Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը համարձակ է եւ ներողամիտ. շատ տարիներ առաջ մի կին փորձել էր «կիսլատա» թափել նրա վրա

Մայիս 11,2019 23:01

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փոքր տարիքից  երազել է սովորել թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, դառնալ ռեժիսոր, նրա երազանքն իրականացել է  մասամբ:

«Երբ դպրոցն ավարտեցի, մտքափոխվեցի, իհարկե,  ընդունվեցի թատերական ինստիտուտ, բայց ոչ թե ռեժիսորական, այլ թատերագիտության բաժին: Ուսանողական տարիներից սկսեցի տարբեր լրատվամիջոցների հետ համագործակցել, հետո հասկացա՝ ինձ ժուռնալիստիկան է հետաքրքրում, անմիջապես ինստիտուտից հետո գնացի «ԱՐ» շաբաթաթերթ, որի խմբագիրը Սամվել Մկրտչյանն էր, որը հետո դարձավ իմ ամուսինը: Նա ասաց՝այո, ձեզ կընդունենք աշխատանքի, բայց պետք է գնաք դիահերձարան, դիահերձման պահին հարցազրույց անեք դիահերձողի հետ:
Քանի որ ես համարձակ աղջիկ էի, գնացի անատոմիկ ու դիահերձողին ասացի՝ իմ ամբողջ կյանքը ձեզանից է կախված՝ ինձ կընդունեն կամ չեն ընդունի աշխատանքի, եթե ես հիմա դիահերձմանը ներկա գտնվեմ ու  դիահերձելուն զուգահեռ հարցազրույց անեմ ձեզ հետ: Հարցազրույցն արեցինք, մի բան եմ հիշում, որ հարցազրույցի հրապարակման հաջորդ օրը տարբեր թերթերի խմբագիրներ եկել էին մեր խմբագրություն, հարցնում էին՝ ով է այս աղջիկը, ուզում ենք տեսնել, որովհետեւ շատ հետաքրքիր հարցազրույց էր, ոճը կոտրում էր տաբուներ. այսպես սկսվեց իմ լրագրողական կարիերան»,- Aravot.am-ին պատմեց Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյանի՝  «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատանքի ընդունվելը համընկել է Նիկոլ Փաշինյանի՝ թերթի գլխավոր խմբագիր նշանակվելուն, նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հե՞շտ է եղել Փաշինյանի հետ աշխատելը ու  միջադեպեր չե՞ն ունեցել,ի պատասխան ասաց. «Երբեւէ «Հայկական ժամանակում» չի եղել պատվեր, թե լրագրողն ինչ գրի, որեւէ  անգամ Նիկոլը չի ասել՝ այս մարդու դեմ չի կարելի նյութ գրել, որեւէ անգամ չի ասել՝ այս նյութն այսպես փոխեք, այնպես փոխեք: Միջադեպեր, իհարկե, կարող էին լինել, բայց իրար հաստատ չենք ծեծել: Եղել է, ասենք նյութը կամ երեւույթը ներկայացնելու մոտեցման, կարծիքների տարբերություն, երկուսս էլ էմոցիոնալ մարդիկ ենք, բայց ինձ հետ բուռն միջադեպեր չեն եղել»:

Մեր դիտարկմանը, թե տարիներ անց ձեր նախկին խմբագիրը ԱԺ ամբիոնից ձեզ երեսով էր տալիս, թե իրականության զգացումը մի կորցրեք, դուք այլեւս «Հայկական ժամանակի» լրագրող չեք, որ անսահմանափակ խոսքի ազատություն ունենաք, որպես պատգամավոր ինչն է ձեզ կաշկանդում ու սահմանափակում, ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Վերջերս մենք խոսել ենք այդ թեմայով , ինքս եմ բացել այդ խոսակցությունը, որովհետեւ չէի ցանկանա, որ ինչ-որ մի բան չասված մնար մեր մեջ, ամբիոնում հնչեցրած իր այդ ելույթի հետ կապված: Բայց եթե դու մեծ քաղաքական թիմի անդամ ես, ինչ-որ տեղ, շատ դեպքերում, քո կարծիքը կարող է չհամընկնել քաղաքական թիմի հետ, այդ քննարկումները կարող ենք տանել թիմի ներսում, բայց եթե մեծամասնությունն ունի որոշում, ապա ենթարկվում է քաղաքական որոշմանը: Ես վստահ եմ, որ շատ դեպքերում, նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, համաձայն չլինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշումների հետ, ունենալով իր առանձին տեսակետը, ինքը շատ դեպքերում եւս ստիպված է եղել ենթարկվել վարչության որոշումներին, որովհետեւ քաղաքականությունն ունի իր կանոնները եւ դու չես կարող այդ կանոնների վրայից  թռնել»:

Նաիրա Զոհրաբյանը սկսել է  մասնակցել նորաձեւության  ցուցադրությունների, նրա խոսքով, օրական տարբեր հայտնի  լուսանկարիչներից ֆոտոսեսիաների առաջարկներ է ստանում, մտածում է նաեւ զբաղվել հագուստների մոդելավորմամբ.  «Նկատել եմ, որ շատ քաղաքական կին գործիչներ  ունեն ճիշտ հագուստ ու աքսեսուար ընտրելու խնդիր»:

Մեր դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ հագուկապը համացանցում քննադատության է արժանանում, ինքը հագուստի ու աքսեսուարի ընտրության խնդիր ունի՞, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Աննա Հակոբյանի բոլոր հագուստներին չեմ հետեւել, բայց հագուստներ կան, որոնք ես անպայմանորեն կփոխեի,  որովհետեւ դրանք իր կերպարին հարիր չեն»:

Նաիրա Զոհրաբյանը,ինչպես եւ շատ քաղաքական գործիչներ,  նույնպես մականուն ունի. նրա խոսքով, իրեն ասում են քաղաքական դաշտի Կլեոպատրա եւ քաղաքական դաշտի «ղառի դամա». «Հետո իմ ընդդիմախոսներն ինձ ասացին, որ երբ քեզ նայում էինք հեռուստացույցով, ասում էինք քաղաքական դաշտի ղառի դաման էլի խոսեց»:

Նաիրա Զոհրաբյանն իրեն համարում է ոչ միայն համարձակ, այլեւ ներողամիտ, այս առումով նա մի միջադեպ հիշեց, որը տարիներ առաջ էր իր հետ պատահել. «Տարիներ առաջ, երբ դուրս եկա մեր շքամուտքից, դեմս դուրս եկավ մի կին շատ այլայլված, ձեռքին տարա էր ու փորձեց այն շրջել իմ վրա, ես շատ արագ հետ գնացի, տարայի պարունակությունը վերարկուիս թափվեց ու շատ արագ վերակուս քայքայվեց, ես հասկացա, որ դա կիսլատա էր, հետո այդ կինը սառեց ու սկսեց լացել, հարցրի ինչի համար եք դա անում, ես ձեզ չեմ ճանաչում, իհարկե, հետո պարզվեց, որ պատճառն անձնական էր, բայց իրեն ասացի՝ գնա, ոստիկանություն չեմ կանչում, տարիներ անց այդ կնոջը պատահաբար փողոցում հանդիպեցի, նա ինձ շնորհակալություն հայտնեց, որ ոստիկանություն չդիմեցի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031