Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան էլ պահածոյացված բամիա արտահանվի, երկրի արտահանման ամենաեկամտաբեր ճյուղը հանքարդյունաբերությունն է․ «168 ժամ»

Մայիս 11,2019 10:25

Դժվար է ասել, թե ով է խորհուրդ տվել վարչապետին անընդհատ շեշտել, թե հանքարդյունաբերության վրա հենված տնտեսությունը վատ բան է։  Դա վատ խորհուրդ է: Մի քանի պատճառով: Նախ, որքան էլ պահածոյացված բամիա ու ծիրանի կոմպոտ արտահանվի, երկրի արտահանման ամենաեկամտաբեր ճյուղը, միևնույն է, հանքարդյունաբերությունն է: Ոչ մի «տնտեսական տրանսֆորմացիա» չի փոխի այն պարզ իրողությունը, որ պղինձն ու ոսկին բամիայից թանկ են:

Այս, հաջորդ ու նաև մյուս տարին ամփոփելիս՝ ՀՀ վիճվարչության տվյալները ցույց կտան, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ արտահանման առաջատարը՝ արտարժույթի մուտքերի առումով:

Ու այդ դեպքում քննադատներն արդարացի հարց կտան վարչապետին՝ բա ո՞ւր են «Մերսեդեսի» շարժիչի արտադրությունը, «Տեսլա» տիեզերանավի մասերի արտադրությունը, ներդրումները Հայաստանում Apple-ի գործարանի մեջ: Եթե հաջորդ տարիներին էլ է կառավարության տնտեսական թիմը պատրաստվում հանքարդյունաբերությանը հակադրել լոբու արտահանման աճը, ապա դա ոչ մի բանով չի տարբերվի «Ջերմուկով երկիր պահելու»  90-ականների տնտեսական կոնցեպտից:

Իսկ գիտե՞ք, թե ո՞ր երկրի տնտեսությունն է հիմնված հանքարդյունաբերության վրա: Կանադայինը: Կանադան աշխարհի հանքանյութի ամենախոշոր մատակարարն է: Անցյալ տարի մեր վարչապետը Կանադայի Վարչապետ Ջասթին Թրյուդոյին հայկական գուլպաներ նվիրեց: Թրյուդոն ժպիտով լուսանկարվեց զոլավոր գուլպաներով, բայց, չգիտես ինչու, հայկական տեքստիլով ոգևորված չվերադարձավ Կանադա և կոչ չարեց հրաժարվել հանքարդյունաբերությունից ու փոխարենը՝ գուլպայի արտադրություն սկսել:

Որովհետև ինստիտուտների, օրենքի ու տնտեսական գիտելիքի վրա հիմնված երկրներում թացը չորից տարբերում են ինստիտուցիոնալ մակարդակում ու կարողանում են և՛ որակյալ հանքարդյունաբերություն ունենալ, և՛ դիվերսիֆիկացված տնտեսություն: Իսկ այն երկրներում, որտեղ տնտեսությունը կախված է տնտեսության մասին աղոտ պատկերացում ունեցող մեկ անձի վիճելի տնտեսական «նոու-հաուներից», աղքատությունը չի հաղթահարվում՝ ո՛չ մարդկանց գլխում, ո՛չ սառնարաններում:

 

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031