«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի դիրքերը չեն թուլացել»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման համոզմունք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2018թ.-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց, քանի որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում նրան առաջադրված է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը ուզում էր տեսնել Վաղարշակ Հարությունյանին, սակայն Բելառուսի հետ անհամաձայնության արդյունքում 2018թ.-ին որեւէ նշակում չեղավ, եւ առաջիկայում ՀԱՊԿ-ը քննարկելու է կանոնադրությունում փոփոխություն մտցնելու ՀՀ-ի առաջարկը:
Անդրադառնալով գնահատականներին, թե ՀԱՊԿ ղեկավարության համար ընդունելի չէր ՀՀ-ի այն մոտեցումը, որ առանց նախազգուշացման եւ նախապատրաստական աշխատանքի՝ Խաչատուրովը հետ կանչվեց, Վաղարշակ Հարությունյանը նշեց. «Խնդիրն այսօր ոչ թե որեւէ անձի թեկնածությունն է կամ ՀՀ-ի մոտեցումը, այլ հետեւյալը. ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված չի եղել, թե ժամանակից շուտ գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցման դեպքում ինչ պետք է անել:
Հայկական կողմը ճիշտ մոտեցում է ցուցաբերել եւ հիմա ներկայացնում է կանոնադրության փոփոխություն՝ նշյալ խնդրի լուծման համար»: Այս գործընթացում Վաղարշակ Հարությունյանը բացասական երեւույթ չի տեսնում. «ՀԱՊԿ-ում ՀՀ-ի դիրքերը որեւէ անգամ չեն թուլացել: ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, որոնք բացահայտվեցին այս ընթացքում, բայց այդ մասին այլ առիթով կխոսենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ