Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրն իր օդաչու որդու ինքնասպանությանը չի հավատում

Մայիս 13,2019 12:30

ԱԺ-ում երեկ ՀՀ դատախազության 2018թ. գործունեության քննարկման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղվեց նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության գործով: ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվել է 1998թ.-ին: Ապա հարց տրվեց չբացահայտված սպանությունների մասին, մասնավորապես, մեկի՝ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործով: Արթուր Դավթյանն ասաց՝ թե գործը մինչ օրս չբացահայտվածի կարգավիճակում է, բայց օպերատիվ-հետախուզական աշխատանքն ակտիվ է. «Ինձ տեղեկություն է հայտնի, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են արվում՝ որոշակի ուղղություններով: Մեր մոտեցումն այն է, որ եթե ի հայտ են գալիս դեպքեր, դրանք պարտադիր արձագանք են ստանում՝ անկախ նրանից, թե նախկինում ինչ արձագանքի են արժանացել»:

«Առավոտի» նամակագրի որդու սպանության գործը չբացահայտվածների մեջ կարելի է դասել, սակայն «հնչեղ» չի այն պատճառով, որ անձը որեւէ քաղաքական խմբակի կամ խմբի անդամ չի եղել, կամ թե որեւէ պաշտոն չի զբաղեցրել, արատավորված անցյալ չի ունեցել……«ընդամենը»……միջազգային ավիաուղիների օդաչու էր:

«2014թ. դեկտեմբերի 16-ին Հրազդանի կիրճում՝ անհայտ մարդու խրճիթում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է որդուս՝ Սուրեն Մարգարյանի դին:

Հարուցված քրեական գործն արագ քննվելու արդյունքում կարճվեց, իբր իմ որդին ինքնասպան է եղել: Փաստաբանների միջամտությամբ Երեւան քաղաքի նախկին դատախազ, ներկայումս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քրեական գործի կարճումը վերացրեց, սակայն որեւէ քննություն գործնականում չկատարվեց, վարույթը կասեցվեց 2016թ. ապրիլի 14-ին՝ մեղավոր անձի հայտնի չլինելու պատճառաբանությամբ»,-«Առավոտին» ուղղված նամակում հայտնում է երեւանաբնակ Կարինա Մարգարյանը:

Սուրենը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին է: Նա մինչեւ 2010թ. աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես A-319/320 տիպի օդանավի երկրորդ օդաչու:

Ըստ պաշտոնական վարկածի, 26-ամյա Սուրենն ինքնասպանությունը կատարել է որսորդական հրացանով, աջ ձեռքով ինքն իր վրա կրակելով: Մայրը հայտնում է, որ որդին եղել է ձախլիկ:

Դեռ դա ոչինչ: Ըստ պաշտոնական վարկածի. «ինքնասպանություն» է գործել, պառկել է մահճակալին, ծածկվել վերմակով, հրացանը դրել է կողքին»…ու մահացել:

Մոր կարծիքով՝ որդուն սպանել են, իսկ նախորդ իշխանություններին ձեռնտու չէր հանցագործության բացահայտումը:

Կարինա Մարգարյանը նամակներ է ուղարկել իրավապահ, արդարադատության մարմիններին, ԱԱԾ, ԱԺ, վարչապետին, սակայն գործն առաջ չի շարժվում:

«Զավեշտ է, որ հինգ տարի քննչական կոմիտեն քննում է ինքնասպանության գործ, երբ «անհասցե անձնավորության» տանը ինքնասպան է լինում մտավորական, ապահովված ընտանիքի զավակ, ժառանգական օդաչուն»,-նշել էր մայրը:

Վերջինի տեղեկացմամբ, պարզվել է գործի նյութերից, որ հրացանի վրա չեն եղել որդու մատնահետքերը, մարմնին առկա են բազմաթիվ վնասվածքներ, որոնք հասցվել են ծակող, կտրող առարկաների միջոցով, դաստակների վրա առկա են ձեռնաշղթայի հետքեր:

Հնարավո՞ր էր որդին առանց վերարկուի եւ առանց կոշիկների հայտնվեր «բոմժի» խրճիթում, կրակեր գլխին, իսկ արյան հետքեր պատերին չհայտնաբերվեր:

Կ. Մարգարյանի ներկայացուցիչներն են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Կարեն Կիրակոսյանը:

«Առավոտի» հարցին, թե գործը բողոքարկվե՞լ է, ի՞նչ քայլեր են արվում այն բացահայտելու համար, Ալեքսանդր Սիրունյանն ասաց, թե ինքնասպանության գործով հետախուզում չի լինում, սպանության գործով կարող էր: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անծանոթ-անհայտի տանը, ուր կատարվել է սպանությունը, դրանից երեք օր հետո, անծանոթ-անհայտ անձը մահացել է. «Հինգ հատոր թուղթ են հավաքել, գործ չեն արել: Ինչպես է ստացել երեսունից ավելի մարմնին առկա վնասվածքները, տեղազննություն չի եղել, ինչու են մարմնին առկա ձեռնաշղթայի հետքեր»:

«Դեպքին նախորդող օրերին տղաս ստացել է բազմաթիվ սպառնալիքներ»,-գրել է մայրը, սակայն ինչ սպառնալիքներ էին, արդյոք կապ կարո՞ղ էր լինել կատարված ողբերգության հետ, մնացել է չուսումնասիրված, ինչպես նախորդ իշխանությունների, այնպես էլ գործը վերաբացելու պահանջին չարձագանքած ներկա իշխանությունների կողմից:

Քննիչը եղել է Կենտրոնի քննչական բաժնից Լեւոն Կարապետյանը, որը ներկայումս պետի տեղակալն է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

11.05.2019 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031