Գավառում այս պահին ընթանում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ավելի քան 100 գործարարներ ու ներդրողներ՝ ՀՀ-ից եւ արտերկրից: Հատկանշական է, որ Ռուսաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած մոտ 40 գործարար ծնունդով Գեղարքունիքի մարզից են:
«Շատ ուրախ կլինեմ, եթե այս համաժողովի արդյունքում նրանք տեղափոխվեն հայրենիք, ապրեն եւ արարեն այստեղ»,- հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նրա բնորոշմամբ՝ Գեղարքունիքում տնտեսության բոլոր ճյուղերը չէ, որ պետք է զարգացնել. «Առաջնայնություն ենք տվել այլընտրանքային էներգետիկայի, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացմանը: Մենք կարող ենք զարգացնել էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը: Մեր մարզն ունի բոլոր նախադրյալները էկոմարզ դառնալու: Զբոսաշրջության զարգացման համար Սեւանը մեծ հնարավորություններ է տալիս, բայց մենք ունենք նաեւ 10 000-ից ավելի բնական եւ պատմական հուշարձաններ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ