Aravot.am-ի տեղեկություններով, մայիսի 9-ին 30 ամյա կնոջ դաժան սպանության մեջ մեղադրվող 26 ամյա Հ. Օհանյանը Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ է: Թեեւ նա իրավապահներին տված ինքնախոստովանական ցուցմունքում ասել է, թե ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա իր վաղեմի ծանոթին, բայց մեր տեղեկություններով, ծեծվածը ոչ թե նրա վաղեմի ծանոթն է, այլ նրա կինը, ում հետ համատեղ ապրել են քաղաքացիական ամուսնության կարգով:
Ըստ երիտասարդի ինքնախոստովանական ցուցմունքի՝ մայիսի 8-ի երեկոյան Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ինքը ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա իր վաղեմի ծանոթին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է, ինչից հետո իր ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Մասիս ԲԿ:
Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը Aravot.am-ին պատմեց, որ Օհանյանը իրենց գյուղում էր ապրում վերջին մեկ, մեկ ու կես տարին՝ սպանված կնոջ հետ: Ըստ գյուղապետի՝ սպանված կինը երեխա ուներ, բայց ինքը տեղյակ չէ, արդյոք այդ երեխան Օհանյանի երեխան էլ էր, թե՝ ոչ. «Տեղեկություն չունեմ՝ կինն էր, թե չէ, բայց միասին բնակվում էին, հետո խնդիրներ ունեին, իրենք առանձնացան, հետո նորից միացան: Մեր տեսադաշտից դուրս են եկել երկար ժամանակ: Իրենք անընդհատ վիճում էին ու այդ դեպքերով գործեր կային հարուցված, բայց իրենք մեր բնակիչները չեն, հաշվառված չեն մեր համայնքում, այդ պատճառով մանրամասն տեղեկություններ չունեմ: Այդ երիտասարդը մեքենաների առուվաճառքով էր զբաղվում»:
Քննչական կոմիտեից ճշտեցինք նաեւ, որ սպանության մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ նախկինում նաեւ մեկ այլ քրեական գործ է հարուցվել՝ գողության փաստով: Այս գործը գտնվում է դատաքննության փուլում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ