Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը հակահեղափոխության կենտրոն դարձնելու բոլոր փորձերը կվերջանան հեղափոխությամբ, պետք է ուղղակի խելագար լինել՝ սա չհասկանալու համար». Ռուբինյան

Մայիս 13,2019 14:30

Արցախ կատարած այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, եւ դուք նույնպե՞ս նման մտահոգություններ տեսնում եք, որ կարող է այնտեղ հակահեղափոխության օջախ լինել, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ եռատոնին Արցախում եղել են ու շոշափել են մարդկանց տրամադրությունները. «Պարոն Փաշինյանի հայտարարությունը բխում էր այն բանից, որ այդպիսի բան որեւէ մեկի մտքով չի կարող անցնի՝ ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության թուլացմանը միտված որեւէ գործողություն: Որ Արցախը շատ ուժեր կարող են փորձել դիտել՝ որպես քաղաքական գործընթացներում իրենց համար պլատֆորմ՝ դա հնարավոր է, Փաշինյանը զգուշացրեց, որ դա անթույլատրելի է: Նման միտումներ եթե լինեն, Արցախի ազգաբնակչությունը ինքը հենց բնօրրանում կխեղդի, չկասկածեք»:

Հարցին՝ այդ հակադրությունները տեսանք՝ Վիտալի Բալասանյանի հետ կապված, հիմա դրա տակ դուք կարծում եք, որ խորքային գործընթացներ չկա՞ն, մտավախություններ չկա՞ն, նախագահական ընտրություններում հնարավո՞ր է, որ այստեղից էլ խառնվողներ կան, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ խորքային գործընթացներ: Ամեն ինչ հնարավոր է ինչ-որ ուժերի, մարդկանց մտքում լինի, բայց առաջնահերթությունը  Արցախի եւ ՀՀ-ի միասնական անվտանգության համակարգ ունենալն է, մնացած գործողությունները, որ միտված կլինեն այդ համակարգի դեմ, նրան թուլացնելու եւ մեր հասարակության իմունիտետն իջեցնելու, կստանան հակահարվածներ՝ հենց նույն Արցախի քաղաքացիների կողմից: Դա որեւէ հեռանկար չի կարող ունենալ: Իհարկե, շատ քաղաքական ուժեր ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններից հետո իրենց անհաջողությունները կարող է փորձեն Արցախում տեղի ունեցող ընտրություների ժամանակ քաղաքական դիվիդենտներ շահել՝ տարբեր գործընթացներ կազմակերպելով: Բայց եթե փորձեն Հայաստանում տրամադրություն փոխել՝ կստանան իրոք ժողովրդի կողմից հակահարված, որովհետեւ ՀՀ-ում եւ Արցախում տրամադրությունները էապես փոխված են»:

ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Իրականում ամեն ինչ շատ պարզ է՝ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները մի կերպ են մտածում եւ նույն տրամաբանության մեջ են: Չկա որեւիցե ուժ, գործիչ, որը կարող է այս իրողությունը փոխել: Բնականաբար, Արցախում ընտրություններ են սպասվում, դա կարող է ազդել տարբեր մարդկանց հայտարարությունների վրա, կարող է ազդել դրականորեն կամ բացասական, բայց մտահոգվելու ոչ մի առիթ այստեղ չկա, կրկնեմ վարչապետի խոսքերը: Հակահեղափոխության կենտրոն դարձնելու բոլոր փորձերը կվերջանան հեղափոխությամբ, պետք է ուղղակի խելագար լինել՝ սա չհասկանալու համար, իսկ ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կամ Արցախում խելագարներ կան այս առումով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031