Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերնանդ Էտգենն. Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար, և Լյուքսեմբուրգը պատրաստ է սերտորեն համագործակցել ու ընդլայնել կապերը տարբեր ուղղություններով

Մայիս 13,2019 17:41

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի Պատգամավորների պալատ: Վարչապետին դիմավորել է Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենը: Նիկոլ Փաշինյանը նախ գրառում է կատարել Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում», որից հետո հանդիպում ունեցել պալատի պատգամավորների հետ, որոնց թվում են եղել Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահներ Կլոդ Վայսլերը, Անրի Քոքսը, Պատգամավորների պալատի արտաքին ու եվրոպական համագործակցության, ներգաղթի ու ապաստանի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարկ Անժելը:

Ֆերնանդ Էտգենը ողջունել է վարչապետին խորհրդարանում և վստահություն հայտնել, որ նրա այցը Լյուքսեմբուրգ կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնել ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցած գործընթացները` ընդգծելով, որ Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է, և մեր երկիրը շարժվելու է միայն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ճանապարհով: «Մեր կառավարությունը, քաղաքական թիմը հաստատակամորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով: Վստահ ենք, որ համապատասխան քայլերի արդյունքում մեր ժողովուրդն ինտեգրվելու է ժողովրդավարական արժեհամակարգին հավատարիմ միջազգային հանրությանը: Քաղաքական հեղափոխությանը հաջորդող պրոցեսները միտված են այդ նպատակին և համոզված ենք, որ մենք կհասնենք հաջողությունների», – նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսականը, ու այդ նպատակով երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր, այդ թվում` մենաշնորհների դեմ պայքարի, տարբեր ուղղություններով խորքային բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը և հայ-լյուքսեմբուրգյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումն ու խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի և կարևորել խորհրդարանական շփումների ակտիվացումը։ Ֆերնանդ Էտգենն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար, և իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ու ընդլայնել կապերը տարբեր ուղղություններով:

ՀՀ վարչապետը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո նոր փուլ է մտել: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին այդ համաձայնագիրը վավերացնելու համար և ընդգծել հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ անդամ մյուս երկրների կողմից համաձայնագրի վավերացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լյուքսեմբուրգյան փոխգործակցության հետագա ընդլայնման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և կառավարության առաջնահերթություններին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգին ԼՂ հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆենանդ Էտգենին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը:

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանտ Էնտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրվել է ճաշ:

 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031