ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագիտության բաժինն այսօր կազմակերպել էր բաց դասախոսություն «Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը Բաքվում և դրանց լուսաբանելու խնդիրը ժամանակակից աշխարհում» թեմայով:
Դասախոսությունը կարդաց ամերիկահայ գրող, մարդու իրավունքների պաշտպան և ակտիվիստ Աննա Աստվածատուրյան Թերքոթը: Նա «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» գրքի հեղինակն է: Գիրքը հիմնված է նրա՝ մանուկ ժամանակ վարած օրագրի հիշողությունների վրա, որտեղ պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը Բաքվում առերեսվել է ազգային հողի վրա բռնությանը և բնաջնջմանը:
ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը ողջունեց և ներկայացրեց հյուրին։ Նա պատմեց իրենց առաջին հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Աննա Աստվածատուրյան Թերքոթի գրքի շնորհանդեսի ժամանակ։
Նա ակտիվորեն հանրայնացնում է Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված հանցանքները՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի շրջանակում, ինչպես նաև պայքարում է հայերի քաղաքական իրավունքների համար՝ Լեռնային Ղարաբաղում ինքնավարություն հաստատելու գործում:
Կարդացեք նաև
Մեծ է նրա ներդրումը 2013 թվականին Մեն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։
Աննա Աստվածատուրյան Թերքոթը նշեց, որ Սփյուռքում, իհարկե, խոսվում է սումգայիթյան ոճիրների մասին, սակայն դա բավարար չէ։ Ըստ բանախոսի՝ Սումգայիթը սկիզբն էր այն ոճիրների, որ իրականացրեց Ադրբեջանը։
«Ես երեխա էի, շատ հարցեր էի տալիս, և տատիկս խորհուրդ տվեց օրագիր պահել։ Մեծ տարիքում պարզ դարձավ, որ այդ գրառումները եզակի են։ Ես հրատարակեցի իմ օրագիրը՝ հիշատակի տուրք մատուցելով զոհերին»,- ասաց Աննա Աստվածատուրյան Թերքոթը:
Նա նշեց, որ Արցախն իր ուշադրության կենտրոնում է. «Այնպես է ստացվել, որ Սփյուռքում ես մենակ եմ այդ խնդրի հետ։ ԱՄՆ-ում Բաքվի հայերը վախենում են լինել ակտիվ, շատերը զարմանում են իրենց իսկ ձայնի ուժգնության վրա»:
Աննա Աստվածատուրյան Թերքոթը պատմեց, որ պարբերաբար ստանում է սպառնալիքներ ադրբեջանցիների, ինչպես նաև բողոքներ հայերի ու սփյուռքահայերի կողմից. «Բաքվի հայերի ակնկալիքները երևի այն են, որ ես օգնեմ նրանց փոխհատուցում ստանալու հարցում, բայց դա ահռելի և բարդ գործ է»։
Ըստ բանախոսի՝ նա դիմել է ԱՄՆ-ում, Հայաստանում, Սփյուռքում գործող հայկական կազմակերպություններին՝ պարզելու, թե ինչպես են նրանք պատրաստվում հիշատակել Բաքվի ջարդերի 30 տարին: Ցավոք, ոչ ոք նրա հարցմանը չի արձագանքել:
«Մենք պետք է ամեն հնարավորություն օգտագործենք՝ պահելու Բաքվի ջարդերի և Արցախի իրադարձությունների միջև կապը»,- ասաց Աննա Աստվածատուրյան Թերքոթը:
Նա նշեց, որ այժմ ներգրավված է մի շարք մարդասիրական ծրագրերում, քաղաքի խորհրդի անդամ է, հանրային ծառայող։
Նա պատմեց, որ Թալինում Բաքվի զոհերի հիշատակին նվիրված ծառատունկին մասնակցել են հազարավոր մարդիկ, անգամ նրանք, ովքեր տեղյակ չէին պատմության այդ դրվագներից:
Աննա Աստվածատուրյան Թերքոթը խոսեց նաև Արցախում իրականացվող իր ծրագրերի մասին: Դրանք երկուսն են՝ ջրի մատակարարում ջրի խնդիր ունեցող զորամասեր և արտակարգ իրավիճակներում դեղորայքի մատակարարում։
Քննարկման ժամանակ խոսվեց այն մասին, որ մեծ ջանք է ներդրվում Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի ջարդերը հանրայնացնելու համար։ Կարևորվեց այս հարցում համատեղ գործունեությունն ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակներում։ Բանախոսը խոսեց նաև Սփյուռքի մեծ և տարասեռ լինելու մասին, ինչը մասամբ խոչընդոտում է Սփյուռքի հստակ դիրքորոշման ձևավորմանը:
ԵՊՀ