«Փոուզիթիվ» կենդանիների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն օրերս հերթական ահազանգի հետքերով հայտնաբերել է ծայրահեղ վատ վիճակում գտնվող գամփռի: Ինչպես Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծին տեղեկացրեց «Փոուզիթիվ»-ի համահիմնադիրներից Նայերի Մահմուդին, շանը գտել են Շենգավիթ համայնքում՝ աղբանոցում: «Տարածքի բնակիչները մեզ ասացին, որ ութ օր շունն անշարժ վիճակում պառկած է եղել: Չի կարողանում անգամ շարժվել:
Բնակիչները չգիտեին՝ ո՞ւմ դիմել, ի վերջո՝ մեր կոնտակտներն են գտել»,-պատմեց Նայերի Մահմուդին: Նրա խոսքով՝ կասկած չկա, որ կենդանուն տերերն են նետել. «Անպատասխանատվության հերթական դեպքի հետ գործ ունենք: Եթե շան մոտ խնդիր կար, պետք էր դիմել բուժօգնության կամ քնեցնել, եթե հիվանդությունն անբուժելի է, ոչ թե նետել մի տեղ եւ սովամահության մատնել: Շունն անգամ չի կարողանում իրեն քարշ տալ, հետեւաբար, չենք կարող ասել, որ նա ինքնուրույն է հայտնվել այդ տարածքում: Ի դեպ, նրա մեջքի հատվածում սափրած տեղ կա: Դա սովորաբար ցավազրկող միջոց ներարկելու համար են անում: Պարզ է, որ մարդու ձեռքի գործ է»:
«Փոուզիթիվ»-ը շանը վերցրել է տարածքից, տեղափոխել անասնաբուժական կլինիկա, որտեղ հետազոտվելու արդյունքում արձանագրվել է, որ նա ողնաշարի սկավառակների խնդիր ունի: Մեր զրուցակիցը նշեց՝ որոշ դեղամիջոցներ ստանալուց հետո պարզ կլինի՝ նա կկարողանա՞ քայլել, թե ոչ: Այժմ սպիտակ հսկան «Փոուզիթիվ»-ի շների կացարանում է: Նրա բուժման համար նվիրատվություններ եղել են, սակայն մի դեղամիջոց է փնտրվում (լուսանկարում), որի ընդունումից հետո պարզ կլինի՝ կենդանին կքնեցվի՞, թե կկարողանա ապաքինվել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ»-ի հրապարակումներից մեկը նվիրված է եղել «Փոուզիթիվ»-ի կացարանին, որտեղ ավելի քան 140 շուն է պահվում: Նրանց խնամքի եւ բժշկական ծախսերի բեռը թեթեւացնելու գործում ամեն քաղաքացի կարող է իր ներդրումն ունենալ, քանի որ կենդանիների խոշտանգման եւ խեղման դեպքերը շատ են, եւ կենդանասերները չեն կարող բոլոր ահազանգերին միանգամից արձագանքել:
Լուսանկարները՝ «Փոուզիթիվ» հ/կ-ի
Հարգելի ընթերցող, եթե դու ունես՝
–կենդանի, որի մասին կցանկանաս պատմել,
–կենդանիների խնամքի փորձ եւ խորհուրդներդ մեծ սիրով կծառայեցնես ընթերցողներին,
–կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մասին ահազանգ,
–զավեշտալի կամ հետաքրքիր պատմություն քո խնամքի ներքո գտնվող կենդանու մասին,
–կենդանիների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ առաջարկելու պատրաստակամություն,
–կամ՝ անասնաբույժ ես եւ կկամենաս ներկայացնել քո ձեռամբ փրկված կյանքերի պատմությունը, ապա «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄԸ» սպասում է քո զանգին (095 85 99 06):
Նախագծի հեղինակ՝ Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ