Վերջին օրերին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մեքենաները, պայուսակները սկսել են խստացված ռեժիմով մանրակրկիտ ստուգել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչի՞ է հետ է դա կապված, ինչ-որ վա՞խ, անհանգստությո՞ւն կա, թե՞ ընթացակարգային փոփոխություններ են:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես տեսել եմ պարոն Մարուքյանի հրապարակումն այդ մասին, պետք է ասեմ, որ մի քիչ հիասթափված եմ պարոն Մարուքյանից, որովհետեւ, եթե ինձ հարցներ, ես նրան կասեի, որ իմ պայուսակը նույնպես ստուգել են, ու սա, ըստ էության, բացարձակ կապ չունի ընդդիմադիր լինելու կամ չլինելու հետ: Անվտանգության ռեժիմը նույնն է բոլորի համար»: Ռուբինյանը հավաստիացրեց՝ ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների համար որեւէ տարբերություն չկա:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց. «Այսօր առավոտյան էլ, մենք՝ որպես հանձնաժողովի նախագահներ, պարոն Ռուբինյանի մեքենան էլ, իմն էլ նույն ռեժիմով ստուգել են: Ինչ վերաբերում է պայուսակը ստուգելուն, պահպանությունը մի քիչ չափն անցել է, կամ անցնում է, ես զգուշացրել եմ իրենց, որ պայուսակի ստուգումը դա արդեն մի քիչ այլ ռեժիմ է: Իրենք հասկացել են, որ պետք է վերանայեն: Ինչ վերաբերում է մեքենայի հսկողությանը ներս մտնելուց, դա անվտանգության տրամաբանության մեջ է՝ հատկապես Հոկտեմբերի 27-ից հետո: Այնպես որ, այստեղ նեղանալու որեւէ բան չկա: Ամեն ինչ պետք է լինի տրամաբանության մեջ, իսկ եթե որեւէ մասով էլ պետք է վերանայվեն որոշ մանրուքներ, դա անվտանգության ծառայության աշխատակիցների, ղեկավար կազմի հետ քննարկել եմ, գուցե վերանայենք համակարգը, որովհետեւ բաներ կան, որ կարելի է նաեւ հրաժարվել, որովհետեւ ոչ մի խնդիր չեն լուծում»:
Լրագրողներն էլ ասացին, որ իրենց էլ են ստուգում, ընդ որում, ոչ միայն ներս մտնելիս, այլեւ՝ ԱԺ շենքից դուրս գալիս: Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանեց. «Մի մոռացեք, որ դեռ կասկածներ կան, որ Հոկտեմբերի 27-ի զենքերը նախօրոք են բերվել ԱԺ: Դուրս գալուց տեղյակ չեմ, եթե այդպիսի ստուգումներ կան: Ռեժիմային կանոնակարգից եթե շեղում է եղել, այսօրվա ընթացքում կնայենք, կնախաձեռնենք: Գուցե կան ենթասպաներ, որոնք կարգի էլեմենտներից տեղյակ չեն: Այսօրվա ընթացքում եթե ոչ հանձնաժողովի ողջ կազմով, ինքս կանդրադառնամ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ