Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդին պետք է լավ ճանաչել, զուտ այդ պատճառով արժի ընթերցել Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը». Գեւորգ Գորգիսյան

Մայիս 13,2019 16:08

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը,  Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին ասել էր, թե գիրքը շատ օգտակար կլինի մեր երիտասարդների համար, կարող է սովորեցնել, թե ինչքան կարեւոր է սիրել հայրենիքը. «Այնքան մեծ է հայրենասիրությունն այնտեղ, որ զարմանում ես»:

Նա ասել էր, թե այդ գիրքը պատմական իմաստ ունի եւ մեր նորագույն պատմության էջերից մեկն է. «Այնպիսի փաստեր կան, որ մեզ ստիպում են ավելի ճիշտ նայել մեր առօրյային, մեր իրականությանը: Գիրքը չի թողնում, որ մենք շփոթվենք»:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մենք հետաքրքրվեցինք ԲՀԿ պատգամավորներից, թե Քոչարյանի այդ կարեւոր գիրքը կարդացե՞լ են: Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դեռեւս չի հասցրել կարդալ: Մտադի՞ր է կարդալ՝ մեր հարցին Տոնոյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես, եթե ժամանակ ունենում եմ, ցանկացած գրականություն՝ հատկապես նոր տպագրված, աշխատում եմ կարդալ: Հիմա Մակրոնի «Հեղափոխությունն» եմ կարդում, ավարտելուց հետո կմտածեմ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած  «Երկրի հակառակ կողմը» գիրքը նույնպես  չէր կարդացել. «Էնպես չի, որ պլանավորված չէ»:

Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ամառվա ընթացքում ավելի քիչ ծանրաբեռնված կլինեն, ու որոշ գրքեր կան, որ իրոք ցանկանում է ու կկարդա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ ինքն էլ չի կարդացել Քոչարյանի գիրքը: Հարցրեցինք՝ մտադի՞ր եք կարդալ, Գորգիսյանն այսպիսի պատասխան տվեց. «Հակառակորդին պետք է լավ ճանաչել, զուտ այդ պատճառով արժի ընթերցել»:

Հարցին՝ Քոչարյանին հակառակո՞րդ եք անվանում, նա պատասխանեց. «Քաղաքական դաշտ մտնելու փորձեր անող ցանկացած մարդ ունի ինչ-որ նկրտումներ: Հաշվի առնելով նաեւ, որ նախկին ռեժիմի վերադարձի փորձ նա կարող է լինել, իհարկե, կարելի է հասկանալու համար նրանց մոտիվները, գործելաոճը՝ կարդալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031