Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզյան էսքիզներ

Մայիս 13,2019 12:00

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում լինելը շատերի երազանքն է: Այն արվեստների, ճարտարապետության, նորաձեւության, ճաշակի, սիրո, տեսարժան վայրերի, սրճարանների, համի ու շոփինգի քաղաք է, այստեղ կա այն ամենը, ինչը հետաքրքիր է ցանկացած տարիքի զբոսաշրջիկի համար:

Զբոսաշրջիկները Փարիզի հետ ասոցացնում են հատկապես Էյֆելյան աշտարակն ու Փարիզի Աստվածամոր տաճարը, այս երկուսի պատկերներով հուշանվերներն ամենաշատն են Փարիզում: Նրանցից հետ չի մնում նաեւ Հաղթանակի կամարը:

Ամեն տարի Էյֆելյան աշտարակ է այցելում շուրջ 7 մլն այցելու: Ցավոք, Փարիզի Աստվածամոր տաճարն այս տարվա ապրիլին այրվելուց հետո միայն հեռվից կարելի է տեսնել, այն շուրջօրյա հսկողության տակ է եւ փակ: Զբոսաշրջիկները միմյանց հերթ չեն տալիս այն լուսանկարելու համար:

Փարիզի Աստվածամոր տաճար

Փարիզի ամենաբարձր կետը Մոնմարտրն է, որի գագաթին գտնվում է Սակրե Կյոր բազիլիկը: Մոնմարտր կարելի է բարձրանալ ինչպես աստիճաններով, այնպես էլ ֆունիկուլյորով: Ի դեպ, ասում են, որ երբ 2001թ. էկրաններին հայտնվեց «Ամելի» ֆիլմը, որի գործողությունները կատարվում էին Մոնմարտրում, այստեղ այցելող զբոսաշրջիկների նոր հոսք սկսվեց։

Մոնմարտրում են գտնվում «Մուլեն Ռուժ» կաբարեն, Սալվադոր Դալիի թանգարանը, Պիգալ հրապարակը` շրջակա Կարմիր լապտերների թաղամասով, Պատի միջով անցնող մարդու եւ Դալիդայի քանդակները: Պատի միջով անցնող մարդու քանդակը ստեղծել է հայտնի դերասան Ժան Մարեն: Այն նվիրված է գրող Մարսել Էմեին, ում անունն էլ կրում է հրապարակը: Ֆրանսիացիներից ոմանց համոզմամբ, եթե բռնես քանդակի ձախ ձեռքը, երազանքդ կիրականանա: Նույն պատճառով փայլում են նաեւ Դալիդայի քանդակի կրծքերը:

Մոնմարտր

Պատի միջով անցնող մարդու քանդակ

Դալիդայի քանդակը

Մոնմարտրում են ապրել եւ ստեղծագործել Ռենուարը, Վան Գոգը, Թուլուզ-Լոտրեկը, Ապոլիները, Պիկասոն, Մոդիլիանին եւ ուրիշներ: Այստեղ 20-25 եվրոյով նկարիչներն առաջարկում են դիմանկար կամ ծաղրանկար անել: Նրանցից մեկը նույնիսկ հայերեն հաշվեց ու մտաբերեց, որ իր մոր ընկերուհին իրենց բաստուրմա էր հյուրասիրում:

Փարիզի հպարտություններից է Լուվրը, որը բաղկացած է 5 հարկից եւ ավելի քան 35 հազար ցուցանմուշ է իր մեջ ամփոփում: Օրսեի թանգարանը եւս հետ չի մնում նրանից: Ընդհանրապես թանգարանների առումով Փարիզը պարծենալու տեղ ունի: Այստեղ են գտնվում նաեւ «Գրանդ օպերան», «Օպերա Բաստիլը», Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնը, «Կոմեդի Ֆրանսեզը», «Էբերտոնը», «Ռենեսանսը», «Ժիմնազը», «Օդեոնը» եւ այլն:

Հեծելազորային ոստիկանությունը

Էյֆելյան աշտարակը

Ի թիվս այլնի, Ֆրանսիայի խորհրդանիշներից են Ելիսեյան դաշտերը կամ Շանզ Էլիզե պողոտան եւ Վերսալի պալատը: Վերջինս իր գեղեցիկ այգիով համաշխարհային նշանակության զբոսավայր է: Վերսալը ձեւավորվել է Լյուդովիկոս XIV–ի նախաձեռնությամբ 1661 թվականին: Այն միապետական հզոր շունչ ունի:

Հայերը Փարիզում բնակություն են հաստատել 15-րդ դարից, ասում են՝ 1672 թ.-ին Պասկալ (Հարություն) անունով մի հայ Սեն Ժերմեն թաղամասում բացել է Ֆրանսիայում առաջին սրճարանը: 2003 թ.-ին Փարիզի «Կանադայի հրապարակում» կանգնեցվել է Կոմիտասի արձանը, որի պատվանդանին գրված է. «Ի հիշատակ Կոմիտասի եւ 1,5 միլիոն հայերի, որոնք զոհ գնացին օսմանյան Թուրքիայում 1915 թ-ին իրականացված XX դարի առաջին ցեղասպանությանը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Փարիզ-Երեւան

Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ, 

11.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել