Քանի որ մենք բոլորս գտնվում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ շատերի կարծիքով՝ Հայաստանում 2018թ. գարնանը տեղի է ունեցել, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն, իսկ հիմա էլ թեւակոխել ենք «Տնտեսական հեղափոխության» փուլը, վատ չէր լինի հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ շարունակվում է տեղի ունենալ:
Ըստ քաղաքատնտեսության, իմաստասիրության (փիլիսոփայության) սահմանման՝ քաղաքական հեղափոխությունը դա հասարակության կամ ժողովրդի կողմից արտահայտված ըմբոստությունն ու ապստամբությունն է՝ պայմանավորված սոցիալական, տնտեսական կամ քաղաքական պատճառներով, որը միտված է փոխարինելու նախկին՝ սահմանադրորեն ամրագրված քաղաքական համակարգը մեկ ուրիշով:
Հայտնի է, որ իմաստասիրության՝ աշխարհի հզորագույն իմաստասերները փորձել են սահմանել քաղաքական հեղափոխությունների էությունը նույնպես: Օրինակ՝ ըստ հնագույն, հռչակավոր, հույն իմաստասեր Պլատոնի՝ քաղաքական հեղափոխությունները ժողովրդի պահանջով կամ ուժի գործադրմամբ կարող են տեղի ունենալ երկու դեպքում միայն՝ երբ փոխվում է նախկին սահմանադրական կարգը, երբ փոփոխության է ենթարկվում տվյալ սահմանադրական կարգը:
Հեղափոխության շատ հստակ եւ գիտական սահմանում է տվել նաեւ Կ. Մարքսը: Ըստ նրա՝ հեղափոխություն տեղի է ունենում, երբ արտադրական ուժերի եւ արտադրական հարաբերությունների միջեւ հակասությունները ծայրահեղորեն հասունանում են, արդյունքում ժողովրդական լայն զանգվածներն ըմբոստանում եւ բռնի ուժով տապալում են առկա տնտեսական կացութաձեւը եւ փոխարինում այն մեկ ուրիշ, առավել առաջադիմականով: Այսինքն՝ ըստ Կ. Մարքսի՝ դասական քաղաքական հեղափոխություններն առանց բռնության ու արյունահեղության չեն լինում:
Ինչպես վերը նշված սահմանումներից երեւում է՝ Հայաստանում գիտականորեն տեղի չի ունեցել քաղաքական հեղափոխություն, այլ պարզապես՝ իշխանափոխություն ժողովրդի աջակցությամբ՝ առանց բռնի ուժ գործադրելու, արյուն թափելու, այսինքն՝ տեղի է ունեցել թավշյա իշխանափոխություն: Հեղաշրջում էլ տեղի չի ունեցել, որովհետեւ ըստ սահմանման` հեղաշրջումը դա մի փոքր խմբի կողմից բռնի ուժով իշխանության զավթումն է: Այնպես որ, երբ որոշ մարդիկ պնդում են, թե թավշյա հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ պարզապես՝ հեղաշրջում, ապա նույնպես սխալվում են: Թավշյա հեղափոխության եզակի դեպք եղել է, օրինակ՝ Չեխոսլովակիայում 1989թ. նոյեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում՝ գրող Վացլավ Հավելի գլխավորությամբ: Արդյունքում խաղաղ ճանապարհով Չեխոսլովակիան համայնավարական վարչակարգից անցավ ավելի ժողովրդավարական, նախագահական համակարգի, Խորհրդային Միության փլուզումից երկու տարի առաջ:
Կարդացեք նաև
Հիշենք նաեւ հայկական «Թավշյա հեղափոխության» հայտնի կարգախոսը՝ «Մերժի՛ր Սերժին», որ ներառում էր ո՛չ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաեւ նրա գլխավորած կոռումպացված իշխանությունը: «Մերժի՛ր Սերժին» կարգախոսն իշխանափոխության կոչ էր: Իրականում այդպես էլ եղավ, փոխվեց իշխանությունը, սակայն չփոխվեց կամ չփոփոխվեց երկրի սահմանադրությունը, որից այդքան դժգոհ էր ժողովուրդը, իսկ ամենաշատը՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն անհրաժեշտ է փոխել եւ անհապաղ պետք է փոխել նոր իշխանության միջոցով: «Մեզ այսօր մեծ մարդկային համարձակություն է պետք, եւ մենք այդ համարձակության առաջին քայլերն արել ենք` մարտահրավեր նետելու այն խեղճությանը, հուսահատությանը, փակուղու զգացողությանը, որում, ցավոք, մեր երկիրը բավականին երկար ժամանակ գտնվել է»,-ասում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը:
Այնուամենայնիվ, իշխանափոխությունը պետք էր, քանի որ դժգոհությունը եւ հիասթափությունը նախկին իշխանության հանդեպ չափազանց մեծ էր… Այդ պատճառով էլ թե՛ Հայաստանում եւ թե՛ Հայկական Սփյուռքում չափազանց կարեւորում են այն: Երկրորդ կարծիք լինել չի կարող: Դա հսկայական իրադարձություն էր համայն հայության համար, քանի որ վերջ տրվեց հայրենի երկիրը կործանելու նվաստացուցիչ ու քայքայիչ գործելակերպին: Դրա շնորհիվ է նաեւ, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն այդքա՜ն սիրված է ու այդքա՜ն մեծ ժողովրդականություն է վայելում:
Իսկ մի՞թե թավշյա իշխանափոխությունն ավելի վատ է, քան թավշյա հեղափոխությունը: Ինչո՞ւ ներկայիս իշխանություններին հաճելի չէ լսել, որ պարզապես ժողովրդի կամքով եւ աջակցությամբ, առանց արյունահեղության տեղի է ունեցել իշխանափոխություն, եւ կոռումպացված իշխանություններին եկել են փոխարինելու ազնիվ ու ժողովրդավար ուժերը: Մի՞թե դա չէր մեր ժողովրդի ուզածը:
Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ սահմանադրության փոփոխելը, այն՝ իր նոր պաշտոնին՝ վարչապետությանն ամեն կերպ հարմարեցնելը նույնպես չէր կարող դիտվել որպես հեղափոխություն, չնայած՝ փաստացի սահմանադրական կարգը փոփոխվել էր, սակայն դա չի եղել ժողովրդի պահանջով կամ հարկադրումով, այլ՝ իր «հագով սահմանադրական կոստյում» ունենալու փափագով դրդված: Հայկական թավշյա հեղափոխությունը դասվում է գունավոր հեղափոխությունների շարքին, որոնք չեն նախատեսված՝ եղած սահմանադրական կարգը փոխելուն կամ փոփոխելուն, այլ իշխանությունը փոխելուն: Այդպես էլ այն ընկալվում ու դասակարգվում է միջազգային կազմակերպությունների, համաշխարհային հանրության ու պետությունների կողմից: Աշխարհը բազմաթիվ այդպիսի գունավոր հեղափոխություններ է տեսել, օրինակ՝ 1974թ.-ի Կարմիր մեխակների հեղափոխությունը Պորտուգալիայում, 1986թ.-ի Դեղին հեղափոխությունը Ֆիլիպիններում, 2003-ի Վարդերի հեղափոխությունը Վրաստանում, 2004-2005թթ. Նարնջագույն հեղափոխությունը Ուկրաինայում, 2005թ.-ի Կակաչների հեղափոխությունը Կիրգիզիայում եւ այլն: Գունավոր հեղափոխությունների շարքում վերջինը, իհարկե՛, հայկականն է, որ տեղի ունեցավ 2018թ. գարնանը: Բոլոր գունավոր հեղափոխություններն ավարտվել են իշխանափոխությամբ, առանց արյունահեղության, ծագելով անարդար նախագահական, խորհրդարանական ընտրությունների ու կոռուպցիայի պատճառով:
Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, ապա առ այսօր հայտնի են միայն երկու տնտեսական հեղափոխություններ՝ գյուղատնտեսական կամ նեոլիտիկ հեղափոխություն, երբ մարդ արարածը թողեց որսորդությամբ եւ բուսական ծագմամբ սնունդ հայթայթելու իր կացութաձեւը եւ անցավ հող մշակելուն ու անասուններ պահելուն:
Արդյունաբերական հեղափոխություն, երբ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբն ընկած ժամանակահատվածում ձեռքի աշխատանքին հետզհետե փոխարինելու եկան մեքենաները, կատարվեցին էլեկտրականության ու ռադիոյի գյուտերը եւ այլն:
Ցավոք, երրորդ տնտեսական հեղափոխությունը դեռ տեղի չի ունեցել, սակայն ոմանք փորձում են ազդարարել թվային (digital) տնտեսական հեղափոխության մոտալուտ գալուստը, ինչը միանգամայն հավանական է:
Այսպիսով, հնարավոր չէ հասկանալ, թե ներկայիս ՀՀ իշխանությունն այդ ի՞նչ տնտեսական հեղափոխություն է պատրաստվում անել, որ պատմությանը եւ գիտությանը հայտնի չէ: Իսկ եթե հարցեր լինեն համաշխարհային հանրության կողմից, ի՞նչ տրամաբանական պատասխաններ կտրվեն: Չե՞նք հայտնվի, արդյոք, անցանկալի եւ անհարմար վիճակում…
Կարծում եմ, փոխարենը՝ ավելի ճիշտ կլիներ ազդարարվեր տնտեսական կայուն զարգացման մեկնարկը Հայաստանում: Ե՛վ հասկանալի կլիներ, եւ՛ մանավանդ՝ համոզիչ…
Ինչ վերաբերում է տնտեսության թռիչքային զարգացմանը, ապա ցավոք, մենք չունենք ո՛չ տեխնիկական հզոր առաջընթացի տեսլական, ո՛չ էլ գերհզոր երկրների աջակցությունը, որն այնքա՜ն անհրաժեշտ կլիներ այն իրականացնելու համար: Չի կարելի պաշտոնապես հայտարարել տնտեսության թռիչքային զարգացման մասին: Դա հնարավոր է նաեւ որոշակի պատմական իրադարձությունների առկայության պայմաններում: Օրինակ՝ Հարավային Կորեան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թռիչքային զարգացրեց իր տնտեսությունը, որովհետեւ ստացավ Միացյալ Նահանգների, Ճապոնիայի եւ եվրոպական մի շարք երկրների աջակցությունը: Միայն Միացյալ Նահանգների ներդրումն այս երկրում կազմել է մոտ 35 մլրդ դոլար: Հարավային Կորեան աշխարհի ամենաաղքատիկ երկրից մի կարճ ժամանակամիջոցում դարձավ 12-րդ ամենահարուստ տնտեսություն ունեցող երկիրը: Շատ կարեւոր դեր խաղաց նաեւ կորեացիների աներեւակայելի աշխատասիրությունը: Թռիչքային տնտեսական զարգացում ապրեց նաեւ Իսրայելը, որին առ այսօր թե՛ բարոյապես եւ թե՛ նյութապես օգնում են Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Գերմանիան՝ դրամական մեծ հատուցում տալով վերջինիս հրեական Հոլոքոստի դիմաց: 1949-2019թթ. ընկած ժամանակահատվածում Իսրայելը ԱՄՆ-ից ստացել է մոտ 135 մլրդ դոլարի օգնություն, ներառյալ ռազմական ծախսերի համար: Հայաստանն այդպիսի հնարավորությունը կունենա միայն Հայոց ցեղասպանությունը հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված լինելու, Վիլսոնյան Հայաստանը վերադարձնելու դեպքում եւ, իհարկե՛, երբ 1.5 մլն հայերին բարբարոսաբար ոչնչացնելու համար, համաշխարհային առաջավոր ուժերի ճնշման տակ Թուրքիան ստիպված լինի դրամական խոշոր հատուցում տալու Հայաստանին:
ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆոռնիա, Գլենդել
«Առավոտ» օրաթերթ,
11.05.2019