«Սեւանը քաղցրահամ ջրի կարեւորագույն պաշարն է եւ զբոսաշրջության գարգացման նախադրյալ, բայց խոստովանենք, որ լիճը եւ ափերը կրում են վերջին երեսուն տարում ՀՀ-ում տեղի ունեցած գործողությունների բոլոր շերտերը՝ առանց բացառության: Ափերով շրջելիս կարելի է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել ՀՀ-ն: Սեւանի առափնյա միջավայրը պետք է համապատասխանեցնել տեսարժան վայրի չափանիշներին»,-«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ Գավառում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով մարզ այցեյած հայաստանցի եւ օտարերկրյա ներդրողներին՝ նա վստահեցրեց, որ ՀՀ-ում ներդրումային միջավայրը փոխվել է, մենաշնորհային եւ կոռուպցիոն տրամաբանությունը՝ վերացել:
«Բոլոր նախագծերը կարող ենք բաց եւ թափանցիկ քննարկել: ՀՀ-ում տնտեսական բոլոր խաղացողների համար պետք է ապահովվեն հավասար պայմաններ: Չեմ կարող ասել, որ հիմա դրանք ապահովված են. մեր գործողությունները շատ բան փոխել են, բայց նորից պետք է դաշտը ուսումնասիրենք եւ տեսնենք, թե որտեղ են մնացել արտոնյալության դրսեւորումները: Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում գործարարների ակտիվությանը, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողների»,-փաստեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր Հայաստանում առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները. «Դա մեզ համար առաջնահերթություն է եւ երկարատեւ աշխատանք է պահանջում: Մենք ունենք բավարար կամք՝ այն մինչեւ վերջ իրականացնելու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ