Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրարայինի դասախոսը պատասխանում է՝ ծովախուզուկի վրա կատարված փորձն արգելված չէ

Մայիս 11,2019 14:00

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի 02.05.2019 թվականին տպագրված «Դաժան փորձ` Ագրարային համալսարանում» հրապարակմանը՝ ՀԱԱՀ-ի Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի եւ ախտաբանական անատոմիայի ամբիոնի դոցենտ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Աշխեն Գրիգորյանը նշում է, որ հոդվածում տեղ գտած փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Ա. Գրիգորյանը մեջբերելով հոդվածում տեղ գտած այն միտքը` «ինչպես ուսանողներն են վկայում, ախտաբանական ֆիզիոլոգիայի դասախոս Աշխեն Գրիգորյանը ուսանողներին նախապես զգուշացրել է` այս փորձը դաժանության համար ծրագրից հանված է, բայց, եթե ուսանողներն ուզում են տեսնել, թե ինչպես է սատկում կենդանին, կարող են իրենք բերել կենդանուն եւ այդ փորձը միասին կատարել: Փորձը կատարվել է ծովախոզուկի վրա», նշում է. «Դասախոս Աշխեն Գրիգորյանը ուսանողներին նախապես նման բան չէր կարող ասել այն պարզ պատճառով, որ փորձը նախատեսված է «Ախտաբանական ֆիզիոլոգիա»-յի առարկայական ծրագրում եւ օրացույցային պլանում (բնօրինակները կցվում են): Ծրագրից, երբեք չի հանվել եւ չի հանվելու, քանի որ ուսումնասիրվող խնդիրը շատ արդիական է, հաճախ հանդիպող եւ ունի բավականին վտանգավոր հետեւանքներ: Խնդրի ճանաչումը հնարավորություն է տալիս խուսափել անկանխատեսելի հետեւանքներից»:

Նյութում նշել էինք, որ ծովախոզուկը մի քանի օր տանջվելուց հետո` սատկել է: Մի քանի օր հետո հերձել են օրգանների վիճակը տեսնելու համար:

Ըստ դասախոս Գրիգորյանի, անաֆիլակտիկ շոկը կենսաբանորեն պատկանում է գերարագ ընթացող գործընթացներին: Հետեւաբար ընդհանուր փորձի տեւողությունը եղել է, ոչ թե մի քանի օր, ինչպես նշված է հոդվածում, այլ ընդամենը առավելագույնը 1-3 րոպե: Իսկ հերձումը կատարվում է ամիջապես, որպեսզի հնարավոր լինի արձանագրել ախտաբանական փոփոխությունները. «Ավելի ուշ հերձման դեպքում ախտաբանական փոփոխություններն այլեւս տեսանելի չեն լինի»:

Նշել էինք, որ փորձը որեւէ գիտական նպատակ չի հետապնդել:

«Այն հարցին, որ փորձը որեւէ գիտական նպատակ չի հետապնդել, պատասխանում եմ, որ ուսումնական գործընթացի նպատակը ուսուցանելն է, պրակտիկ գիտելիքների ձեռքբերումը, այլ ոչ թե գիտական հայտնագործություններ անելը, իսկ «Ախտաբանական ֆիզիոլոգիայի» հիմքը փորձն է, որի ընթացքում կատարվում է ախտաբանական գործընթացների մոդելավորում լաբորատոր կենդանիների վրա՝ ուսուցման, հետազոտման նպատակով: Ընդ որում, առարկայի շրջանակներում կատարվող եւ ոչ մի փորձ արգելված չէ ոչ մի կոնվենցիայով, այդ թվում նաեւ ՀՀ օրենսդրությամբ, եւ կատարվում է բոլոր բժշկական, կենսաբանական եւ անասնաբուժական բուհերում, ամենուր, որտեղ դասավանդվում է «Ախտաբանական ֆիզիոլոգիա» առարկան»:

Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած ոլորտի մասնագետի այն մտքին, որ տվյալ դասախոսն իրավունք չուներ դրսից լսարան որեւէ կենդանի բերելու, որովհետեւ չի բացառվում, որ կենդանին կարող էր վարակված լինել ու շրջապատի համար վտանգ ներկայացնել, Աշխեն Գրիգորյանը պատասխանում է. «Նշեմ, որ ծովախոզուկները մարդու հետ գրեթե չունեն ընդհանուր հիվանդություններ եւ ծովախոզուկները՝ լինելով լաբորատոր կենդանիների շարքում ամենանուրբը եւ զգայունը (նրանց վրա կատարվում են առավել ճշգրիտ փորձեր), անկում են նույնիսկ աննշան հիվանդություններից եւ շատ կարճ ժամանակահատվածում, ավելի հասկանալի, ծովախոզուկը գրեթե չի կարող հիվանդ լինել: Ասեմ ավելին, փորձից առաջ ծովախոզուկին որոշ ժամանակ պահել ենք ամբիոնում հիվանդությունները բացառելու համար (կարանտին), պահպանվել են փորձի բոլոր կանոնները եւ դիակը, ըստ կանոնների վնասազերծվել է: Ծովախոզուկի համար այդ ժամանակահատվածը բավարար է»:

Այն առնչությամբ էլ, որ չի թույլատրվում հենց այնպես բռնել ու կենդանուն սպանել, տիկին Գրիգորյանն ասաց` «Փորձը կատարում է ոչ թե քմահաճույքով, այլ կատարում է իր ֆունկցիոնալ պարտականությունները, որոնցից առաջինը առարկայական ծրագրի լիարժեք կատարումն է»:

Նշել էինք նաեւ, որ ուսանողները պրակտիկ հմտություններ կարող են ձեռք բերել՝ մշակելով կենդանիների դիակները, որոնք սատկել են դժբախտ պատահարի հետեւանքով, կամ սատկել են անբուժելի հիվանդության պատճառով:

Այս առնչությամբ էլ Աշխեն Գրիգորյանն ասաց. «Նշեմ, որ ախտաբանական գործընթացները հնարավոր չէ ուսումնասիրել դիակների վրա: Այդպիսի առաջարկը առնվազն անտեղյակություն է: Դիակների վրա միայն կարելի է ուսումնասիրել մահվան ելքով ախտաբանական գործընթացները: Բայց սա արդեն լրիվ ուրիշ առարկա է՝ «Ախտաբանականան անատոմիա» եւ նախորդի հետ, գործնական առումով, ընհանուր գրեթե ոչինչ չունի: Իսկ դժբախտ պատահարներից անկած կենդանիների մոտ ախտաբանական լուրջ գործընթացներ հայտնաբերելու հավանականությունը շատ չնչին է, քանի որ պատահարների են ենթարկվում առավելապես առողջ կենդանիները: Իսկ մեր նպատակը ախտաբանական գործընթացների ուսումնասիրությունն է, հետագա բուժման նպատակով ավելորդ անկումներից խուսափելու համար»:
Ըստ Աշխեն Գրիգորյանի, իր հայրն էլ եղել է վաստակավոր անասնաբույժ, անասնաբուժության հիմնադիրներից, բացի այդ, նրա խոսքով, «դաժան փորձ» կատարող դասախոսը հեղինակ է մեկ թեկնածուական ատենախոսության, մոտ 50 գիտական հոդվածների՝ հրատարակված տեղական եւ միջազգային պարբերականներում (30-ը 2010թ. հետո), մեկ լիարժեք ավարտված, դեռեւս չպաշտպանած դոկտորական ատենախոսության, մեկ ՀՀ հեղինակային արտոնագրի, որոնք բացառապես նվիրված են կենդանիների կյանքի որակը եւ կենսագործունեությունը լավացնելու խնդրին, հետեւաբար չէր կարող մի շարք կարեւոր հարցեր անտեսել:

Լ. Բ.

«Առավոտ» օրաթերթ, 

10.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031