Գյումրու փողոցաշինությունը շարունակում է մնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում։ Նա օրերս իր ասուլիսի ժամանակ անդրադարձ էր կատարել այս խնդրին՝ մեջբերելով Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի կարծիքն առ այն, որ հասունացել է քրեական գործ հարուցելու պահը։ Վարչապետը հայտարարել էր, որ ինքը պիտի ապահովի, որպեսզի իրավապահ մարմինները օբյեկտիվ որոշում կայացնեն, ավելի ուշադիր պետք է լինի այս խնդրին։
Գյումրիում իրականացվող փողոցաշինության աշխատանքների շրջանակներում հատնաբերված ենթադրյալ խախտումների կապակցությամբ արդեն իսկ հարուցված է քրեական գործ։ Aravot.am-ը Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացքում է գործը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս 2019 թվականի մայիսի 2-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին և 214 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում իրականացվող փողոցաշինության աշխատանքների շրջանակներում հայտնաբերված ենթադրյալ խախտումների կապակցությամբ։ Եվ այդ քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։
Այսքանից հետո մարզում կան մարդիկ, որոնք առանց դատախազի կամ դատախազության սահմանադրական լիազորությունների, իրավասությունների մասին նվազագույն պատկերացումներ ունենալով, թույլ են տալիս մերկապարանոց հայտարարություններ՝ փորձելով ստվերել մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների գործունեությունը։ Բացի այդ, մարդիկ, նույնիսկ տեղյակ լինելով նույն հարուցված քրեական գործի մասին, դարձյալ կատարում են նույն մերկապարանոց հայտարարությունը։
Կարդացեք նաև
Դատախազը և մյուս իրավապահ մարմինների ներկայացուցիչները իրավասություն չունեն ամեն հրապարակման կամ ամեն փողոցով անցնելիս և փոս հայտնաբերելիս վարույթ հարուցել, քանզի դրա համար անհրաժեշտ են բավարար հիմքեր և առիթներ։ Չի եղել երբևէ որևէ դեպք, երբ իրավասու մարմինը ենթադրյալ հանցագործության կատարման մասին տվյալներ փոխանցի մարզի դատախազություն կամ մարզի մյուս իրավապահ մարմիներին և դրան պատշաճ ընթացք չտրվի։ Կան պատկան իրավասու մարմիններ՝ նույն մարզպետարանը, քաղաքապետարանը, շինարարության նկատմամբ հսկողություն իրականացնող այլ սուբյեկտներ, որոնք իրենց լիազորությունների շրջանակում իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր են դիմել իրավապահ մարմիներին։ Նույնիսկ նմանաբովանդակ գրություն իմ կողմից հասցեագրվել է Շիրակի մարզպետին»,-ասաց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ