Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձակելու վերաբերյալ Արցախի ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին։
«Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»,- ասել էր Վիտալի Բալասանյանը։
Վիտալի Բալասանյանի այս մեկնաբանությանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն։
«Եթե չեմ սխալվում՝ վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ լինելով, իր իսկ պնդմամբ՝ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:
Կարդացեք նաև
168.am-ն այս ամենի վերաբերյալ զրուցեց Վիտալի Բալասանյանի հետ։
– Ըստ ՀՀ վարչապետի խոսնակի, Ձեր պաշտոնը զբաղեցնող պաշտոնյան իր մեկնաբանություններում պետք է մի քիչ զուսպ լիներ։ Ձեր մեկնաբանության մեջ ի՞նչն է անզուսպ՝ըստ Ձեզ։
– Նախ՝ այդ հարցն ուղղեք պարոն Վլադիմիր Կարապետյանին, երկրորդ՝ նա չէ, որ պետք է իմ հայտարարություններին գնահատական տա ու ասի, որն է լուրջ կամ անլուրջ։ Իմ խոսքում որևէ անզուսպ հայտարարություն չկա։ Լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ Արցախի երկու նախագահները դիմել են, և ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները պետք է հարգեին։
Չենք ասել, որ իրավապահներն այդ գործը պետք է կասեցնեին, եթե նա որևէ բան է կատարել, ապա պետք է պատասխան տա օրենքի տառին համապատասխան։ Ասածն այն է եղել, որ, եթե չեն հարգել Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահների դիմումը կամ խնդրանքը, ապա սխալ են արել, քանի որ մենք փորձում ենք միասնաբար նշել այդ օրը։
Սա է եղել կարևորը, որ Հայաստանի իշխանություններին Արցախի իշխանություները համախմբվածության կոչ են անում, և անհրաժեշտ էր, որ այդ կոչին ընդառաջ քայլ անեին։ Սա է եղել իմ անձնական կարծիքը, բայց եթե մարդիկ կան, որ իմ անձնական կարծիքը վերածում են պաշտոնական հայտարարության, խնդիր չկա՝ դա նրանց գնահատականն է։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում
Ով ունի իրավունք վերոնշյալին գնահատական տալ՝ այդպես էլ չիմացանք: