Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու պետք է պարգևավճարի ֆոնդը, որը ձևավորվում է պետական հիմնարկի կողմից խնայված միջոցների հաշվին, բաշխվի ոչ թե հավասար, այլ հիմք ընդունելով աշխատավարձի չափը

Մայիս 10,2019 23:33

Չնայած նրան, որ վերջին շրջանում ամենաքննարկված հարցերից մեկը պարգևավճարների թեման էր, այդուհանդերձ, հարցի հետ կապված կփորձեմ ներկայացնել որոշ դիտարկումներ, որոնք վերաբերում են ոչ թե դրանց վճարման նպատակահարմարությանը, այլ բաշխման  տրամաբանությանը։

Պարգևավճարը, ցածր աշխատավարձով ապրող պետական ծառայողի համար , իրոք կարևոր է և անհրաժեշտ,  բայց մեր իրականության մեջ, կարծում եմ, մի փոքր թյուրըմբռնում կա պարգևավճարների վճարման մեթոդաբանության և տրամաբանության հետ կապված։

Խոսքը, մասնավորապես,  վերաբերում  է պարգևավճարի չափը ըստ աշխատավարձի չափի որոշելու ընդունված պրակտիկային։

Կախված  նրանից, թե աշխատակիցը  որքան աշխատավարձ է ստանում, նրան տրվում է իր աշխատավարձի որոշակի տոկոսի չափով գումար, այսինքն, որպես հիմք է ընդունվում աշխատավարձի չափը ։

Ըստ իս, այստեղ սկզբունքային սխալ կա։ Նախ, պետք է հասկանալ,  թե ինչ է պարգևավճարը և ինչի համար է այն տրվում պետական ծառայողին։

Կան պարգևավճարի տեսակներ, որոնք նախատեսված են օրենքով (օրինակ, քաղաքացիական ծառայության մասին օրենքով նախատեսված պարգևավճարներ ), կամ տրվում են նախօրոք այդ նպատակով պետական բյուջեում նախատեսված ֆինանսական միջոցներից, և այս դեպքում  տրամաբանություն կա այն տրամադրել ըստ աշխատավարձի չափի, քանի որ տվյալ դեպքում պետական ծառայողը դա դիտարկում է որպես իր աշխատավարձի մի մաս և ակնկալվող եկամուտ, և ըստ այդմ, պլանավորում է իր ծախսերը։ Խոսքը չի վերաբերվում նաև առանձին պետական ծառայողներին գումարի տեսքով խրախուսելու դեպքերին։

Սակայն , հասկանալի չէ, թե ինչու պետք է պարգևավճարի ֆոնդը, որը ձևավորվում է պետական հիմնարկի կողմից խնայված միջոցների հաշվին, բաշխվի ոչ թե հավասար, այլ հիմք ընդունելով աշխատավարձի չափը ։

Եթե գումարը, որպես նվեր տրամադրվում է բոլոր աշխատակիցներին, ապա ո՞րն այդ գումարը ըստ աշխատավարձի չափի տալու տրամաբանությունը, ի՞նչ կապ ունի այստեղ աշխատավարձը։

Նույնն է թե, ստորաբաժանման ղեկավարը նվերներ գնի բոլոր աշխատակիցների համար, և այդ նվերների գինը տարբեր լինի՝ կախված յուրաքանչյուրի ստացած աշխատավարձի չափից։

Մի՞թե սա արդար մոտեցում է։

Իմ գնահատմամբ, պաշտոնյայի ստանձնած  պատասխանատվության չափը չի կարող կապ ունենալ պարգևավճարի չափի հետ, քանի որ այդ հիմքով  որոշվում է նրանց աշխատավարձերի չափը և այլ լրացուցիչ արհեստական ֆինանսական խտրականությունը պարզապես անհասկանալի և անընդունելի է։

Տարբեր պետական ծառայողներ, իրենց կրթական ցենզին, գիտելիքներին և հմտություններին համապատասխան,  զբաղեցնում են տարբեր պատասխանատվության չափ ենթադրող պաշտոններ, և դրա համար ստանում են իրենց կրթական ցենզին, գիտելիքներին , հմտություններին, ինչպես նաև պատասխանատվության չափին  համապատասխան աշխատավարձ, սակայն աշխատավարձը և պարգևավճարը պետք չէ նույնացնել, քանի որ դրանք բոլորովին այլ գործառույթ ունեն և այլ նպատակ են հետապնդում:

Եթե աշխատավարձը կատարված աշխատանքի դիմաց տրվող ֆինանսական բավարարումն է, որը պարտադիր ենթակա է վճարման, ապա նույնը չենք կարող ասել պարգևավճարի պարագայում:

Բոլոր աշխատակիցներին տրվող պարգևավճարը, ինչպես բառն արդեն հուշում է, պարգև է, նվեր, որը, տեսականորեն, կարող է և ընդհանրապես չտրվել:

Տեսեք, դիցուք, պետական որևէ հիմնարկի վարորդը ստանում է 100 հազար, իսկ հիմնարկի ղեկավարը 500 հազար դրամ աշխատավարձ։ Նրանց միջև եկամուտների տարբերությունը կազմում է 400 հազար դրամ։ Եթե, օրինակ, և վարորդին, և հիմնարկի ղեկավարին  տրվի իրենց աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևավճար, ապա նրանց միջև եկամուտների տարբերությունը կմեծանա, տվյալ ամսվա համար հասնելով 800 հազար դրամի։  Մի՞թե սա հիմնարկի կողմից խնայված միջոցների արդար բաշխում կարող է համարվել։

Իսկ եթե, տվյալ օրինակի պարագայում, նրանց պարգևատրման համար նախատեսված  600 հազար դրամը հավասար բաշխվի նրանց միջև և երկուսն էլ ստանան 300 հազար դրամ, ապա նրանց միջև եկամուտների տարբերությունը այդ ամսվա համար կկրճատվի, հասնելով 400 հազար դրամի:

Այսինքն, ըստ իս, տրամաբանական կլինի, որ վերոնշյալ պարգևատրումների ֆոնդերը հավասար բաշխվեն համապատասխան պետական հիմնարկների բոլոր  աշխատակիցների միջև:

Կարծում եմ, պարգևավճարների բաշխման գործող մեթոդաբանությունը կարիք ունի վերաիմաստավորման, որը նպատակը պետք է լինի պետական միջոցների ավելի արդյունավետ և արդար բաշխումը:

Հայկ Արամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031