ԱԺ-ում այսօր ՀՀ գլխավոր դատախազության 2018թ.-ի գործունեության մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի զեկույցի քննարկման ժամանակ վերջինս անդրադարձավ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իր առանձնատան, աշխատասենյակի եւ ընկերական կապերի մասին հայտարարություններին: «Այս ամբիոնի մասին շատ ավելի բարձր կարծիք եմ ունեցել: Տեսել եմ, թե այն ինչ ձեւերով է օգտագործվել: Ուզում եմ ասել, որ հիասթափեցնում եմ պարոն Բաբաջանյանին: Նրան չհաջողվեց իմ տրամադրությունը կամ օրը փչացնել»,-նախ նշեց Արթուր Դավթյանը:
Ապա` շարունակեց. «Այն, ինչ ինքը ներկայացրեց, դրանում ես որեւէ տեղ ամաչելու կամ սխալվելու առիթ չունեմ: Ցավում եմ, որ նա այս պահին դահլիճում չէ, բայց ժողովրդական խոսք կա՝ «երեսը երեսից է ամաչում»: Հասկանում եմ, որ իմ սկզբունքային եւ հետեւողական գործելաոճը ենթադրում է, որ մարդկանց խորն եմ ցավեցնում…ես դա լավ հասկանում եմ: Քանի դեռ գլխավոր դատախազ եմ՝ այդպես եմ անելու, անգամ եթե այստեղից խոսք հնչի, որի հետեւից կերեւան կամ չեն երեւա ականջներ: Այդ ականջները պարտադիր չէ, որ այս դահլիճում լինեն, միեւնույնն է՝ ես իմ գործն անելու եմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ