Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում մայիսի 22-ին կկայանան ռեկտորի ընտրություններ: 3 թեկնածու կա` Լիլիթ Արզումանյանը, Արմեն Հարությունյանը եւ Վասիլի Գեւորգյանը:
Aravot.am-ը ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին խնդրեց գնահատել մինչընտրական փուլը: Հարցրինք` արդյոք հանգի՞ստ է այն անցնում, եւ չկա՞ն հակաքարոզչության դրսեւորումներ:
«Ինչ-որ բաներ լինում են, որոնց չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ իմ տարիքի, վաստակի հեռավորությունից, տեսանկյունից ինձ համար անընդունելի եւ անհեթեթ բաներ են կատարվում: Ամենացավալին այն է, որ աշխատանքներ են տարվում ուսանողության հետ, իսկ ես եկածս օրվանից ամեն ինչ անում եմ ուսանողության համար եւ նրանց շահերից ելնելով: Ցավում եմ, որ ուսանողներին ներքաշում են ինչ-ինչ խաղերի մեջ: Դա ինձ համար բացարձակ անընդունելի է»,-ասաց տիկին Արզումանյանը:
Նաեւ հավելեց. «Անկեղծ ասած չէի ուզում խոսել՝ մտածելով, որ ռեկտորության համար «նախընտրական քարոզարշավ» նախատեսված չէ։ Բայց համբերությունս հատեց, որովհետև այս ընթացքում բավական անհեթեթ քայլեր արվեցին, իսկ լռությունը երբեմն թյուր մեկնաբանությունների տեղիք է տալիս»։
Կարդացեք նաև
Հարցրինք, թե ի՞նչ ժառանգություն է ստացել Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար դառնալուն պես: «Ստացել եմ պարտքերով ծանրաբեռնված, ֆինանսական բազմապիսի խախտումներով տնտեսություն, քայքայված ու կեղտի մեջ կորած շենք, բազմապիսի պրոբլեմներով մասնաճյուղեր և կրթական համակարգ, որը բարեփոխումների կարիք ուներ՝ որպես հիմք ունենալով ուսանողների գրավոր ու բանավոր բազմաքանակ բողոքները։ Եվ այդ ծանր ժառանգությունը վերցրեցի որպես պարտք ու պարտականություն ու սկսեցի աշխատել օր ու գիշեր։ Ես շաբաթներ շարունակ շենքից դուրս եմ եկել երեկոյան ժամը 10-ին»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը։
Հետաքրքրվեցինք, թե ինչ է արել այս 6 ամիսների ընթացքում: «Առաջին հերթին գումար խնդրեցի ԿԳ նախարարից ու սկսեցի շենքի վերանորոգման ծանր աշխատանքը, որովհետև սիրտս պայթում էր ուսանողներին կեղտակոլոլ ու քայքայված լսարաններում տեսնելով։ Բուհին հատկացվել է 10 մլն դրամ գումար. այս ընթացքում վերանորոգվել է ավելի քան 30 լսարան, այդ թվում 2 պարասրահ և հանդերձարանը: Մենք ունեցանք նաև հովանավոր՝ օգնություն շինարարական աշխատանքներին։ Մասամբ վերանորոգվել է նաև տանիքն ու կաթսայատունը:
Փոխվել է բուհի կառուցվածքը՝ արտասահմանյան նմանատիպ բուհերի օրինակով, հստակեցվել են կառուցվածքային ստորաբաժանումների տեղակայման և ենթակայության խնդիրները: Վերանայվել և վերահաստատվել են բուհի ներքին գործընթացները կանոնակարգող մի շարք փաստաթղթեր՝ ժամանակի պահանջներին, ակնկալվող փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով: Ստեղծվել է բուհի կադրային շտեմարան։
Խնայողական տարբերակով հաստատվել է բուհի բյուջեն, քանի որ բուհն ունի նաև պարտքեր: Հույս ունեմ, որ նոր ուսումնական տարում կբարձրանան դասախոսական կազմի աշխատավարձերը։ Աշխատել ենք 2019-2020 ուս. տարվա ուսումնական պլանների վրա: Նախատեսվել են մի շարք լուրջ արմատական փոփոխություններ ուսուցման գործընթացում, որոնք քննարկվել են ամբիոններում: Բոլոր փոփոխությունների համար հիմք են դարձել ուսանողների ցանկություններն ու շահերը։
Մոսկվայի թատերական ինստիտուտի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր. մոտ ապագայում մեր ուսանողները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք փառատոնին: Ստորագրվել է համագործակցության Համաձայնագիր մեր և ՄԽԱՏ-ի Նեմիրովիչ–Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիայի միջև, որի համար շնորհակալություն Արթուր Ղուկասյանին: Ստորագրվել է համագործակցության Հուշագիր մեր բուհի և Սորբոնի արվեստի ինստիտուտի միջև: Ստորագրվել է համագործակցության Հուշագիր Հայաստանի կինոգործիչների միության հետ. շնորհակալություն Հարություն Խաչատրյանին։
Այդ Հուշագիրը մեզ հնարավորություն է տալիս օգտագործել միության բավական լավ հագեցված դահլիճները՝ ֆիլմեր ցուցադրելու, քննարկումներ կազմակերպելու համար, ինչի կարիքը մենք իրականում շատ ունենք։ Տեխնիկապես լրացվել են կինո բաժնի լսարանները, դասընթացների արդյունավետ կազմակերպման համար ձեռք ենք բերել հեռուստացույցներ: Ունեմ բազմաթիվ ծրագրեր … Ես կառավարման մեծ փորձ ունեմ, որը բնականաբար կներդնեմ այս բուհում»,-թվարկեց տիկին Արզումանյանը։
Խնդրեցինք նաեւ հակիրճ ներկայացնել անցած ճանապարհը: «Հեղինակ եմ գրականագիտական, հրապարակախոսական և գեղարվեստական 6 գրքի և շուրջ 100 հոդվածի (այդ թվում` թատերագիտական): Դասավանդել եմ ԵՊՀ-ում, Գեղարվեստի ակադեմիայում, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում: Եղել եմ ավարտական քննությունների հանձնաժողովների նախագահ 6 տարի անընդմեջ` Արցախի պետական համալսարանում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ունեմ պաշտպանած 2 ասպիրանտ` Երևանից և Արցախից: Շուրջ 10 տարի եղել եմ Հանրային հեռուստատեսության «Թատերական հյուրասենյակ», ապա Արմենակոբ հեռուստատեսության «Մեր թատրոնը» հաղորդաշարերի հեղինակն ու վարողը: Ունեմ ոչ խաղարկային 3 ֆիլմ: Նաեւ իմ սցենարով նկարահանվել է խաղարկային ֆիլմ` «Թափանցիկ տանիքներ», որը ավարտման փուլում է:
Տարիներ շարունակ եղել եմ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ եւ նախագահ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ։ Գրականության գծով ՀՀ Նախագահի մրցանակի մրցութային հանձնածողովի անդամ եմ արդեն 7 տարի: Պարգևատրվել եմ ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալով և ՀՀ Երախտագիտության մեդալով` գիտակրթական ոլորտում 25-ամյա գործունեության համար: Հայաստանի գրողների միության և Թատերական գործիչների միության անդամ եմ»,- թվարկեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ