Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չստացվեր այգու հեքիաթը, ոչ մի մասնագիտական բացատրություն չէր փոխհատուցի հիասթափությունը․ Թաթուլ Մանասերյան

Մայիս 12,2019 23:20

Մեկ ու կես տասնամյակ առաջ հյուրընկալվել էինք մի միջոցառման, ուր զրույցի բռնվեցի Հրանտ Վարդանյանի հետ: Քննարկելու շատ բան կար, բայց վերջում երկուսս էլ եկանք այն եզրահանգման, որ էն, ինչ մեր սրտով չէր այդ օրերին, շուտով իր լուծումը կստանա:  Մեր համոզմունքի հիմքում նոր սերունդն էր ու այն նոր որակը, որ հասունանալու էր ու դրանով՝ երկրի վիճակը ոչ թե լավ էր լինելու, այլ շատ լավ:

Արդեն մի քանի օր է՝ բոլորի խոսակցության առարկան է: Ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ լուրջ փաստարկներ են ներկայացնում առ այն, թե որքան ճիշտ լուծումներ են տրված բառացիորեն բոլոր կարևոր հարցերին:  Բայց ինձ համար շատ ավելի կարևոր է այն մանուկների ու դեռահասների հիացմունքը, որոնք բնավ ոչինչ չգիտեն այգու ոռոգման համակարգի, ջրի ֆիլտրման, նորատունկ ծառերի ու ծաղիկների անունների, ընտրված երփներանգ քարերի համադրության, ճարտարապետական կոմպոզիցիաների, գորգագործության, ազգագրության, զարդանախշերի, անգամ 2800- ամյա քաղաքի պատմության ու նույնաքանակ շատրվանների ու էլի շատ կարևոր հանգամանքների մասին:

Նրանց բերկրանքն ամենաթանկն է, որովհետև եթե չստացվեր այգու հեքիաթը, ոչ մի մասնագիտական բացատրություն չէր փոխհատուցի հիասթափությունը:  Բայց չստացվել չէր կարող, քանի որ հոգի էր դրված այդ ամենում:  Որովհետև այդ այգին պետք է ավելի լավը լիներ, քան գաղափարի հեղինակների ու կառուցողների տան այգին, որին չես կարող չհավատալ:  Որովհետև իրական երևանցին իր քաղաքին վերաբերվում է իր տան պես, իսկ իր սեփական տանը՝ որպես այդ տան սենյակի:  Եվ այդ ամենն առանց հետին մտքերի և քողարկված ինքնագովազդների:

Իսկ ամենամեծ նվաճումն, իմ կարծիքով այն է, որ այգում զբոսնող բազմաթիվ դեռահասների համար ծնվել է մեր ժամանակի հերոսի նոր կերպար:  Այլևս դա հաստավիզ թիկնապահի, օրինազանց ու անպատիժ օլիգարխի, կիսագրագետ, բայց մարտնչող ու միշտ կենսունակ պաշտոնյայի կերպարը չէ:  Պարզվում է, որ գործարարը կարող է լինել նաև զուսպ, բարեկիրթ, մարդասեր, արվեստասեր, նույնիսկ՝ մտածող, մտավոր ու մտահոգ մարդ:  Եվ պարզվում է՝ դրա դիմաց կարելի է բացարձակ ոչինչ չուզել:  Միայն երջանկություն պարգևել մարդկանց և կողքից նայելով՝ հիանալ, որ ստացվել է:

Ես էլ քայլեցի այգում, այն այգում, որը տարիների ընթացքում ինչ տեսք ասես, որ չի ունեցել:  Հիմա այն մի բառով կարելի է անվանել՝ հեքիաթային:  Իրականում կարելի է ամեն օր գալ այստեղ ու չհագենալ այն ներդաշնակությունից, որ հաջողվել է ստանալ:

Եվ վերջապես՝ այս ամենում կա Հրանտ Վարդանյանի ձեռագիրը:  Այն ձեռագիրը, որ խնամքով պահպանել ու անգամ զարգացրել են զավակները:

 

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031