Արցախի կառավարության հետ համագործակցությամբ, «IdeA» հիմնադրամի միջոցներով ընթացքի մեջ են Շուշիի «Գյովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման աշխատանքները:
Այս մասին մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասացին IdeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից՝ ավելացնելով, որ ծրագրի նպատակն է պահպանել քաղաքի պատմական եւ ճարտարապետական ժառանգությունը, ինչպես նաեւ նպաստել մզկիթի հարակից տարածքների եւ Շուշի պատմական թաղամասի զարգացմանը, վերականգնել հարեւանությամբ գտնվող մեդրեսեի շենքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ծրագրի իրականացումը ընդգծում է նաեւ մեր՝ հայերիս, եւ հատկապես Արցախի հասարակության հարգանքը դեպի սեփական պատմությունը, հայ-պարսկական դարավոր բարեկամությունը եւ մշակույթների փոխազդեցությունը:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ։ Վերականգնման ծրագրի նախագծային աշխատանքներում ներգրավվել են իրանական PartSamanJahan ճարտարապետական ընկերությունը եւ իրանցի մասնագետներ։ Ծրագրի գործընկերն է «Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի» Հայաստանի ազգային կոմիտեն՝ ԻԿՈՄՈՍ-Հայաստանը, որը փորձաքննության է ենթարկել նախագծային աշխատանքների համապատասխանությունը միջազգային չափանիշներին:
Տեղեկացնենք, որ մզկիթը գտնվում է Շուշի քաղաքի ութ վերին թաղամասերից մեկում։ Այն՝ որպես կրոնական կառույց, դադարեցրել է իր գործունեությունը 1992 թվականին Շուշիի ազատագրումից հետո: 2005-2007 թթ. դրությամբ մզկիթը գտնվում էր կիսաքանդ վիճակում՝ բացակայում էր վերնաճակատը եւ վնասված էին երեսպատելու սալիկները։ 2007 թվականին հաղորդել են Շուշիի մզկիթների վերականգնման նախագծի մասին:
Կարդացեք նաև
ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ