«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ոսկե մեդալով: Միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, գործարար և մտավորական Խաչիկ Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի գրավաճառության ասպարեզում, ինչպես նաև լայն զանգվածների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրությունը վերստին բարձրացնելու գործում ակնառու հաջողությունների համար:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները նկատել են, որ այս տարիների ընթացքում «Բուկինիստ» ընկերությունը ոչ միայն չքաղաքականացվեց, այլև կարևոր դերակատարում ունեցավ գրքի տարածման ու հասարակության շրջանում ընթերցանության խթանման գործում:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Խաչիկ Վարդանյանը նշել է, որ գրավաճառության բնագավառում աշխատած 46 տարիների ընթացքում իր առաքելությունը գրքի՝ որպես գիտելիքի հիմնական աղբյուր, տարածումն է եղել, ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և բարեկիրթ քաղաքացու ձևավորմանը նպաստելը:
Խաչիկ Վարդանյանի խոսքով, այս պարգևը Բուկինիստի մեծ ու գրքասեր կոլեկտիվի աշխատանքի լավագույն գնահատականն է: