Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյան. «Մենք պետք է ընդունենք, որ մարտի 1-ի պատմության մեջ կան հարցեր, որոնց մեր ներսի ռեսուրսներով և պատկերացումներով հնարավոր չէ օբյեկտիվ պատասխանել»

Մայիս 10,2019 15:41

Շուտով սկսվելու են հետհեղափոխական առաջին դատավարությունները։ Պետությունը մտնելու է երկարատև դատավարության փուլ՝ հասարակական ընդգծվող անտարբերության ֆոնին։ Այս պրոցեսի կողմերը հստակ են՝ ՀՔԾ, դատախազություն և երկրի քաղաքական իշխանություն մի կողմում և մեղադրյալներ՝ մյուսում։ Առաջին երեքը պնդելու են իրենց տեսակետը, մեղադրյալները պաշտպանվելու են լավ փաստաբաններով և այլ օրինական միջոցներով։ Փնտրվում է նաև դատավոր։ Եվ նրանց զանգվածային ինքնաբացարկները հուշում են, կամ ավելի ճիշտ աղաղակում են, որ ինչ-որ շատ կարևոր բան ակնհայտորեն սխալ է։ Ի վերջո, իհարկե, կգտնվի մեկը՝ պետության կողմից նշանակված մի դատավոր, որը վերջում կամ ընթացքում կկայացնի վճիռներ՝ կախված երկրում առկա իրավիճակից։ Բայց այս սցենարով նստվածք է մնալու՝ ծանր նստվածք, որն ունենալու է էական հետևանքներ։

Եթե վերանանք իրավական բառապաշարից, ապա սա համակարգաստեղծ դատավարություն է. այսինքն՝ սրա սխալը՝ սխալ ընթացքը և սխալ վճիռները, ունենալու են համակարգային ազդեցություն։ Հետևաբար՝ մենք ամեն ինչ պետք է անենք՝ սխալից խուսափելու համար։

 

Ինչ է նշանակում «սխալ»

Սխալի ձևակերպման մեջ չեն մտնում ո՛չ «հանրային պահանջ» ձևակերպումը, ո՛չ զգացմունքային ֆոնը, ո՛չ սոցցանցային մթնոլորտը և ոչ էլ այն, որ այդ նույն դատախազը ժամանակին պահանջում էր Ն. Փաշինյանին ձերբակալել, կամ այդ դատական համակարգը ժամանակին դատել է Փաշինյանին ու նրա համախոհներին։ Սրանք արդեն դետալներ են, ո՛չ ավելին։

Ամենավտանգավոր սխալը կլինի այն, որ դատավարությունն ընթանա հանրային անտարբերության պայմաններում։ Եթե հանրությունը չլինի արդարի, իսկության, իրականության պահանջատերը, ապա սա ընդամենը դառնալու է այլ դատավարությունների միջանկյալ օղակ, երբ հետագայում տարբեր ժամանակներում նույն գործով դատելու են տարբեր մեղադրյալների։

Ի վերջո, մենք՝ հանրությունը, ցանկանու՞մ ենք իմանալ իրականությունը։ Մենք դնու՞մ ենք նման պահանջ՝ իմանալ իրականությունը, ստանալ մի խումբ հարցերի պատասխանները։ Ինքներս մեզ համար, ոչ թե՝ ինչ-որ մեկին հաշվետու լինելու։

Սրանք շատ կարևոր կիրառական հարցեր են, որովհետև պետության այսօրվա անորոշությունների պայմաններում այդ հարցերի պատասխանները ձևավորելու են խիստ որոշակի ռիսկեր։

ՀՔԾ-ի և դատախազության համար որքան փոքր լինի հանրային ուշադրությունը, այնքան մեծ է կոմֆորտը, և այնքան հեշտ կանեն այն, ինչը իրենցից ակնկալվում է։

Հասարակական արբիտրի գաղափարը այսօր ծայրահեղ անհրաժեշտություն է։ Եթե չենք ուզում անընդհատ ապրել անցյալում, չենք ուզում լինել նախորդ տասնամյակների և նոր սխալների գերին, ուրեմն պետք է ձևավորենք «երրորդ կողմի» դատարանը։ Մի համակարգ, որն ինքնաբացարկ չի ուզի և չի կարող տալ։ Դա հասարակությունն է, մենք բոլորս, ովքեր երկրի առաջընթացը տեսնում են ապագայում, և ոչ երբեք՝ անցյալում։ Ոչ անտարբերների հանրությունը ամենակարևոր դատարանն է։ Սա այն դատարանն է, որի նպատակը ոչ թե դատավճիռն է, այլ՝ իրականությունը։ Իրականությունն իմանալու պահանջը։ Հասկանանք իրականությունը, որ կարողանանք շարժվել առաջ։ Ոչ թե զմռսել այն հերթական դատավճռով, որը նորից կհետաձգի հարցի լուծումը ու մեզ կպահի անցյալում։

Արդեն պարզ է, որ այս դատավարությունները հեշտ ընթացք չեն ունենալու։ Եթե 8-9 ամիս առաջ ՀՔԾ պետը հեղափոխական զգացմունքների ֆոնին վիկիլիքսի ու Սիլվայի ասածները «ծախում» էր հասարակության վրա, ապա այսօր շատ բան է փոխվել։ Չկա թե՛ մթնոլորտը, թե՛ հակումը՝ հալած յուղի տեղ ընդունելու ամեն ասված։

Հանրային լուրջ և օբյեկտիվ մոնիտորինգը միակ պայմանն է, որը թույլ կտա դուրս գալ տարբեր շրջանակների և անհատների անձնական պատկերացումներից։

Քաղաքացիական կառույցների և հանրության ուշադրությունը միակ պայմանն է, որով հնարավոր կլինի խուսափել ավելի վատ սցենարներից։

Գուցե այս դատավարության փուլով պետք է դառնալ ավելի լուրջ հասարակություն և ավելի լուրջ վերնախավ ու հասկանալ, որ քրեական գործի 76 հատորը չէ՛ մեր ընդհանուր պատմության նկարագրությունը։ Այդ հատորներում չկան «ինչո՞ւ այդպես եղավ, և ի՞նչ անել, որ այլևս այդպես չլինի» հարցերի պատասխանները։

 

Եվ այդ մեկ դատավորը դո՛ւ ես

Մենք ուզու՞մ ենք իմանալ իրականությունը։ Մարտի 1-ի հետ կապված տասնյակ հարցերի պատասխանները պետք է համոզիչ լինեն՝ քաղաքացու և քաղաքացու հասարակության համար։ Որովհետև պատասխանները նրա՛ համար են, ուրիշ ոչ մեկի։ Թեման կփակվի ու չի մնա որպես ներքին չարության և թշնամանքի աղբյուր, միայն այն դեպքում, երբ քաղաքացին ու հասարակությունը ստանան պատասխաններ։ Բայց՝ հիմնավոր ու փաստարկված պատասխաններ, և ոչ՝ մանիպուլյատիվ, զգացմունքային։ Զգացմունքներն ունեն թուլանալու, վերափոխվելու հատկություն։

Հիմա մի վիճակ է, երբ բոլորս՝ ՀՔԾ-ն, դատախազությունը, քաղաքական իշխանությունը, հասարակությունը, ուզում ենք փափուկ տեղավորվել մեկ դատավորի հետևում՝ այն մեծ դժվարությամբ, մի կերպ գտնված դատավորի։ Ամեն ինչ թողնել մեկ դատավորի պատասխանատվությանը։ Իրո՞ք մտածում եք, թե այդ մեկ դատավորը կարող է սպառիչ պատասխան տալ մեր ընդհանուր պատմության հարցերին, թե ի՛նչ կատարվեց մարտի 1-ին, ինչո՛ւ այդպես եղավ, ո՛ր պահին, և ինչպե՛ս կարելի էր խուսափել, ո՛րս որքան պատասխանատվություն ունի, և շատ այլ հարցերի։ Հարցերի, որոնց պատասխանները 10 տարի մեր մեջ եփվել են, որոշակիացել, վերանայվել, կեղծվել, երբեմն ծախվել։

Ուզու՞մ ենք ստանալ պատասխաններ՝ դժվար, ոչ այնքան հաճելի, շոկային, բայց՝ կարևոր։ Թե՞ ուզում ենք մեկ դատավորից լսել ինչ-որ վճռի տեքստ, որը ոչ մի հարցի պատասխան չի տալու և չի բացելու նոր էջը։ Մենք նման մի փուլ անցել ենք. նույն դատախազները, նույն քննիչները, նույն դատավորները մի ժամանակ բռնում ու դատում էին Ն. Փաշինյանին, հիմա՝ ուրիշներին։ Վաղը նույն մարդիկ կանեն մեկ այլ բան։ Սա՞ է մեր ուզածը, թե՞ ներքին հին չարությունը պարպելն ու առաջ գնալը։ Կամ՝ գոնե առաջ գնալու ռեսուրսը հասկանալը։

Ինչպե՞ս ապահովել փաստարկված պատասխանների հնարավորությունը։ Կարծում եմ այս պահին կա երկու տարբերակ.

ա/ Իրականացնել դատավարության ամենօրյա հանրային մոնիտորինգ։ Գործի ամեն դետալ պահել ուշադրության կենտրոնում։ Ինտենսիվ մոնիտորինգ՝ թույլ չտալու համար մանիպուլյացիաներ որևէ կողմից։ Քրեական գործը խոշորացույցով նայել ու դատարանի համար ապահովել արդար վճիռներ կայացնելու դաշտը։

Բ/ Պահանջել միջազգային հանձնաժողովի ստեղծում, միջազգային քննություն։ Մենք պետք է ընդունենք, որ մարտի 1-ի պատմության մեջ կան հարցեր, որոնց մեր ներսի ռեսուրսներով և պատկերացումներով հնարավոր չէ օբյեկտիվ պատասխանել, որովհետև չափից դուրս շատ են անձնավորված էմոցիաները, երկար տարիներով քաղաքական դիրքավորվածությունը, այդ թեմայի վրա կառուցված քաղաքական և այլ կենսագրությունները։ Մի խոսքով՝ բաներ, որոնք շատ բարդ է գիտակցաբար հաղթահարելը։ Այդ պատճառով է պետք դրսի, օտարի օբյեկտիվ քննություն և գնահատական։

Մնացածը որոշման խնդիր է՝ աշխատել, ստանալ պատասխաններ, գնալ առա՞ջ, թե՞ պատրաստվել անվի հերթական պտույտին ու երկիրը թողնել անցյալում։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031