ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի (Civil military Emergency Preparedness Program – CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին:
Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ CMEP գնահատման` պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների մասին համապարփակ վերլուծության արդյունքում կներկայացվի զեկույց, որում ներառված առաջարկությունները հնարավորություն կտան բարելավել համապատասխան իրավական շրջանակը, ոլորտային քաղաքականությունները, հստակեցնել պետական առանցքային շահագրգիռ կողմերի դերերն ու պարտականությունները, այդ թվում` ՀՀ ՊՆ և ԶՈՒ` աղետներին արձագանքելու կարողությունները:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել խմբի աշխատանքները քաղաքացիական պատրաստվածության կարողությունների զարգացման նպատակով, կարևորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները:
CMEP ծրագիրը, որը համակարգվում է Անվտանգության կառավարման ինստիտուտի կողմից, իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության և ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հետ համագործակցության շրջանակներում։
ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ