Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ ստվերային պարտավորություն չունենք որեւէ մեկի առաջ. Փաշինյանի հարցազրույցը РБК-ին

Մայիս 13,2019 13:21

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ որեւէ օտար ուժ ներգրավված չի եղել, այն ֆինանսավորել է հայ ժողովուրդը, և դա է պատճառը, որ մենք որևէ ստվերային պարտավորություն չունենք որևէ անձի կամ կորպորացիայի նկատմամբ: Այս մասին ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հեղափոխության վրա մենք ծախսել ենք մոտավորապես 220 հազար դոլար: Որտեղի՞ց այդ գումարները: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ, և հայերը բոլոր երկրներից, ընդ որում, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար էին տալիս: Մենք ծախսում էինք այդ փողերը, և ամեն շաբաթ հեղափոխության ընթացքում հրապարակում էինք՝ որքան գումար ենք ծախսել և ինչի վրա»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նման մոտեցումը թույլ է տվել հեղափոխականներին պարտք չմնալ այս կամ այն շրջանակների առաջ:

«Ահա թե ինչու ես և մեր կառավաությունը որևէ ստվերային պարտավորություններ չունենք այս կամ այն անձի կամ կորպորացիայի նկատմամբ»,- ասել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ արդյունքում Հայաստանում իրավիճակը փոխվել է այնպես, որ այժմ այստեղ «չկա ոչ մի մենաշնորհ»:

«Սիրո հեղափոխության» հաղթանակի համար ևս մեկ կարևոր պայման Փաշինյանը համարել է սոցիալական ցանցերի տարածումը:

«Երբ ես դուրս եկա բանտից (խոսքը 2009թ. մասին է- խմբ.), ես տեսա, որ կա YouTube, կա Facebook, կա Twitter:  Եվ ես սկսեցի հասկանալ, որ հնարավորություն կա ընդդիմադիր գործչի համար օգտագործել այդ հաղորդակցությունը… Երբ ես պատգամավոր դարձա, իմ ելույթները հրապարակում էի Facebook-ի իմ էջում և YouTube-ում: 2016թ. իմ բոլոր ելույթների դիտումները միասին վերցրած հասնում էին մոտ 10-15 մլն-ի: Աշխարհում ապրում է 10 միլիոն հայ: Դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել, որ յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ դիտել է իմ ելույթը»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը խոսել է նաև Պուտինի հետ հարաբերություններից և լրագրողի այն դիտարկմանը, թե՝ Պուտինը հեղափոխությունից հետո դեռ Հայաստան չի այցելել, վարչապետը հույս է հայտնել, որ նա դա կանի այս տարվա հոկտեմբերին:

Փաշինյանը նաև նշել է, որ «անձնապես Պուտինից» որևէ ճնշում չի զգացել իր նկատմամբ, բայց կան որոշակի «հաստատատություններ, վերլուծական շրջանակներ Ռուսաստանում, որոնք ինչ-որ վերլուծություններ, հայտարարություններ են անում»:

Մանրամասները դիտեք հղման մեջ՝  տեսանյութում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031