Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Եթե համակարգը շարունակի լինել այսպիսին, անձնակենտրոնությունը հանգեցնելու է այն հետեւանքներին, ինչից Փաշինյանը վախենում է»

Մայիս 10,2019 14:54

«Ես չտեսա համակարգային փոփոխությունների նախանշումը, որպես ՀՀ քաղաքացի, որը մասնակցել է հեղափոխությանը եւ որը ցանկանում էր, որ իշխանափոխություն լիներ, ուզում եմ հավաստել, որ հեղափոխության հիմնական նպատակը պետք է լիներ համակարգային փոփոխությունների կայացումը եւ անձնակենտրոն համակարգից անցում համակարգային կառավարման համակարգին, ինչին ականատես չեղանք»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն՝ անդրադառնալով վարչապետի՝ մեկ տարվա պաշտոնավարման կապակցության հրավիրված ասուլիսում ներկայացված 100 փաստերին:

Դիլբարյանն օրինակներ բերեց. «Սահմանադրությունը, որը շատերի համոզմամբ կեղծված էր շարունակում է գործել: Շարունակում է գործել ընտրական օրենսգիրքը, որը, ճիշտ է, բերեց համեմատաբար ազատ, արդար ընտրությունների, այնուամենայնիվ, այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովը չարտացոլեց հանրապետության ընտրողների մեծամասնության կարծիքը, որովհետեւ մի զգալի մասը չմասնակցեց դրանց: Չի փոխվում կուսակցությունների մասին օրենքը: Հարկային օրենսգիրքը չի փոխվում, կետային փոփոխություններ են անում: Համակարգային ծրագրերի մասին մենք ավետիս չլսեցինք»:

Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ «Եթե համակարգը շարունակի լինել այսպիսին, անձնակենտրոնությունը շատ արագ հանգեցնելու է հենց այն հետեւանքներին, ինչից Նիկոլ Փաշինյանն անհանգստանում եւ իրավացիորեն վախենում է: Մեկ անձը չի կարող կտրել բոլոր թեւերը: Թեւերն անձնակենտրոն համակարգի դեպքում առաջանում են, եւ պետք է համակարգային օրենքների միջոցով ոչ թե բացառել, այլ օրենքի շրջանակների մեջ ներառել այդ թեւերը»:

Ասուլիսին որպես քաղաքագետ ներկայացած Մենուա Հարությունյանն էլ վարչապետի ասուլիսի մասին ասաց. «Նպատակն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց ապացուցել, որ ինքը ստախոս չէ: Այդ ասուլիսից հետո բանիմաց մարդիկ հասկացան, որ Նիկոլը ոչ միայն խաբում է, այլ լավ «կռուտիտ» է անում:

Հարությունյանի խոսքերով՝ «Նիկոլը սահմանադրական կարգը տապալելով բռնազավթել է ՀՀ իշխանությունը, որի համար ապագայում ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:

Ըստ Հարությունյանի. «Արտախորհրդարանական ուժերն ուղերձ են տալիս, որ դու չես արտացոլում իրականությունը, ոնց որ ինքն էր Սերժ Սարգսյանին ասում՝ իրավիճակ է փոխվել: Հասկանում է, որ մեկ տարի հետո կարող է քաղաքական դաշտը արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ դնի, եթե մերժի՝ քաղաքական ուժերը փողոցային պայքարով պահանջելու են ազատ արձակել խորհրդարանը: Դրա համար ասաց՝ փողոցով դուրս չգաք իմ դեմ, ես իմ համախոհներին կհանեմ փողոց եւ կանեմ մեր պետության հանդեպ հաջորդ ստորությունը»:

Դիլբարյանը վստահեցրեց՝ մեր երկրում քաղաքացիական պատերազմ չի կարող լինել, հասարակությունում չկա սոցիալական, քաղաքական եւ հոգաբանական բազա, որը հասարակությունում սուր բեւեռացման կտանի:

Հարությունյանն էլ հակադարձեց՝ Փաշինյանը հակված է վատ ապրող շերտերին իր համախոհը դարձնել եւ հանել ավելի լավ ապրողների դեմ, դրա համար էլ անընդհատ հիշեցնում է՝ երկիրը թալանողները, սերմացու գողացող մկները: Հարությունյանը հիշեցրեց, երբ Փաշինյանն իր համախոհներով գնաց խորհրդարանի շենք, ինչպես Հարությունյանն ասաց՝ ճնշում գործադրեց նախկին գումարման պատգամավորների վրա:

Նարինե Դիլբարյանն էլ արձագանքեց. «Ես որպես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի տեսել եմ, բոլոր ընտրություններում հակառակ տեսակետ հայտնողներին ահաբեկել են, սպառնացել են ու ճնշում գործադրել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031