Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պետություններից առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մայիս 11,2019 13:30

Թուրքական ռազմական տրիբունալի դատաքննության փաստաթղթերը (1919թ.) պետք է օգտագործվեն

Արդեն 25 տարի է, սկսած 1994թ.-ից, ինչ ԱՄՆ գործող նախագահը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ամենամյա ուղերձ է հղում, իսկ ողջ հայությունը` հետեւում, թե ինչպես է նա մեր ազգի ողբերգությունը անվանելու։ Շարունակելով նախագահ Օբամայի կողմից ստեղծված «ավանդույթը»` այս տարվա ուղերձում նախագահ Թրամփը նույնպես օգտագործեց «Մեծ եղեռն» («Meds Yeghern») արտահայտությունը. այն, ինչը մենք՝ հայերս ենք հաճախ օգտագործում (եւ կասեի՝ զգում)։ Դիտարկելով աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման միտումը` 2016թ.. սեպտեմբերին իմ կողմից ուղղված բաց նամակում (https://168.am/2016/10/16/701114.html) անդրադարձել էի վերը նշված հարցին: Դրանցում բարձրացված մի քանի դրույթներ այստեղ շեշտադրում եմ` հասկանալով, որ նոր գաղափարները լայնորեն ընդունվելու համար ժամանակ է պահանջվում։

Հայտնի է, որ երբ «ցեղասպանություն» բառը 1944թ.-ին առաջին անգամ ներկայացվեց Ռաֆայել Լեմկինի կողմից, հայկական կամ հրեական ցեղասպանություններն արդեն տեղի էին ունեցել։ Բառն իրավական իմաստ ստացավ միայն ՄԱԿ-ի կողմից 1948թ. «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման» կոնվենցիայի ընդունումից հետո։ Դրանից շատ ավելի ուշ՝ 1960-ականներին, երբ «Հոլոքոստ» անվանումը սկսեց գործածվել, ժամանակի հետ այն դարձավ Հրեական ցեղասպանության յուրահատուկ նույնականացում։ Իհարկե, հայկական, հրեական, ռուանդական եւ ցեղասպանության այլ օրինակներն ունեցել են տարբեր արմատներ եւ իրականացման վայրեր, ինչպես նաեւ տարբեր են եղել այդ հանցագործություններն իրականացնող մարդիկ։ Սակայն այդ բոլոր դեպքերն էլ համապատասխանում են «ցեղասպանություն» եզրույթի սահմանմանը, այն է՝ «մտադրված գործողություններ՝ ուղղված ազգային, ռասայական կամ կրոնական խումբն ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելուն» («Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման ՄԱԿ-ի կոնվենցիա», 9 դեկտեմբերի, 1948թ., www.un.org)։ Հայոց ցեղասպանության դեպքում այս նույն իմաստը շեշտվել է ԱՄՆ նախագահներ Ջեյմս Քարթերի եւ Բարաք Օբամայի կողմից, ովքեր իրենց պաշտոնավարման ժամանակ ընդունել են, որ «կանխատեսված ջանք է գործադրվել ոչնչացնելու ամբողջ հայ ժողովուրդը» եւ որ «հայերն ընտրվել էին ոչնչացվելու համար» (16 մայիսի, 1978թ. եւ 24 ապրիլի, 2010թ. «համապատասխանաբար»):

Սովորաբար, որեւէ հարցի վերաբերյալ պետական դիրքորոշում արտահայտելուց հետո կարիք չի լինում նույն հարցին կրկին անդրադառնալ` դրանով իսկ չթերագնահատելու կամ անգամ չանտեսելու արդեն տեղի ունեցած փաստը: Փոխարենը՝ ավելի արդյունավետ կլինի այդ դիրքորոշման լայն տարածումը, ինչը կնպաստի հարցն էլ ավելի ճանաչելի դարձնելուն: Այսպես, Ռոնալդ Ռեյգանը դարձավ ԱՄՆ նախագահներից առաջինը, ով իր նախագահության տարիներին անդրադարձավ հայոց ողբերգությանը՝ օգտագործելով «ցեղասպանություն» բառը (նախագահ Ռեյգանի հայտարարություն, 22 ապրիլի, 1981թ.)։ Սա ամենեւին էլ միակ դեպքը չէ, երբ «ցեղասպանություն» բառն օգտագործվում է ԱՄՆ կառավարության կողմից հայոց ողբերգության առնչությամբ: Իրականում հենց ԱՄՆ-ն է եղել առաջին պետությունը, որը կառավարության մակարդակով անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` այն «ցեղասպանություն» բնութագրելով: Դեռեւս 1951թ.-ին, Հաագայի Միջազգային դատարան ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման կոնվենցիայի» վերաբերյալ խորհրդակցական կարծիքում (28 մայիսի, 1951թ.) ԱՄՆ կառավարությունը հղում է կատարել թուրքերի կողմից հայերի կոտորածներին, ի թիվս այլ նմանատիպ ողբերգությունների՝ որպես «ցեղասպանության հանցագործության բացառիկ օրինակներ» (էջ 25): Ճիշտ օգտագործենք այս փաստը:

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ ցեղասպանության ճանաչումը Ուրուգվայի կողմից, որը շատերը համարում են այն ճանաչող առաջին պետությունը, ո՛չ երկրի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի միացյալ հռչակագրի (20 ապրիլի, 1965թ.) եւ ո՛չ էլ երկրի օրենքի (26 մարտի, 2004թ.) ճանաչման եւ դատապարտման վերջնական տեքստերը չեն ներառում «ցեղասպանություն» բառը, այլ փոխարենը՝ «ազգային ջարդ» կամ «ազգային կոտորած» արտահայտությունները, համապատասխանաբար: (Հայկական ազգային ինստիտուտ, ք. Վաշինգտոն, www.armenian-genocide.org)

 

Հետեւելով վերը նշված զարգացումներին՝ կարծում եմ, որ

1) Այնպիսի ողբերգություններ, ինչպիսիք են, օրինակ, Սումգայիթի (1988թ.) եւ Մարաղայի (1992թ.) կոտորածները, եւս պետք է հայտնի դառնան համաշխարհային հանրության եւ ցեղասպանության գիտական ուսումնասիրության համար: Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակական գործընթաց է, որը կարող է տասնամյակներ տեւել։ Կարելի է պնդել, որ առաջին հերթին Հայաստանի տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ Հայաստանի՝ որպես երկրի հեղինակությունն է, որ էականորեն կարագացնեն Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Եվ այդ ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քայլերի հիմքում կլինի Հայաստանի հետ բարեկամանալու փորձը եւ ոչ տարբեր աշխարհաքաղաքական շարժառիթներով Թուրքիայի շահերին հակադրվելը, ինչպես հիմա է հաճախ տեղի ունենում (Մի կողմ դնենք այն միամիտ կարծիքը, թե Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը զուտ արդարության վերականգնման համար է արվում): Հայաստանը չունի այլընտրանք, քան տարածաշրջանում արդյունավետ եւ օրինակելի մոդել դառնալն է: Հայաստանի «այնտեղ ապրող հայ ժողովրդի եւ համաշխարհային հայկական սփյուռքի պահպանման գլխավոր (եթե ոչ միակ) նախապայմանը հայկական պետության (Հայաստան եւ Արցախ) ուժեղ եւ ազդեցիկ լինելն է:

2) Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայկական կազմակերպությունները, ինչպես նաեւ համաշխարհային հայությունը պետք է շարունակեն ակնկալել Թուրքիայի Հանրապետության կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը։ Եթե անգամ Ցեղասպանություն գործած երկիրը Թուրքիան չէ, այլ Օսմանյան կայսրությունը, ապա Թուրքիայի կողմից շարունակական ժխտումը համաշխարհային հանրության առջեւ անուղղակիորեն իրեն դարձնում է այդ ողբերգության համար պատասխանատու։ Եթե Թուրքիան ստանձնում է այդ դերը, ապա մենք պետք է էլ ավելի փոքր ակնկալիք ունենանք, քանի որ յուրաքանչյուրն ունի մեղադրանքները ժխտելու իրավունք, սակայն արդարադատության համակարգն է, որ պետք է հետապնդի եւ պատժի հանցագործության կատարման համար։ Կարելի է պնդել, որ, ի թիվս այլ գործոնների, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտում է Օսմանյան կայսրությունում հայերին երբեմնի պատկանող գույքի հանդեպ իրավունքները կորցնելու հնարավորությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության հետ համերաշխության գործոնի ազդեցությունը։ Անկասկած, Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հաստատուն ջանքերը պետք է շարունակվեն։ Միեւնույն ժամանակ, ժամանակն է ճանաչումից անցում կատարել դեպի իրավական գործողությունների։ Այդ ճանապարհին, տարբեր նյութեր, այդ թվում՝ Թուրքական ռազմական տրիբունալի դատաքննության փաստաթղթերը (1919թ.) պետք է օգտագործվեն, քանի որ նրանք են հիմք ծառայել (թեկուզեւ մասնակիորեն) Սեւրի պայմանագրի կնքման, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության մասնատման համար։

3) ԱՄՆ նախագահի (եւ ոչ միայն իր) կողմից «Մեծ եղեռն» արտահայտության օգտագործումը հեշտացնում է այդ արտահայտության հետագա միջազգայնացումը, եւ մի քանի տարի հետո այն կարող է ներառվել անգլերեն լեզվի բառարաններում որպես Հայոց ցեղասպանության յուրահատուկ անվանում։ Անգլերեն լեզվի Օքսֆորդ բառարանը անգլերեն լեզվով ամենաընդգրկուն աղբյուրներից է։ Բառարանում նոր բառեր ներառելու մասնագետների խմբի անդամներից մեկի պարզաբանմամբ նոր բառ մուտքագրելու համար որոշակի ապացույց է անհրաժեշտ, եւ «ոսկե կանոնն» այն է, որ ցանկացած բառ կարող է բառարանում ընդգրկվել, եթե այն հինգ տարվա ընթացքում օգտագործվել է հինգ անգամ հինգ տարբեր տպագրված աղբյուրներում: Այսպիսով, գործընթացը սկսվել է տարիներ առաջ։ Օգտվենք այս հնարավորությունից:
Իհարկե, պետք է հաշվի առնել, որ Հայոց ցեղասպանության փաստը Թուրքիայի կողմից ժխտվում է, հակառակ, օրինակ, Հոլոքոստի, որի պատասխանատվությունն իր վրա ընդունել է գերմանական պետությունը։
Հայոց ցեղասպանությունը գործած երկրի իրավահաջորդի կողմից պաշտոնապես այն ժխտելու փաստն անհրաժեշտություն է դարձնում օգտագործել պատմական-զգացմունքային «Մեծ եղեռն»-ը «Հայոց ցեղասպանություն» իրավական արտահայտության հետ ՄԻԱՍԻՆ, համենայնդեպս, որոշակի ժամանակի ընթացքում։ Տարիներ հետո, հաստատուն աշխատանքի շնորհիվ, «Մեծ եղեռն» անվանումը կարող է «Հայոց ցեղասպանություն» արտահայտության հոմանիշ դառնալ եւ կիրառվել լիովին անկախ՝ որպես Հայոց ցեղասպանություն միջազգայնորեն ընդունված անվանում։

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ք. Հոնկոնգ

-Հեղինակը մասնագիտությամբ տնտեսագետ է, շուրջ մեկ տասնամյակ աշխատել է բանկային համակարգում, 2005թ.-ից ապրում եւ աշխատում է Ասիայում (Պեկին, Սինգապուր եւ ներկայումս` Հոնկոնգ), Սինգապուրի ազգային համալսարանում (National University of Singapore) «պետական/ազգային ինքնություն» ուսումնասիրության ոլորտում պաշտպանել է թեզ եւ ստացել դոկտորի գիտական աստիճան: Վ. Վարդանյանը ներկայացրել է Սինգապուրի հայ համայնքը «Հայաստան-Սփյուռք» համաժողովում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պետական հանձնաժողովի նիստի «Ընդդեմ ցեղասպանության» համաշխարհային համաժողովի աշխատանքներին, ելույթներով հանդես է եկել կոնֆերանսներում, համաժողովներում եւ հանդիպումներում:

«Առավոտ» օրաթերթ, 

10.05.2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031