Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին կունենա եռալեզու քարտեզ ու պայքար կսկսվի պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ․«UPSHIFT» միջազգային մոդելի հետքերով

Մայիս 10,2019 13:54

Ինչպես տեղեկացրել ենք, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Յունիսեֆ»-ի հետ համատեղ 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում ներդրել է «UPSHIFT» միջազգային ծրագիրը, որը իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում։

Այս ծրագրի շրջանակում հայտարարվել էր Շիրակի ու Լոռու մարզերի 12-18 տարեկան երիտասարդների գաղափարները բիզնես ծրագրի վերածելու մրցույթ։ Aravot.am-ի հետ զրույցում «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը պարզաբանել էր, որ ծրագրի հիմնական նպատակը երիտասարդներին համայնքային կյանքի որակի բարելավման գործում ներգրավելն է, այսինքն՝ նրանք պետք է որոշեն, թե իրենց համայնքներում ինչ խնդիրներ կան և ինչպես են տեսնում դրանց լուծման ուղիները։

Երիտասարդների ներկայացրած 10 գաղափարներից 6-ը իրականություն կդառնան․ այդ նպատակով յուրաքանչյուր թիմի կտրամադրվի խորհրդանշական գումար՝ 150 հազար դրամ։ Նշենք, որ ի սկզբանե Յունիսեֆ «UPSHIFT Հայաստան» ծրագրի կողմից նախատեսված էր ֆինանսավորել 5 ծրագիր, սակայն «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» անակնկալ մատուցեց՝ հայտարարելով 6-րդ ծրագիրը ֆինանսավորելու մասին։

Երիտասարդների՝ մրցութային կարգով ընտրված ծրագրերը բավական հետաքրքիր են ու համայնքների համար անչափ կարևոր։ Մասնավորապես Գյումրին կունենա քարտեզ՝ «Smart map», որը հնարավորություն կտա թե՛ տեղի բնակիչներին, թե՛ զբոսաշրջիկներին ճիշտ կողմնորոշվել ու հեշտությամբ գտնել քաղաքի պատմամշակութային, ժամանցային վայրերի հասցեները։ Մեկ այլ ծրագրով կմաքրվի Գյումրի գետակը, որի աղտոտված վիճակը լուրջ գլխացավանք է դարձել մարզային ու քաղաքային իշխանությունների համար։ «UPSHIFT» ծրագրով պայքար կմղվի նաև պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ, քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում դեկորատիվ ծառեր կտնկվեն, կենտրոնական Բագրատունյաց պուրակում էլ՝ թռչնաբներ։Սպիտակ քաղաքում էլ կտեսակավորվի աղբը։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը մեզ է տրամադրել «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի շրջանակներում իրականացվող «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի մրցույթին հաղթած 6 գաղափարները, որոնք և ներկայացնում ենք ստորև․

1․ Smart map

«Smart map» նորարարական տեխնոլոգիաներով համակարգի ստեղծման նպատակն է հեշտացնել հասարակության տեղաշարժը քաղաքում և նպաստել տեղանքում ճիշտ կողմնորոշմանը՝ խթանելով զբոսաշրջության զարգացումը: Գյումրու տնտեսագիտական վարժարանը ներկայացնող թիմի գաղափարն է Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածում տեղադրել կողմնորոշման և տեղեկատվական համակարգ՝ եռալեզու հավելվածով, որի ենթաբաժինները տեղեկություններ են տրամադրելու քաղաքի պատմամշակութային, ժամանցային, սպասարկման և անվտանգության ապահովման վայրերի հասցեների մասին: Այն աշխատելու է առանց համացանցի առկայության օրվա ցանկացած ժամի և հասանելի է լինելու յուրաքանչյուրին՝ տեղի բնակիչներին, քաղաքի այցելուներին և նույնիսկ զբոսաշրջիկներին: Հետագայում ևս սպասվում են ընդլայնել առաջարկող հնարավորությունները:

2․ Ծառատունկ, թռչունների համար բներ և կերամաններ

Ծրագրի նպատակն է Գյումրիի պատանիների և երիտասարդների շրջանում ձևավորել և խթանել բնապահպանական կրթության մշակույթը, ինչպես նաև ավելացնել կանաչապատ տարածքները: Գյումրու «Փոքրիկ Իշխանի» AUXILIO թիմը կարևորել է հատկապես Գյումրիի ծայրամասային թաղամասերի միջավայրի աղտոտվածության և կանաչապատ տարածքների բացակայության խնդիրը: Ծրագրի շրջանակներում Գյումրու ծայրամասային «Մուշ» 2 թաղամասի թիվ 23-րդ դպրոցի բակում կտնկվեն դեկորատիվ ծառատեսակներ, որոնց խնամքին մասնակից կդառնան ոչ միայն թիմի անդամներն ու դպրոցի աշակերտները, այլև տեղի բնակիչները: Բագրատունյաց պուրակում կտեղադրվեն թռչնաբներ՝ Հայաստանի էնդեմիկ թռչունների նկարներով, որոնց մասին անցորդները հնարավորություն կունենան ծանոթանալ կից տեղադրվող ցուցանակի միջոցով: Իսկ պլաստիկ շշերի այլընտրանքային օգտագործմամբ կպատրաստվեն թռչունների համար կերամաններ:

3․ Gyumriver

Ծրագրի նպատակն է բարելավել Գյումրի գետակի էկոլոգիական վիճակն ու հաստատել շարունակական վերահսկողություն բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Ծրագրով նախատեսվում է պատրաստել տարաներ, որոնց մեջ կլցվեն գետակի աղտոտված ջուրը ՝ սննդի մնացորդից սկսած երեխայի տակդիր պարունակող, ու այդ տարաները՝ համապատասխան գրությամբ կտարածեն քաղաքում։ Ծրագրի, բարձրացված խնդրի, սպառնացող վտանգների ու լուծման անհրաժեշտության մասին կպատրաստվի նաև ռեպորտաժ։

Գետի շրջակա տարածքը մաքրելու նպատակով իրականացվելու է նաև համաքաղաքային շաբաթօրյակ։ Հաջորդ օրերի ընթացքում կտեղադրվեն ցանցերը, որոնք պահելու են գետի մեջ թափվող աղբը: Իսկ հետո այդ աղբը պարբերաբար հավաքվելու է Գյումրու քաղաքապետարանի կողմից: Եվ վերջում կտարածվեն թերթոններ, որոնք կպրոպագանդեն միջավայրը մաքուր պահելու գաղափարը, քանզի մաքուր է ոչ թե այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ, որտեղ մաքուր են պահում: Գաղափարն առաջարկել են Գյումրու թիվ առաջին դպրոցի աշակերտները։

4․ Էկոլոգիապես մաքուր տոպրակներ

Ծրագրի նպատակն է նվազեցնել Գյումրիի թաղամասերում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ Գաղափարը պատկանում է Գյումրու թիվ 4-րդ պետական արհեստագործական ուսումնարանի ուսանողներին։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել հանդիպումներ տարբեր կազմակերպությունների տնօրենների և ղեկավարների հետ, որպեսզի ստանան թույլտվություն կտորներ հավաքագրելու համար։ Հավաքագրում կատարելուց հետո ձեռք կբերեն անհրաժեշտ ռեսուրսները և կպատրաստվեն տոպրակները՝ կտորե և թղթե։ Այդ տոպրակները բաժանվելու են հանրային միջոցառման ընթացքում, որի նպատակն է իրազեկել բնակչությանը պոլիէթիլենային տոպրակների վնասակարության և կտորե ու թղթե տոպրակների օգտագործման դրական կողմերի մասին: Միջոցառման ժամանակ նաև բաժանվելու են թերթոններ, որոնց վրա լինելու է տպագրված ամբողջ այդ տեղեկությունը, լինելու է նաև ուղեցույց, թե ինչպես պատրաստել նման տոպրակներ տանը: Միջոցառման մասին իրազեկումը լինելու է առցանց, ինչպես նաև քաղաքի տարբեր մասերում տեղեկատվական պաստառներ փակցնելու միջոցով: Հետագայում նաև նախատեսվում է այդ տոպրակներից փորձնական նմուշներ հանձնել քաղաքի մի քանի խանութների, որպեսզի տեսնեն մարդկանց վերաբերմունքը դրանց վերաբերյալ: Ու եթե հաջողությամբ պսակվի, և մարդիկ ցանկանան դրանք գնել, ժամանակի ընթացքում դա վերածվելու է փոքր բիզնեսի և արդեն վաճառվելու է խանութներին՝ պոլիէթիլենային տոպրակների փոխարեն:

5․ Համայնքը մեր ձեռքերով

Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրու «Երիտասարդների տան» շահառուների և հարակից թաղամասի երեխաների բարեկեցությանը՝ բացօթյա գործունեություն կազմակերպելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելով: Ծրագրային գաղափարով հանդես են եկել «Երիտասարդների տան» սաները։ Նախատեսվում է կամավորների օգնությամբ սեփական ձեռքերով պատրաստել նստարաններ և սեղան, որոնք կտեղադրվեն կենտրոնի բակում և որտեղ հնարավոր կլինի անցկացնել բացօթյա հանդիպումներ, խմբակներ, դասընթացներ կամ պարզապես կազմակերպել հանգիստը: Կենտրոնը բաց է 13-18 տարեկան ցանկացած երիտասարդի առջև, ուստի այդ տարածքից կարող են օգտվել ինչպես մշտական շահառուները, այնպես էլ հարակից թաղամասերի բոլոր երեխաները: Տարածքն ավելի ֆունկցիոնալ և smart դարձնելու համար տեղանքում կտեղադրվի նաև արևային էներգասյուն, որը USB լարի միջոցով հնարավորություն կտա լիցքավորել էլեկտրական սարքերը, իսկ երեկոյան ժամերին կապահովվի լուսավորությամբ, քանի որ կենտրոնը գտնվում է քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ գրեթե լուսավորություն չկա:

Արևային համակարգը կառուցելու համար համագործակցելու համաձայնություն է ձեռք բերվել «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի հետ, որը կանցկացնի դասընթաց վերականգնվող էներգիայի աղբյուրների մասին և երիտասարդներին կսովորեցնի ինչպես պատրաստել և տեղադրել արևային էներգիայով սնուցվող  սյունը։

6․ Աղբի տեսակավորում

Ծրագրային գաղափարի հեղինակները Սպիտակ քաղաքի Ս․ Ավետիսյանի անվան ավագ դպրոցի աշակերտներ են։ Ծրագրի նպատակն է նպաստել Սպիտակ քաղաքում աղբի տեսակավորման մշակույթի ձևավորմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրազեկել բնակչությանն աղբի տեսակավորման կարևորության մասին: Քաղաքի կենտրոնական մասերում կտեղադրվի 5 աղբաման՝ նախատեսված պլաստիկ շշերի և թղթե թափոնների համար, 16 աղբաման էլ կտեղադրվի տարբեր հաստատությունների ներսում: Աղբամանների տեղադրումից հետո քաղաքի կենտրոնում կունենանք փոքրիկ իրազեկող միջոցառում՝ կատարած աշխատանքի մասին: Տեսակավորված աղբը կտեղափոխվի համապատասխան վերամշակման:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031