Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ այդպես կարելի է սեւեռվել վարչապետի այդ հայտարարության վրա». Արման Բաբաջանյան

Մայիս 10,2019 15:04

Մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Հայաստանի դրական իմիջն է: Սա, ըստ ՀՀԿ-ի, շատ վտանգավոր հայտարարություն է, որովհետեւ նման բան է ասում կիսապատերազմական վիճակում գտնվող պետության ղեկավարը: Այսինքն, մեր բանակը հեչ, զինվորը հեչ, մեր ռազմադաշտում կոփված կադրերը, տնտեսությունը, հասարակությունը, կրթությունը, մշակույթը, մեր ինքնությունը հեչ, ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ անվտանգության երաշխավորը ՀՀ դրական իմի՞ջն է:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ դրական իմիջ ասելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի նաեւ բանակը, նաեւ այն ջանքերը, որ պիտի դրվեն կրթության մեջ, նաեւ մշակույթի. «Չեմ կարծում, որ այդպես կարելի է սեւեռվել վարչապետի այդ հայտարարության վրա եւ մտածել, որ Նիկոլ Փաշինյանն այլ կերպ է մտածում, քան մենք ավանդաբար պատկերացում ունենք ՀՀ անվտանգության եւ անվտանգության երաշխիքների եւ երաշխավորների մասին: Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը եւս մտածում է, որ ՀՀ անվտանգության առաջին երաշխավորը հենց բանակն է: Դրական իմիջ ասելով՝ վարչապետը, վստահ եմ, նկատի ունի նաեւ արդի, ապագային միտված խաղաղասեր հզոր բանակի առկայությունն ու գոյությունը»:

Հարցին՝ հարուստները հիմա բանակ գնո՞ւմ են, թե՞ էլի գյուղացիա-բանվորական բանակ ունենք՝ Բաբաջանյանը պատասխանեց. «Հեղափոխության ժամանակ հռչակված նպատակները կենսագործելու ճանապարհին ենք: Դեռեւս նախկին իներցիայից մնացող արատավոր այդ տենդենցը նույնիսկ եթե շարունակվում է, ես կարծում եմ, իշխանություններն ունեն բավարար քաղաքական կամք եւ ցանկություն՝ իրավիճակը փոխելու եւ մենք ոչ մի խնդիր չունենք արդիական եւ համալիր խնդիրներ լուծող պաշտպանական համակարգ, բանակ ունենալու: Կարծում եմ, որ Հայաստանը տարածաշրջանում պետք է լինի ամենամարտունակը եւ այդ  իմաստով մենք ոչինչ չպետք է խնայենք՝ ունենալու զարգացած տեխնոլոգիապես հագեցած, գիտելիքահեն, գիտելիքներով եւ կրթությամբ զինված բարձր մակարդակի բանակ եւ զինված ուժեր»:

Հարցին՝ ընդդիմությունը նախկին կառավարությանը անընդհատ քննադատում էր, որ բանակ չգնացածների կառավարություն է, հիմա այս կառավարության հետ կապված այդ վերաբերմունքը փոխվե՞լ է, սա բանակում ծառայածների՞ կառավարություն է՝ Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Որեւէ առիթ, եթե տրվեր ներկա կառավարությանը, նաեւ շատ ու շատ ընդդիմադիր գործիչներիս ծառայության, մենք այդ առիթը բաց չէինք թողնի: Աստված մի արասցե, եթե այդպիսի խնդիր ծագի, իմ պատկերացրած գործիչները գոնե, ովքեր բանակում չեն ծառայել, առիթը բաց չեն թողնի եւ հստակ բաց թողածը լրացնելու ջանք  կգործադրեն: Այն, ինչ եղել է, արատավոր է եղել եւ համակարգային է եղել, այսինքն, մենք տեսել ենք միտում, երբ արտոնյալ են եղել նրանք, ովքեր պաշտպանված են եղել քաղաքական տանիքներով, հարուստների հատուկ կաստա է եղել, որոնք մշտապես դուրս են մնացել ժողովրդի ընդհանուր մաս կազմելու պարտականությունից  եւ պարտավորությունից եւ հենց նրանք էլ հետո խրախուսվել են իշխանական համակարգի կողմից, ստացել են տարբեր պաշտոններ, տարբեր նշանակումների են կոչվել: Այդ համակարգային միտումը պետք է ընդունենք, որ չկա հիմա եւ պետք է ամեն ջանք գործադրենք, որ այդ իներցիան տեղ չունենա մեզանում: Մենք, որպես ընդդիմություն, այդ իմաստով հանձնառու ենք հետեւել, վերահսկել, որ բացառենք այդպիսի հնարավորությունը եւ համակարգային այլ լուծումներ փնտրենք, գնանք ավելի պրոֆեսիոնալ բանակի, արդի արեւմտյան ստանդարտների՝ ուժեղ ոչ թե միայն սպառազինությամբ, այլ ուժեղ գիտելիքներով, ռազմական հմտություններով: Ի վերջո, հաղթանակի գաղտնիքն ազատամարտի ինչումն էր՝ այն գիտելիքներն են, որոնք մեր հայրենակիցները խորհրդային բանակից արագորեն տեղափոխեցին Հայաստան եւ մեր ազատամարտիկներին, ֆիդայիններին օգնության հասան եւ հաղթանակը մեզ համար ապահովեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031