Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ նիստում խոսել էր գլխավոր դատախազի առանձնատան, հողատարածքի, առանձին վերելակով դեպի իր աշխատասենյակ գնալու հարմարավետության, սանիկներին գործի տեղավորելու մասին: Դատախազը նիստի ժամանակ ասաց, որ ժամանակը չի բավականացնում անդրադառնալու բոլոր հարցերին:
Նիստից հետո դատախազին հարցրեցինք՝ հիմա դուք ժամանակ ունեք անդրադառնալու այն բոլոր քննադատություններին, որոնք հնչեցին նիստերի դահլիճում՝ սկսած ձեր «շեյխական» վիճակից՝ անձնական վերելակով աշխատասենյակ մտնելուց մինչեւ առանձնատան, սանիկների հարցերը: Նա պատասխանեց. «Նախ, թվարկված անձինք բոլորը չեն, որ իմ հետ բարեկամական կապի մեջ են, բայց ես դա չեմ կարեւորում: Այո, ես համակարգում ունեմ բազում ընկերներ՝ սկսած ուսանողական տարիներից, մարդիկ, որոնց հետ ուսանող ժամանակներից կարող ենք նաեւ այո, քավոր-սանիկ հարաբերություն ձեւավորել, դա իմ համար շատ պատվավոր է, սուրբ հարաբերություններ են՝ մեր ավանդույթներով ձեւավորված: Բայց այստեղ ո՞րն է իմ համար էականը՝ ոչ էդ մարդկանց որեւէ պաշտոնական առաջխաղացման, ոչ պարտականությունների կատարման ծավալի վրա դա ազդեցություն չի ունեցել»:
Լրագրողները հիշեցրին՝ Շիրակի մարզի դատախազը ձեր սանիկն է՝ Դավթյանը չհերքեց. «Այո, նաեւ Շիրակի մարզի դատախազը, նաեւ Արարատի մարզի դատախազը, բայց ասում եմ՝ ազդեցություն չի ունեցել, նրանք չեն նշանակվել էդ գործոնով, բայց ազդեցություն վստահորեն ունեցել են հետեւյալ կերպ՝ էդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր աշխատել, էդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր բարեխիղճ աշխատել»:
Այն հակադարձումներին՝ ասում եք, թե պաշտոնական առաջխաղացում չեն ունեցել, բայց Շիրակի մարզի դատախազը նշանակվել է ձեր՝ գլխավոր դատախազ լինելու օրոք, էլ ո՞նց չի եղել՝ նա պատասխանեց. «Այո, ես դա հերքո՞ւմ եմ, բայց ես չեմ նշանակել նրան դատախազ նրա համար, որ ինքը իմ սանիկն է եղել, ես նշանակել եմ դատախազ, որովհետեւ…այո, ես կարող էի նրան չնշանակել զուտ նրա համար, որ ինձ էսօր հարց էիք ուղղելու, թե ձեր սանիկն է: Բայց ոչ, իմ համար վստահությունն է»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ շահերի բախում կա, վերադասի հետ քավոր-սանիկ են՝ Արթուր Դավթյանն արձագանքեց. «Շահերի բախման խնդիր այստեղ չկա: Շահերի բախման ձեւակերպումներն օրենքում հստակ են տրված: Այն պարագայում, երբ որ ես նշանակում եմ այս մարդուն, միակ չափանիշը նրա մասնագիտական եւ որակական պատրաստվածությունն է, իսկ հետագա աշխատանքում, վստահեցնում եմ ձեզ, դա միայն նպաստում է ավելի շատ, ավելի բարեխիղճ աշխատելուն, ավելի պատասխանատու լինելուն»:
Արթուր Դավթյանն անդրադարձավ նաեւ իր շքեղ ապրելակերպին, աշխատասենյակին ու մյուս քննադատություններին, մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ