«Կոնգրես» հյուրանոցում Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսին ներկա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Aravot.am-ին ասաց. «Այսօրվա միջոցառումը պակաս կարեւոր չէր լինի, եթե չլիներ այն հանգամանքը, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ իս, հակասահմանադրական եւ ապօրինի հետապնդման է ենթարկվում: Մենք որպես հասարակություն ավելի լավ գիտենք մեր հին պատմությունը, քան նորագույն պատմությունը: Սա, կարծեք, պարադոքս է, որը երեւի ունի իր օբյեկտիվ պատճառները, որովհետեւ նորագույն պատմությունը դեռ շարունակվում է, մենք միասին ենք կերտել այն:
Մենք սովոր ենք ավելի շատ գնահատել այն, ինչ ունեցել ենք, քան այն, ինչ ունենք այսօր: Գուցե բաներ կան, որ ժամանակին պատմել չէր կարելի: Բայց նորագույն պատմության համար շատ կարեւոր են սկզբնաղբյուրները՝ այն մարդկանց կողմից հեղինակված, որոնք եղել են պատմության կերտող մասնիկ: Եվ այս տեսակետից հայալեզու տարբերակը «Կյանք եւ ազատություն» գրքի, թույլ կտա ավելի մեծ լսարանի ծանոթանալու ՀՀ 2-րդ եւ Արցախի 1-ին նախագահի կարծիքների, տեսակետների եւ վկայությունների հետ: Ես կարդացել եմ ռուսալեզու տարբերակը եւ շատ-շատ դրվագներ լավ իմաստով ընդունել եմ որպես վկայություն:
Լավ կլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեր նմանատիպ մի գիրք, շատ լավ կլինի, եթե իմ կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը գրի: Գիտե՞ք, կա մի թյուրըմբռնում, որ մեմուարներ գրում են այն ժամանակ, երբ ներկայի եւ ապագայի հետ այլեւս կապ չունեն: Կարծում եմ՝ եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, ինչու չէ՝ նաեւ Լեւոն Տոր-Պետրոսյանի եղած եւ հնարավոր գրքերը չպետք է դիտվեն որպես մեմուարներ: Նրանք հիշողություն չեն մարդկանց կողմից, որոնք որ այլեւս ներկայի եւ ապագայի հետ կապ չունեն: Այսօրվա քաղաքական գործընթացները Հայաստանում այնպիսին են, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է, գուցե ակամայից, բայց քաղաքական լրջագույն գործոններից մեկը եւ այսօրվա եւ վաղվա Հայաստանի համար: Մաղթում եմ, որ հաջորդ տարբերակի, կլինի ֆրանսերեն, անգլերենը կամ որեւէ այլ լեզվով, շնորհանդեսին Ռոբերտ Քոչարյանը ներկա լինի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ