Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիրգրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծն Արփի լճում է)։
Մաքրման աշխատանքների ավարտից հետո կազմակերպվել է էքսկուրսիա Որորների կղզու հարակից ափ, դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է թռչունների դիտարկում և լուսանկարահանում։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի աշակերտներ, Պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ, Հայաստանի թռչնադիտորդների ասոցիացիայի, «TSE Դեպի կայուն համակարգեր» և ISSD հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Սևան» ազգային պարկի աշխատակիցներ։
Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի «Չվող թռչունների համաշխարհային օրվա» (մայիսի 12) խորագիրը ՄԱԿ-ը սահմանել է «Թռչունները և պլաստիկը»։ Աղաբաբյանը ներկաներին իրազեկել է ջրլող թռչուններին սպառնացող վտանգների՝ հատկապես ջրավազանները պլաստիկով աղտոտելու վտանգների մասին, ծանոթացրել թռչունների հաշվառման և օղակավորման աշխատանքների հետ։
Կարդացեք նաև
Մաքրման արդյունքներում տարանջատված պլաստիկը ISSD հասարակական կազմակերպությունը տեղափոխել և հանձնել է վերամշակման։
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ