Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը եւս «Գարդասիլով» պատվաստվել է 

Մայիս 13,2019 14:22

«Ինձ հասկանալի է այն մոտիվը, որով ուռճացվում է այս թեման, այդ թվում նաեւ՝ ձեր տված հարցի միջոցով ու նաեւ ուրիշ լրատվամիջոցների, որվհետեւ կարծես թե այլ բան չի մնացել կպնելու, հիմա որոշել եք վերադառնալ այս հարցին՝ խաղալ մարդկանց նուրբ լարերի հետ»,- այսօր այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում հրավիրված՝ իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով մարդու պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլով պատվաստման հարցին:

«Հայաստանի Հանրապետությունը որոշել է պայքարել նաեւ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ( ինչպես աշխարհի շատ երկրներ), քանի որ արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում տարեկան 120 կնոջ կյանք է տանում: Այն ներդրվել է ազգային օրացույցում՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ, այս դեպքում՝  Գարդասիլ 4-ը: Միջազգային գործընկերներն առաջին խմբաքանակը մեզ նվիրել են, իսկ մյուս խմբաքանակները մոտակա տարիներին վաճառելու են շուկայականից 25 անգամ էժան գնով: Եվ ՀՀ-ն շարունակելու է իր քայլերն այդ ուղղությամբ  եւ շարունակելու է փրկել կյանքեր՝ անկախ դրա դեմ անհիմն մեղադրանքներից»,-ասաց Թորոսյանը:

«Ինչ վերաբերում է այս տարվա որոշմանը, որը լայնացրել է պատվաստումների վերին շեմը, դա արվել է 2 նպատակով՝ մարդկանց ցույց տալու համար, որ այս պատվաստանյութը կարող է օգտակար լինել նաեւ ավելի բարձր տարիքի անձանց՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Ես ինքս ստացել եմ այդ պատվաստանյութը ու պատվաստանյութի ներդրումից հետո ապացուցվել է, որ կարող է կիրառվել մինչեւ 45  տարեկանների շրջանում»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ  անցյալ ամիս 1500 պատվաստում է եղել, իսկ մինչ վերջին որոշման ընդունումը՝  ամսական մի քանի տասնյակ պատվաստումներ էին լինում.«Ես ձեզ վստահեցնում եմ՝ մեր հաստատակամ քայլերը, եւ այդ անհիմն ձայների լռեցնելը իրենց արդյունքը տալու են: Մեր մայրերը, աղջիկները հասկանալու են, որ իրենց պաշտպանելու եւ չակերտավոր ասած՝ քաղցկեղը բուժելու համար այս պատվաստանյութը վճռական է»:

Նախարարը կոչ արեց այս թեման ոչ մասնագիտական քննարկման օրակարգից հանել, որովհետեւ չկա որեւէ ապացուցված վտանգ այս պատվաստանյութից, ճիշտ այնպես, ինչպես մեր երկրում օգտագործվող  մնացած բոլոր պատվաստանյութերից.«Մենք խոսում ենք փաստերով, իսկ մեր ընդդիմախոսները ենթադրություններով եւ վախենալու վիդեոներով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031