Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիտելիս չէի հասկանում՝ «Victoria’s Secret»-ի շոուի մեկնաբանությո՞ւնն եմ լսում, թե՞ վարչապետի ասուլիս». Հայկ Մամիջանյան

Մայիս 10,2019 17:56

«Ես դիտելիս չէի հասկանում՝ «Victoria’s Secret»-ի շոուի մեկնաբանությունն եմ լսում, թե վարչապետի ասուլիս»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին:

Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ՝ ասուլիսի 80 տոկոսը երկու թեմա էր՝ «տրուսիկ-մայկա» և ՀՀԿ կուսակցություն, որը ըստ պարոն Փաշինյանի գոյություն չունի: Այս առիթով արձագանքեց. «Որ գոյություն չունենք, ինչո՞ւ է ասուլիսի կեսը նվիրված մեզ»:

Դառնալով բանակի մատակարարման հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Փաշինյանը խոսում է կապված բանակի՝ ներքնազգեստի մատակարարման հետ: Շատ կարճ միտք ասեմ. այդ տենդերը, որով փոփոխվել է բանակի ներքնազգեստի մատակարարումը, ստորագրվել է 2018-ի փետրվարին Վիգեն Սարգսյանի օրոք: Պարոն Փաշինյանի՝ երկու օր առաջվա ասուլիսի ութսուն տոկոսը մեր արածի ներկայացումն էր»:

Հայկ Մամիջանյանը նկատեց՝ երջանկության ցուցիչը ՀՀ քաղաքացու համար ամենակարևոր բանն է ու հեգնեց. «Երևի դրա՞ համար է առողջապահության նախարար նշանակել մի մարդու, որը կարծում է, որ ՀՀ-ի պես երկրների վրա է պետք նոր դեղերը փորձարկել: Երևի դրա՞ համար է, խորին հարգանքով պարոն Միքայելյանի անցած ռազմական ուղու նկատմամբ, մի մարդու բերել ԱԺ և դարձրել ԵԿՄ վարչության նախագահ, որն ասում է՝ հիմնականում ՀՀ-ում պայմանագրային զինծառայողները խմիչքի հետ խնդիր ունեցող մարդիկ են: Բառացի մեջբերում եմ ԱԺ-ում նրա ելույթից: Երևի դրա՞ համար է ՀՀ վարչապետը փորձում անկողմնակալ լինել Արցախի հարցում: Նորից մեջբերում եմ վարչապետի խոսքը ասուլիսի ժամանակ: Երբ ինքը խոսում էր իր ու Ալիևի հետ ուղիղ կապի մասին, ասաց, որ տեղեկություններ կան երկուստեք վիրավորանքների և մեղադրանքների մասին: Մենք պիտի տեղեկություններ փոխանակենք և պարզենք՝ կողմերից որն է ապակայունացնում իրավիճակը: Մինսկի խմբի նոր համանախագա՞հ է, կարող է մի օր էլ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանա, որ ոնց որ թե պիտի հանձնե՞լ: Դա ՀՀ ղեկավարի խո՞սք է: Թե՞ ստեղծել մի պառլամենտական ընդդիմություն, որտեղ Մարուքյանը համարձակվում է ասել, որ ես հին ՀՀ պաշտոնյաների հետ որևէ համագործակցելու բան չունեմ: Հիշեցնեմ՝ՀՀ նախագահի հետ հանդիպումները: Կամ ԲՀԿ կուսակցության պատգամավոր Բագրատյանն ասում է, որ իրենք են արել իշխանափոխությունը: Հարցնում եմ՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելո՞վ վարչապետ ընտրվելուց: Գնալով պարոն Փաշինյանն այնպես է անում, որ մտածենք «սուտ Նիկոլ» հեշթեգը ճիշտ էր, ինքը սխալ»:

Հայկ Մամիջանյանը շարունակելով քննադատությունը՝ նշեց՝ երևի Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին երջանկություն պատճառելու համա՞ր է ԱԺ բերել մարդկանց, որոնք լեզվակռիվ են անում՝ դու ո՞վ ես, ես ո՞վ եմ ու շարունակեց ցանկը. «Թե՞ Ալեն Սիմոնյանին դարձնելով ՀՀ ԱԺ փոխխոսնակ, որը Հաղթանակի զբոսայգում սև ակնոցն աչքերին լրագրողների հետ է խոսում. մենք երիտասարդ տարիներին ասում էինք՝ «արևը ժե՞շտ է ծռում», պարոն Սիմոնյան: Նա ասում է, թե երբ ընդդիմություն էր, չէր վճարվում: Range rover-ն էլ աղքատությունը հաղթահարելո՞վ է գնել: Կամ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է բերել մարդկանց, որոնք ՀՀ օրհներգի հեղինակին չգիտեն, կամ մարզպետ է նշանակել մարդկանց, որոնք հեկտարը կիլոմետրից չեն տարբերում: Ես չեմ ուզում, որ ՀՀ-ում քաղաքական դիսկուրսն այդպիսին լինի: Միակ բանը, որ կարող եմ խորհուրդ տալ պաշտոնյաների մեծ մասին, առավոտյան պարոն Փաշինյանի ասած «տռուսիկ մայկայով» կանգնեն հայելու առաջ ու ասեն՝ ես այսինչ պաշտոնյան եմ, ես պատգամավոր եմ, ես նախարար եմ: Առաջին անգամ իրենց ասելուց իրենց ծիծաղն էլ կգա, բայց կսովորեն»:

Դառնալով Նիկոլ Փաշինյանի այն կարծիքին, թե ՀՀԿ-ն մահացած կուսակցություն է, Հայկ Մամիջանյանն ասաց. «Եթե մահացած ենք, ո՞նց է լինում, որ մեր քաղաքական դպրոցն ավելի շատ դիմորդ ունի, քան ձեր կուսակցության անդամակցությունն է: Եթե մահացած ենք, ինչո՞ւ են մի քանի օր առաջ մեր կուսակցությունը մոտ 70 երիտասարդներ անդամակցել»:

Դառնալով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստ-փոփոխություններին՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Այդ հարյուր փաստի ներկայացումը նման է նրան, որ ասես հրամայում եմ՝ արևը մայր մտնի այս կողմից, դուրս գա այս մյուս կողմից, բայց ՀՀ վարչապետը ընտանեկան հոգեբան չէ, որ ամուսնալուծությունների անկումն իրեն վերագրի, էկոնոմիկայի նախարարության վարչության պետ չէ, որ նեղ ոլորտային ձեռքբերումներն իրեն վերագրի: Ես իրենից ավելին եմ սպասում: Հասարակության, եթե չասեմ 80, ապա ռեալ հաշվարկներով մոտ 40 տոկոսն իրենից շատ ավելին է սպասում»:

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ամենաարդյունավետ ձևը ինստիտուցիոնալ մարմինների ստեղծումն է: Այս առիթով մանրամասնեց. «Պարոն Փաշինյանի, ով օր ու գիշեր պայքարում է կոռուպցիայի դեմ, նշանակած ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը կոռուպցիայի դեմ պետք է պայքարեր, այս պահին մեղադրյալ է քրեական գործով»:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը մտահոգված է նաև երկակի ստանդարտներով: Նա մանրամասնեց. «Երբ Մանվել Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավեցին և խափանման միջոց ընտրեցին կալանքը, ինքը կարող էր խանգարե՞լ, Դավիթ Սանասարյանը դրսում չի՞ կարող խանգարել: Երբ նույն Մանվել Գրիգորյանի նկատմամբ գործը սկսվում էր, մեկուկես ժամանոց գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական կինոնկար էր ցուցադրվում, Դավիթ Սանասարյանի դեպքում այդ կինոնկարը չտեսանք: Այստեղ երկակի ստանդարտներ են»:

Հարցին՝ հնարավո՞ր է բավականին շուտով ունենանք Սերժ Սարգսյանի ելույթը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Շուտով, բավականին շուտով կունենանք պարոն Սարգսյանի ելույթը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Հարգելի «Առավոտ», հետևելով ձեր հոդվածներին, գալիս եմ եզրակացության, որ դուք ձեզ դիրքավորում եք որպես պասսիվ anti Փաշինյանական, և այն ամենը, ինչ անում է նրա կառավարությունը, կամ սուտ է, կամ վատն է։

    Հետաքրքիր է, որ մինչև 2018 թվականի ապրիլ-մայիսը, «առավոտի» հոդվածներում ակնհայտ չեզոքություն էր հանդեպ նախկին ՀՀԿ-ական իշխանություններին, երբեմն աննշան գովաբանությունների նոտայով։
    Հեղափոխության առաջին օրերին (մինչև ապրիլի 15), ձեր լրատվամիջոցը շատ հպանցիկ էր անցնում այդ օրերին հրատապ թեմաների վրայով, իսկ հարգելի պրն. Աբրահամյանը իր սյունակում ընդհանրապես չտեսնելու էր տալիս այդ օրերին կատարվող գործունեությունները։ Նա հեղափոխության թեման սկսեց ապրիլի 20-ից հետո նոր շոշափել։
    Ներկայումս հստակ երևում է, թթ ինչպես են «առավոտ»-ում հարթակ տրամադրում կերակրատաշտից հեռացված, իրենց ընդդիմադիր ներկայացնող նեղացածներին։ Կամ մշտական քաղվածքները հհկ-մերձ լրատվամիջոցներից։
    Կարծում եմ դա ձեր կողմից անազնիվ է, կամ վկայում է, որ դուք էլ նախկինների օրոք ավելի գոհ ու երջանիկ էիք։
    Հարգանքով…
    P.S. Կարծում եմ մարդ պետք է որ կույր լինի, փոփոխությունները չտեսնելու համար։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031