ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին բարձրաձայնեց Նորքի «զինված խմբի» գործով մեղադրյալ Արթուր Վարդանյանի հարցը: Նա հիշեցրեց, որ Վարդանյանի տեսակցություններն արգելված են: Զոհրաբյանի խոսքով՝ դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստ չի գումարում, որպեսզի պատգամավորի տեսակցության միջնորդությունը քննարկվի:
«Ինձ ոչ բնորոշ՝ մեղմ տոնով, քնքուշ ձայնով եմ անգամ հետը խոսել, խնդրել, բայց անօգուտ է՝ լեզու գտնել չի ստացվում: Ի՞նչ անենք պարոն Բեկթաշյանի հետ»,-հարցադրում արեց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա մտահոգությանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսպես արձագանքեց. «Տիկին Զոհրաբյան, իմ հորդորը ձեզ եւ բոլորին՝ պետք չէ զանգել որեւէ մեկին, հատկապես՝ դատավորին, անգամ ամենաբարի նպատակներով: Եթե կարծում եք, որ որեւէ անձ իր աշխատանքը բարեխիղճ չի կատարել, ապա որպես պատգամավոր ձեռնարկեք նրան պատասխանատվության ենթարկելու հարցը: Իրավապահ մարմինների աշխատանքին գնահատական տալուց պատասխանատվության աստիճանը պետք է բարձրացնել, տարածական եւ հուզական գնահատականներ պետք չեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ