշակված ծրագիրը շուտով կգնա կառավարություն: Ըստ փոխքաղաքապետի՝ խոսքը գնում է ավելի քան 30 մլրդ դրամի մասին. «Մինչեւ 3000 վերելակների տոտալ փոխարինման ֆոնդն է սա: Երեւանի բյուջեն 31 մլրդ է: Եթե այս ծրագիրն իրականացնենք, բյուջեով այլ բյուջետային ծրագիր պետք է չիրականացնենք»:
Պարոն Սարգսյանի խոսքով՝ վերելակը փոխելու դեպքում բնակչի վրա վերելակի համար վճարվող գումարը կավելանա 20-30 տոկոսով: Փոխքաղաքապետի հաշվարկներով՝ ամեն մի վերելակ կարժենա 10 միլիոն դրամից ոչ պակաս, բայց այդ գումարները պետք է մարվեն 25 տարվա ընթացքում: Այսինքն՝ եթե միջին հաշվարկով յուրաքանչյուր բնակչից այսօր գանձվում է 1600 դրամ,ապա դրան կգումարվի 20-30 տոկոս:
Կարդացեք նաև
Հայկ Սարգսյանի խոսքով, սակայն կարվի այնպես, որ ֆինանսական բեռը հնարավորինս մեղմ լինի:
Հայկ Սարգսյանն ասաց, որ այսօր արդեն քաղաքապետը հանձնարարական է տվել` վերելակների նախնական պիլոտային փոխարինման համար: 1100 վերելակների տեխնիկական գնահատում է իրականացվել, որոնց թվում 31 վերելակ ենթակա չէ շահագործման:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ