Շիրակի պետական համալսարանում այս պահին տեղի է ունենում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Հիշեցնենք, որ սա թվով երկրորդ մրցույթն է: Նախորդ մրցույթին, որը տեղի ունեցավ մարտի 2-ին ու տևեց մոտ 9 ժամ, այդպես էլ ռեկտոր չընտրվեց:
Ինչպես ներկայացրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, 6 հոգի էին դիմել ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն 2 հավակնորդ հայտունակ չեն եղել: Թեկնածուներից 3-ն են եղել հայտունակ, 4-րդ թեկնածուի հարցում դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարին` խնդրելով ուսումնասիրել և գնահատական տալ` համապատասխանում է չափորոշիչներին, թե՞ ոչ:
Դրական պատասխան ստանալուց հետո նրան ևս գրանցել են որպես թեկնածու: Այս պահին մրցում են չորս թեկնածուներ` Անդրանիկ Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Լուսինե Ֆլջյանը և Սամվել Ալեքսանյանը: Նշենք, որ նրանցից երկուսը` բանասիրական գիտությունների դոկտոր, Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանն ու տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ հիմնադրամի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Անդրանիկ Սարգսյանը երկրորդ անգամ են մասնակցում մրցույթի:
Կարդացեք նաև
Թեկնածուներից Սամվել Ալեքսանյանը երկար տարիներ զբաղեցրել է այս բուհի պրոռեկտորի պաշտոնը, իսկ Արամ Կարապետյանը Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի դասախոս է: Լևոն Բարսեղյանը նշեց, որ չգրանցված երկու թեկնածուները խոստացել են դատի տալ հոգաբարձուների խորհրդին:
Նրանցից մեկը ՇՊՀ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Վարդան Մելքոնյանն է, մյուսը՝ Սուրեն Ավդալյանը, որը ՀԿ- նախագահ է:
Նշենք, որ ի տարբերություն նախորդ մրցույթի, այս անգամ հոգաբարձուների խորհրդի նիստին պրոֆեսորադասախոսական անձնակազմից քչերն են մասնակցում, հետաքրքությունը կարծես նվազել է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ