Shamshyan.com – Արդեն մեկ ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, ու վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան: Հետիոտնը, որը բնակվում է նշված փողոցում, տեղում մահացել է, ինչի համար էլ բնակիչները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի:
Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Բնակիչները հրաժարվում էին ճանապարհը բացել, սակայն ընդառաջելով բաժնի պետ Ա. Պապյանին, ճանապարհի մի հատված ժամանակավորապես բացեցին:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բրիգադը, և բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում Renault-ի վարորդին: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում է նաև «Վարորդի ընկեր» հասրակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, որը նշեց, որ ինքը մի քանի անգամ իրենց կազմակերպության անունից դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի Մյասնիկյան պողոտայում 3 հատ՝ այդ թվում նշված վայրում, վերգետնյա անցումներ կառուցեն, սակայն լինում է այն, ինչպես միշտ լինում է նման ողբերգական դեպքերի ժամանակ. պատկան մարմինները գալիս են, բնակիչների ականջներին «լապշա» են կախում ու թողնում, գնում են:
Բնակիչների հետ հանդիպման նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով դեպքի վայր ժամանեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով տեղեկացրեց, որ խնդրին թե քաղաքապետարանը, թե ճանապարհային ոստիկանությունը տեղյակ են, իրենք ուսումնասիրել են խնդիրը ու հայտնեց, որ 2-3 ամսում հարցը կարգավորվելու է հօգուտ բնակիչների:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: