Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Խաչատրյան.«Իրենց համար հոգեկան հիվանդ ունենալը խարան է հասարակությունում»

Մայիս 13,2019 16:01

Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ երբեմն խնդիրներ են լինում հիվանդների դուրսգրման հետ կապված: Ըստ Խաչատրյանի, նրանք այն հիվանդներն են, որոնց մի մասը չունեն հարազատներ, չունեն վերադարձի տեղ.«Նաեւ ընտանիքներ են, որոնք չեն ուզում այդ հիվանդներին հետ տանել, այսինքն՝ բուժումից հետո ավելի հանգիստ վիճակում կարող են հետ տանել տուն, բայց չեն տանում, ուստի այդ հիվանդները շարունակում են մնալ հոգեբուժական հաստատություններում»:

Այս կենտրոնի  ծանրաբեռնվածությունը 100% է, մահճակալների թիվը՝ 350 է, բայց բուժում է ստանում 356 հիվանդ: Խաչատրյանն ասաց, որ այս հիվանդներից 110-ը՝ դատարանի որոշմամբ հարկադիր բուժում է ստանում , 100-ը՝ խնամքի հիվանդներ են, 120-ը՝ սուր հիվանդներ։

Կենտրոնի տնօրենը նշեց, որ այս հիվանդների հարազատները մի շարք պատճառներով չեն ուզում նրանց տուն տանել. «Չունեն խնամելու հնարավորություն, չեն ուզում տուն տանել, իրենց համար հոգեկան հիվանդ ունենալը խարան է հասարակությունում: Խարանի դեմ պայքարը հոգեբուժության առաջին խնդիրներից է, պետք է հասկանալ, որ մարդն ընդամենը հիվանդ է, սա հիվանդություն է, ինչպես ցանկացած այլ հիվանդություն, եւ պետք է անխնա պայքար տանել»: Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ պետք է աշխատեն այս տեսակ հիվանդների սոցիալական ներառման ուղղությամբ.«Այնպես անել, որ բուժումից հետո կարողանան հեշտությամբ ինտեգրվել կյանք. եթե հնարավոր է՝ գտնել աշխատանք, եթե հնարավոր է՝ իրենց համար վարձակալել տուն: Այդ մարդիկ, երբ աշխատանք ունենան, դառնում են ինքնուրույն մարդիկ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031