«Ձեր օրը փչացնեմ, էլի…ելույթ չէի նախատեսում, բայց ի մի բերեցի որոշ նյութեր»,-ԱԺ-ում այսօր Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ պատգամավորների հարցուպատասխանի ավարտին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նկատի ունենալով Դավթյանի պատասխանները՝ նա նշեց. «Նախորդ իշխանության ելույթները լսելիս համոզվում եմ, որ թավիշը մեզանում չափից դուրս շատ է: Չգիտեմ, թե ինչ արժանիքների համար կարող էր նախկին ռեժիմն առաջադրել նրան գլխավոր դատախազի պաշտոնում, բայց համոզված եմ՝ եթե մարդն իր որակներով չի կարող համապատասխանել ռեժիմի կանոններին, նա դուրս է մնում համակարգից եւ առաջխաղացման հնարավորություն չի ունենում»:
Բաբաջանյանը շեշտեց՝ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Բայց արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազն իր վարչության պետի պաշտոնում նշանակել է իր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին, իսկ Լոռու մարզի դատախազ է նշանակել իր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ Արթուր Դավթյանն իր մտերիմին՝ Սեւակ Հովհաննիսյանին, որն աշխատում էր Էրեբունու դատախազությունում, տեղափոխել է գլխավոր դատախազություն եւ երկու տարվա աշխատանքային փորձով նշանակել Արարատի մարզի դատախազ»:
Բաբաջանյանը, դիմելով Արթուր Դավթյանին, ասաց. «Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դուք, դառնալով գլխավոր դատախազ, որոշել եք փոխել դատախազի համազգեստը եւ պետությունից դրա համար պահանջել 58 միլիոն դրամ: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազության շենքի վերին հարկի վրա նոր հարկ եք կառուցել տվել, որը պետության համար արժեցել է 160 միլիոն դրամ: Այդ հարկ եք տեղափոխել ձեր առանձնասենյակը եւ համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն այժմ զբաղեցնում եք 100 քմ տարածք: Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել տվել, որը բարձրանում է ձեր հարկ, իսկ առաստաղն այնքան եք բարձրացրել, որ վերելակը հարմարվի, եւ դա կրկին՝ հարկատուների հաշվին»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանի նախկին գործընկեր Վահագն Հարությունյանին, որը Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավարն է եւ հետախուզվում է, Արման Բաբաջանյանը հարցրեց. «Ինչո՞ւ նրան չեք հրավիրում Ռուսաստանից Հայաստան գա, որպեսզի բացահայտի ապացույցները…ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը եւս ձեր մտերիմն է, որի միջոցով ձեր առաջխաղացումն եք ապահովել: Արդյոք կոռուպցիա չէ՞ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Աջափնյակում երկու տարի առաջ ձեզ հողատարածք հատկացնելը, որի արդյունքում դուք կես միլիոն ԱՄՆ դոլարանոց առանձնատուն եք կառուցել: Ձեր ուսումնառության տարիներին գյուղում համեստ տուն ու հողատարածք ունեիք: Մի խոսքով, «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս խորհուրդ կտայի նման պաշտոնյաներին չծափահարել: Ցանկանում եմ, որպեսզի նախկին իշխանության մասնագետները տեղ ունենան իշխանությունում, բայց հուսամ՝ հասկանում ենք, որ Արթուր Դավթյանը նման որակներ չունի եւ այդ հարցում նրան չի օգնի նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ մտերմությունը: Հուսամ՝ նման բարքերը մեզանում այլեւս տեղ չունեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ