Լրահոս
Օրվա լրահոսը

Կա ՞ արդյոք կոռուպցիա Շիրակի մայր բուհում. ինտրիգային հարց՝ ռեկտորի թեկնածուներին

Մայիս 11,2019 18:56

Առավոտյան ժամը 11-ից մինչ այս պահը Շիրակի պետական համալսարանում ընթանում է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Պաշտոնին հավակնող 4 թեկնածուները՝ Անդրանիկ Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Լուսինե Ֆլջյանը և Սամվել Ալեքսանյանը բավական մանրամասն ներկայացրեցին բուհի զարգացման իրենց ծրագիրը: Այնուհետ հոգաբարձուների խորհրդի անդամները հարց ուղղեցին թեկնածուներին:

Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը նրանցից հետաքրքրվեց, թե զբաղվե՞լ են քաղաքականությամբ ու իրենց կարծիքով՝ կա՞ արդյոք կոռուպցիա Շիրակի պետական համալսարանում:

Երկար տարիներ բուհի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած Սամվել Ալեքսանյանն ասաց, որ երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, երբևէ որևէ կուսակցության անդամ չի եղել: Բուհի նախկին պրոռեկտորը նշեց, որ վերջին շրջանում կոռուպցիոն դեպքեր համալսարանում չեն արձանագրվել:

Բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ֆլջյանը, որը ևս աշխատել է այս բուհում, այժմ Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր է, ասաց. «Կոռուպցիա ասելով պետք է  հասկանանք և կաշառակերությունը, և հովանավորչությունը, և այն գործողությունները, որոնք հակասում են օրենսդրությանը: Ես ութ տարի աշխատելուց հետո մի քանի տարի այստեղ չեմ աշխատել , կարող եմ մի դիտարկում օրինակ բերել ուսումնասիրությունների հիման վրա, որն իրականացրել եմ բուհի կողմից տրամադրված և կայքում տեղադրված փաստաթղթերի հիման վրա: Օրինակ՝ այս դահլիճի վրա «Նոր կենտ» ծրագրի շրջանակում ծախսվել է 13 միլիոն դրամ՝ այս գույքը ձեռք բերելու, սեղան, աթոռ և մի քանի պարագաներ, որը մոտավորապես կազմում է 26 հազար դոլար: Ինչե՜ր կարելի է անել 26 հազար դոլարով»:

Թեկնածուն ասաց, որ զբաղվել է գիտությամբ և ժամանակ չի ունեցել որևէ կուսակցության անդամ դառնալու:

Թեկնածուներից Արամ Կարապետյանն էլ, անդրադառնալով կոռուպցիային, ասաց. «Գիտե՞ք Անգլիայում ոնց է արտահայտվում կոռուպցիայի երևույթ, նույնիսկ ասացվածքների մակարդակով, ասում է՝ կարևոր չէ՝  ինչ գիտես, կարևոր է՝ ում գիտես: Դա Անգլիայում, որն աշխարհին սովորեցնում է դեմոկրատիա և ուզում են զերծ մնալ կոռուպցիայից: Մենք, կարծում եմ, Անգլիային դեռ չենք հասել, ես կարծում եմ եթե կոռուպցիա կա, դա թաքնված ձևով է, մեծ մասը զերծ է և կարելի է այնպես անել, որ ընդհանրապես չլինի կոռուպցիա: Քաղաքական պաշտոններ չեմ զբաղեցրել, միշտ տնտեսական կամ ուսումնասական գործով եմ զբաղվել»:

Թեկնածուներից Անդրանիկ Սարգսյանն էլ, որը ՇՊՀ հիմնադրամի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս է, ասաց, որ մի քանի բուհում աշխատելով՝ ժամանակ չի ունեցել զբաղվել քաղաքականությամբ, սերունդ է կրթել:

«Տվյալ պահին Շիրակի պետական համալսարանում կոռուպցիա հասկացությունը վերացած է, գործում է հովանավորչություն ինչ-որ տեղ, բայց կոռուպցիա չկա»,-հայտարարեց թեկնածուն:

Արդեն ձևավորվել է հաշվիչ հանձնաժողովը, վայրկյաններ հետո կսկսվի քվեարկությունը:

Քվեարկությունն ավարտվեց. Սամվել Ալեքսանյանը ստացավ 2 ձայն, Անդրանիկ Սարգսյանը 6 ձայն, Արամ Կարապետյանը` 1 ձայն, Լուսինե Ֆլջյանը` 6 ձայն: Դեմ են քվեարկել 4 հոգի, 1 քվեաթերթիկ անվավեր է: Այժմ տեղի է ունենում քվեարկության երկրորդ փուլը. մրցակցում են հավասար ձայներ ստացած երկու թեկնածուները` Լուսինե Ֆլջյանն ու Անդրանիկ Սարգսյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031