Լրահոս
Օրվա լրահոսը

Հակածխախոտային նոր օրենքը պատրաստ է. նախարարը  հույս ունի, որ այն միաձայն կընդունվի

Մայիս 13,2019 16:43

«Նոր կառավարությունում, որը կառուցվածքային փոփոխություններից հետո կձեւավորվի, ծխում է 20%-ը, ընդամենը 3 հոգի, ինչը լավ ցուցանիշ է»,-այսօր այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ իր 1 տարվա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսում: Նրա խոսքերով՝ «Եթե մենք կարողանանք ազգովի հասնել այդ ցուցանիշին, մենք ազգովի շատ, շատ, շատ ավելի առողջ կլինենք»:

Թորոսյանի ներկայացմամբ՝ հակածխախոտային միջոցառումներն ուղղված են ոչ միայն այսօրվա ծխողներին չծխող դարձնելուն, այլեւ ավելի շատ ապագա ծխողներին չծխող դարձնելուն.«Եվ ուղղված են հիմնականում դեռահասներին եւ երեխաներին, որպեսզի նրանք չսկսեն ծխել: Ճիշտ է, ծխելը թողնելն իրականում շատ հեշտ է, մարդիկ որ ուզում են՝ կարողանում են արագ թողնել, պարզապես ցանկություն է պետք: Բայց շատ ավելի հեշտ է չսկսելը այդ վատ սովորությունը»:

Նա ասաց, որ այսօր կառավարությունում քննարկվելու է հակածխախոտային օրենքի փաթեթը.«Եթե ամեն ինչ բարեհաջող լինի՝ կառավարության հաջորդ նիստին կընդունվի եւ կուղարկվի ԱԺ: Եթե կլինեն խնդիրներ՝ գուցե նորից վերամշակվի, որովհետեւ բավական լայն գործողություններ ընդգրկող նախագիծ է: Չենք ուզում հավելյալ արհեստական ճնշումներ գործադրենք: Ուզում ենք, որ բոլորը հասկանալով գնան դրան: Ես հույս ունեմ, որ Ազգային ժողով գնալուց հետո օրենքը նույնիսկ միաձայն կանցնի, որովհետեւ չկա որեւէ փաստարկ, որ այդ օրենքը չպետք է լինի: Դրա դեմ տնտեսական, առողջապահական, իրավական փաստարկ չկա, որ մենք չպետք է ունենանք ավելի առողջ ազգաբնակչություն»:

Նախարարը պատրաստ է փաստարկներ բերել, թե՝ իր խոսքերով ասած՝ որքան օգտակար են տնտեսության համար մաքուր օդով սրճարանները, որքան օգտակար է տնտեսության համար ծխախոտի գինը բարձրացնելը, որքան օգտակար է տնտեսության համար ավելի քիչ սիրտ-անոթային հիվանդություններով կամ թոքի քաղցկեղով հիվանդներ ունենալը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031