-Մենք չենք խնդրում` մենք պահանջում ենք, որ նոր կառավարությունը, որին մենք ենք ընտրել, զբաղվի այս հարցով. երեխաներն են մեր վաղվա ապագան :
Այսօր` Նոր Նորքի Մոլդովական 1 հասցեում բնակվող երեխաների ծնողները բողոքում էին խաղահրապարակից, որը գրեթե գոյություն չունի: Ժանգոտած անսարք ճոճանակներ, սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակ և ուրիշ այլ խնդիրներ:
-Մենք երեք կարևոր խնդիր ունենք: Առաջինը` ճոճանակներն են, որոնք ոչ միայն երկաթից են, այլև` ժանգոտած և անսարք, երկրորդը` սանիտարահիգիենիկ վատ վիճակն է: Յուրաքանչյուրս մեր բալիկին խաղահրապարակ թողնելուց առաջ զննում ենք տեղանքը , մաքրում, նոր միայն թողնում, որ խաղան: Այստեղից բազմիցս օգտագործված պիպետկաներ, ասեղներ ու շպրիցներ ենք գտել: Չեն մաքրում, որովհետև ոչ բետոն է, ոչ`ասֆալտ, ոչ էլ` գազոն: Երրորդ կարևոր խնդիրն էլ ցանկապատն է, որը բացակայում է: Եթե ծնողը մի վայրկյան վրիպի, Աստված գիտի` երեխան ուր կհայտնվի. էստեղ դիք է ու միանգամից Գայի մեծ պողոտան:
Բողոքին միացավ նաև Ռուզիկ տատը.
Կարդացեք նաև
-Ես երկրորդ հարկում եմ ապրում, ու իմ հիվանդությունները էս ժանգոտած երկաթների ձայնից են, հաստատ եմ ասում:
Բնակիչներն ավելացրին, որ հրապարակումն իրենց օգտին չծառայելու դեպքում ` նամակ կգրեն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Քրիստինե Գրիգորյան