«Ես նայել ու լսել եմ իմ կոլեգա մի քանի նախարարներին տրված հարցերի պատասխանը՝ առողջապահության ոլորտում կոռուպցիա չկա կամ՝ մենք բացառում ենք, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա: Ես չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա, բայց հաճախ նաեւ բնութագրում եմ էդ տերմինի իմաստը՝ եթե մենք խոսում ենք ապօրինի եկամուտների մասին՝ բուժհաստատություններում վերցվող, ապա դա կա: Ես ինքս դա չեմ համարում կոռուպցիա, համարում եմ ապօրինի եկամուտ, որը չպետք է լինի, բայց ամեն դեպքում դա ապօրինի եկամուտ է, որը բժիշկը հայցում է պացիենտից, պացիենտի բարեկամից եւ այլն»,- այսօր այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող ասուլիսում:
Իսկ նախարարությունում կամ պետական ապարատում կոռուպցիայի մասին Թորոսյանն ասաց՝ «Եթե խոսքը պետական ապարատում կոռուպցիայի մասին է, ապա մենք անում ենք ամեն ինչ, որ դա չլինի: Մեր նախարարության վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ 100% չի հաջողվել, բայց մեր քայլերը միայն այդ ուղղությամբ են»:
Նախարարի բացատրմամբ՝ նախարարությունը որպես փող բաժանող չպիտի լինի, այսինքն՝ պետպատվերի բաշխման գործառույթ չպետք է ունենա.«Մենք չպետք է փող բաժանենք, հիմա բաժանում ենք, դժբախտաբար»։
Ըստ Թորոսյանի, ապահովագրության ներդրման շնորհիվ, երբ կլինի հետվճարային համակարգը, երբ բուժհաստատությունները կվճարվեն իրենց ծառայությունների դիմաց, այդ պարագայում մարդկային գործոնը առավելագույնս նվազ կլինի, հետեւաբար նաեւ՝ ռիսկերը:
Կարդացեք նաև
«Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով՝ կանխարգելում եւ համակարգերի ներդրման միջոցով եւ պատժում, երբ դեպքերն արձանագրվում են: Մենք չենք սպասում, որ դեպք լինի պատժենք՝ կանխարգելենք: Համակարգեր ենք ներդնում, օրինակ՝ այս տարվա պետպատվերի բաշխման տակ բավական տրամաբանություն է դրվել՝ պացիենտների քանակ, աշխարհագրական դիրք, համահարթեցում, ու բազմաթիվ մարդիկ դժգոհ են սրանից, որովհետեւ իրենք անհիմն շատ են փող ստացած եղել: Օրինակ՝ նույն սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժհիմնարկը անհիմն շատ է ստացել, նույն պերինատալոգիայի կենտրոնը»: Նախարարն ասաց, որ այսպիսի նույնանման կենտրոնների միջեւ համահարթեցում են կատարել՝ նույն ծավալի ծառայություններ մատուցող, նույն ծավալի մահճակալների քանակով ու բժշկական ներուժով բուժհաստատությունների միջեւ:
Նախարարը վստահեցրեց՝ 230 հազար անձի համար բարելավված պետպատվերի փաթեթ ունեն, այսինքն՝ ծառայությունների գներն այնպես են բաշխված, որ բուժհիմնարկը կարող է բժշկին լավ վարձատրել, եւ բժիշկը կարիք չի ունենալու հիվանդից հավելյալ գումար վերցնելու: Թորոսյանն ասաց, որ եկող տարի եւս նախատեսում են նույնկերպ բաշխել գումարները. «Մենք բժիշկներ ունենք նաեւ Երեւանում, այդ թվում առաջնային օղակում մաքուր 300-400 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Գյուղերում ավելի շատ ունենք: Հիմա սկսելու ենք ուշադրություն դարձնել հիվանդանոցային օղակին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ