Քիչ առաջ ավարտվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որը տևեց մոտ 9 ժամ:
Քվեարկությունը տեղի ունեցավ երկու փուլով, առաջին փուլում 4 թեկնածուներից հավասար ձայներ էին հավաքել բանասիրական գիտությունների դոկտոր, Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանն ու տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ հիմնադրամի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Անդրանիկ Սարգսյանը: Նրանք երկուսն էլ ստացել էին վեցական ձայն:
Երկրորդ փուլում Անդրանիկ Սարգսյանը ստացավ 9 քվե, Լուսինե Ֆլջյանը՝ 6 քվե, 5 հոգի էլ բոլորին դեմ էին քվեարկել:
Կարդացեք նաև
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն, ամփոփելով արդյունքներն ու շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին ու թեկնածուներին, շեշտեց, որ հանրության աչքի առջև կազմակերպել են բաց, թափանցիկ և մասնակցային ընտրություններ:
«Արդյունքում ստացվեց այնպես, որ մենք այսօր չկարողացանք ռեկտոր ընտրել, բայց կարծում եմ մենք ամեն ինչ արել ենք օրենսդրականության, արդարության և բարեխղճության շրջանակներում, այսպես է ստացվել, ավելի ծանր բաներ ենք տեսել մեր կյանքում»,-ասաց Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ երկրորդ անգամն է՝ չի հաջողվում ռեկտոր ընտրել. մարտի 2-ի կայացած մրցույթին ևս այս երկու թեկնածուներն էին պայքարում ռեկտորի թափուր պաշտոնի համար, սակայն նրանից ոչ մեկը չընտրվեց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ