Լրահոս
Օրվա լրահոսը

Edu VanHub. հաջորդ կանգառը՝ մեդիագրագիտություն

Մայիս 13,2019 16:18

Եթե գոյություն ունի շարժական հիվանդանոց, ինտերնետ կապ, ռեստորան կամ մեկ այլ բան, ապա ինչու՞ չի կարող լինել շարժական կրթարան։

Edu VanHub նախագիծը հենց շարժական կրթարան է, որի նպատակն է օգնել գյուղական համայքներում ապրող սոցիալապես անապահով երիտասարդներին ու պատանիներին՝ ձեռք բերել որոշակի մեդիագիտելիքներ՝ կառուցելով նրանց համար անհրաժեշտ ներառական և ինովատիվ միջավայր։ Նախագծի կազմակերպիչներն ու դասընթացավարները մեքենայով շրջում են Հայաստանի տարբեր գյուղերով, և կազմակերպում դասընթացներ մեդիագրագիտության վերաբերյալ։ Այդտեղից էլ նախագծի անվանումը՝ Edu VanHub։ Edu՝ անգլերենից թարգմանաբար կրթություն բառի արմատն է, Van-ը մեքենայի թափքի տեսակն է, որով թիմն այցելում է գյուղեր, իսկ Hub-ը՝ հանգույցն է, տվյալ դեպքում՝ մեդիահանգույցը։

Ծրագրի հեղինակ, «GaragErasmus4Yerevan» կազմակերպության նախագահ Գևորգ Հարությունյանը պատմեց, որ նման նախագիծ ստեղծելու գաղափարը վաղուց է եղել․ «Տարիներ առաջ մի ծրագիր էինք անում՝ այցելում էինք տարբեր գյուղեր և ներկայացումներ տալիս։ Մարդիկ մեծ ոգևորվածությամբ էին մասնակցում, մտածեցի, որ կարելի է նմանատիպ կրթական ծրագիր իրականացնել։ Երևանում շատ ծրագրեր են իրականացվում, իսկ մարզերը բաց են մնում այս առումով։  Տեղեկացա garagErasmus foundation-ի կողմից անցկացվող «Golden laissez-passer» մրցույթի մասին։ Մասնակցեցի Միլանում կայացած մրցույթին, որտեղ 600-ից ավելի մասնակիցների մեջ դարձա ֆինալիստ և առաջին անգամ ներկացրեցի նախագիծը։ Այնտեղ նաև շատ դրական կարծիքներ լսեցի այս ծրագրի վերաբերյալ։ Ավելի ուշ ներկայացրել եմ նախագիծը Վիեննայում, Մոսկվայում և հետո Երևանում։ GaragErasmus foundation-ի կողմից առաջարկ ատացա մասնաճյուղ բացել Երևանում ու դառնալ մասնաճյուղի նախագահ։ Ընդունեցի առաջարկն ու արդեն որպես կազմակերպության ներկայացուցիչ, մեր թիմով դիմեցինք Erasmus+ Student and Alumni Association-ի հայտարարած դրամաշնորհների մրցույթին։ Ի վերջո հաղթեցինք մրցույթում և նախագիծը դարձավ իրականություն»,- ասաց Գևորգ Հարությունյանը։

Գևորգ Հարությունյանի խոսքով՝ մեդիան ամենուր է, 21-րդ դարում մարդը պետք է մեդիակրթված լինի․ « Մենք սովորեցնում ենք, թե ինչպես կարելի է տարբերել կեղծ տեղեկատվությունն իրականից, կարողանալ տեսակետ հայտնել։ Դասընթացներն ինտերակտիվ կերպով են անցկացվում, այսինքն՝ դասընթացի ժամանակ մասնակիցները փորձում են կիրառել ստացած գիտելիքները։ Մասնակիցներին հաճախ ասում ենք, որ կարևոր չէ, որ նրանք լրագրողներ, լուսանկարիչներ, բլոգերներ դառնան, բայց կարևոր է, որ իրազեկ լինեն»։

Նշենք, որ դասընթացներն անցկացնում են ոլորտի փորձառու մասնագետները, որոնց հետ նախապես քննարկվում են անցկացվելիք դասընթացի օրակարգն ու մատուցվող նյութերը։

Ներկա պահին դասընթացներ են անցկացվել Լոռու մարզի 5 և Շիրակի մարզի 1 գյուղում։ Ծրագրի պիլոտային փուլի համար նախատեսված է 10 այց, որը պետք է ավարտվի մայիս ամսին։  Ծրագրի հեղինակը չի բացառում նաև ծրագրի շարունակությունը մյուս մարզերում։ Նպատակ կա ծրագիրը դարձնել հայկական կրթական բրենդ, որը չի սահմանափակվի միայն ՀՀ սահմաններով։

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուսնկարները` Edu VanHub-ի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031