Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

7 մթերք, որոնք պատասխանատու են լավ տրամադրության համար

Մայիս 12,2019 23:00

Հայտնի է, որ մարդու տրամադրությունը կարող է ախորժակի լավացման կամ վատացման պատճառ դառնալ, սակայն ոչ բոլորը գիտեն, որ սնունդը նույնպես կարող է լավ կամ վատ տրամադրության պատճառ դառնալ։ Իհարկե, մենք արդյունքը միանգամից չենք տեսնում, բայց որոշակի մթերքների կանոնավոր օգտագործումն իրավամբ ազդում է մեր տրամադրության վրա։

Ինչպե՞ս է սնունդն ազդում տրամադրության վրա։

Երբ խոսք է գնում հոգեկան առողջության մասին, սննդամթերքի ընտրությունը շատ մեծ նշանակություն ունի։ Նշվում է, որ մարդը երկու ուղեղ ունի՝ մեկը՝ գլխում, մյուսն՝ աղիքներում, ընդ որում՝ երկուսն էլ ձևավորվում են ներարգանդային զարգացման ժամանակամիջոցում՝ միևնույն հյուսվածքից։

Այդ երկու համակարգերը կապվում են թափառող նյարդի միջոցով, որը գլխուղեղի ցողունով գնում է դեպի որովայն․ ներկայումս հաստատված է, որ թափառող նյարդը հիմնական երթուղին է, որի միջոցով աղիքային բակտերիաներն ինֆորմացիա են փոխանցում գլխուղեղին։

Ուստի աղիքների առողջության մասին հոգալով՝ մենք հոգ ենք տանում մեր հոգեկան կայուն վիճակի մասին։

Հետևաբար սնունդն իր բաղադրությամբ կարող է ինչպես բարենպաստ անդրադառնալ մեր տրամադրության և հոգեկան վիճակի վրա, այնպես էլ վատթարացնել այն։

Սկսենք տրամադրության վրա վատ անդրադարձող մթերքներից կամ դրանց բաղադրամասերից․

Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները նշանակալիորեն փոխում են աղիքների միկրոֆլորան, ինչի հետևանքով կարող է մեծանալ ախտահարույց բակտերիաների քանակն ու պակասել օգտակար մանրէների թիվը, իսկ վերջիններս, ինչպես արդեն պարզ դարձավ, անհրաժեշտ են ֆիզիկական ու հոգեկան առողջության պահպանման համար։

Գլիֆոսատ․ սա մշակաբույսերի համար օգտագործվող բավականին տարածված թունաքիմիկատ է։ Այս թունաքիմիկատի պատճառով մշակաբույսերը զրկվում են շատ սննդարար նյութերից, հատկապես հանքանյութերից (որոնք կարևոր դեր ունեն ուղեղի նորմալ կենսագործունեության և տրամադրության կայունության հարցում)։

Ֆրուկտոզայով հարուստ սննդակարգը նույնպես խթանում է ախտածին բակտերիաների աճն աղիքներում։ Բացի դա շաքարը ճնշում է գլխուղեղում աճի հիմնական հորմոնի (BDNF) ակտիվությունը։

Ի դեպ, դեպրեսիայի դեպքում այդ հորմոնի մակարդակը չափազանց ցածր է լինում։

Շաքարի չարաշահման արդյունքում օրգանիզմում մի շարք քիմիական ռեակցիաներ են առաջանում, որոնք նպաստում են խրոնիկ բորբոքումների առաջացմանը։ Արդյունքում բորբոքումը կարող է խաթարել իմունային համակարգի նորմալ գործունեությունն ու լուրջ վնաս հասցնել օրգանիզմին։

Եվ վերջապես, բազմիցս նշել ենք, որ շաքարը կարող է ինսուլինի ու լեպտինի նկատմամբ կայունություն առաջացնել։

Սննդային արհեստական բաղադրիչները, ինչպիսին օրինակ քաղցրացուցիչ ասպարտամն է, կարող են վնասել գլխուղեղի առողջությանը։ Ասպարտամի օգտագործման կողմնակի ազդեցություններից են դեպրեսիան ու տագնապի գրոհները։ Տրամադրության վրա բացասական են ազդում նաև արհեստական գունավորիչները։

7 մթերք, որոնք պատասխանատու են լավ տրամադրության համար․

Դառը շոկոլադ

Եթե մի կտոր դառը, որակյալ շոկոլադ ճաշակելիս ակամայից ժպտում եք, ապա դա ամենևին էլ պատահական չէ։ Այդ ժպիտն ունի իր քիմիական բացատրությունը՝ գլխուղեղում արտադրվում է անանդամիդ միջնորդանյութը, որը ժամանակավորապես արգելափակում է ցավի զգացողությունն ու ընկճախտի վիճակները։ Ընդ որում շոկոլադը ոչ միայն նպաստում է նշված միացության արտադրմանը, այլև պարունակում է այլ քիմիական նյութեր, որոնք երկարացնում են անանդամիդի ազդեցությունը։ Ի զուր չէ, որ շոկոլադը համարվում է «տագնապի դեմ նոր դեղամիջոց»։

Journal of Psychopharmacology ամսագրում տպագրված հոդվածում նշվում է մի հետազոտության մասին, որտեղ 2 խումբ է մասնակցել․․ մի խմբի մասնակիցները, որոնք ամեն օր օգտագործել են մոտ 40 գ դառը շոկոլադ պարունակող ըմպելիք, իրենց ավելի հանգիստ են զգացել մյուս խմբի մասնակիցների համեմատությամբ։

Սպիտակուց

Բարձրորակ սպիտակուցով հարուստ սննդամթերքները բազմաթիվ են, օրինակ՝ ձուն, պանիրը կամ նուշը․ դրանք օգնում են պահպանել արյան մեջ շաքարի կայուն մակարդակը՝ էներգիա ու լավ տրամադրություն պարգևելով։

Բանան

Բանանը դոֆամին է պարունակում՝ նյարդային համակարգի միջնորդանյութ, որը բարձրացնում է տրամադրությունը։ Բանանը հարուստ է նաև մագնեզիումով, В խմբի վիտամիններով, որոնք նյարդային համակարգը հանգստացնող ազդեցություն  ունեն։

Սուրճ

Սուրճն ազդում է նյարդային մի շարք միջնորդանյութերի վրա, որոնք պատասխանատու են տրամադրության համար․ ահա թե ինչու մեկ գավաթ սուրճն առավոտյան կարող է ազդել հոգեկան ընդհանուր վիճակի վրա՝ բարելավելով այն։ Հետազոտություններ կան, որոնց համաձայն սուրճը լավացնում է գլխուղեղի աշխատանքը։

Քրքում (քրքումին)

Քրքումինը քրքումին նարնջագույն երանգ հաղորդող բաղադրամասն է, որը պատասխանատու է քրքումի շատ օգտակար հատկանիշների համար։

Մոշ

Այս և այլ հատապտուղների մեջ պարունակվող անտոցիանները մոշին ու հապալասին հատկանշական մուգ գույն հաղորդող պիգմենտներն են։ Դրանք հակաօքսիդանտներ են, որոնք նպաստում են գլխուղեղում դոֆամինի արտադրմանը, դոֆամինն էլ իր հերթին օգնում է ուշադրության կենտրոնացմանը, մոտիվացիայի առաջացմանն ու տրամադրության լավացմանը։

Օմեգա-3

Կենդանական ծագման օմեգա-3 ճարպաթթուները պարունակվում են սաղմոն տեսակի ձկան և քրիլի յուղի մեջ։ Դրանք հսկայական կարևորություն ունեն հոգեկան առողջության համար։ Հետազոտություններից մեկի համաձայն օմեգա – 3-ի օգտագործումը կարող է 20 %-ով նվազեցնել տագնապի զգացողությունը։ Օմեգա-3 ճարպաթթուների ազդեցությունը նման է հակադեպրեսանտների ազդեցությանը, բայց առանց կողմնակի էֆեկտների։

Այնպես որ դուք արդեն գիտեք, թե ինչպես բարձրացնել ձեր և մյուսների տրամադրությունը՝ մեկ սալիկ դառը շոկոլադ, մեկ գավաթ բուրավետ սուրճ, բանանով ու մոշով մատուցված համեղ կաթնաշոռ․ էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ բժիշկ Ջոզեֆ ՄԱՐԿՈԼԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031